artyom safaryan

Մեր ժամանակի հերոսները

Երբեմն շատ դժվար է գրել մի այնպիսի թեմայով, ինչպիսին մարդկային պրոֆեսիոնալիզմն է: Ես միշտ էլ կաղացել եմ նախաբաններից, սակայն այս թեման այնքան խորն է, որ ես ուղղակի չեմ կարող ինձ թույլ տալ մակերեսային նախաբաններ: Օրինակ՝ «Բարև ձեզ, ես երկար ժամանակ է՝ բացակայել եմ», կամ էլ՝ «Ահա իմ նյութը. այն այսինչ բանի մասին է»:

Ոչ, այս թեմայի լրջությունը և կարևորությունը ինձ թույլ չեն տալիս օգտվել նման մեթոդներից: Բայց ձեր մեջ ինձ թվում է հարց ծագեց, թե ինչ թեմայի մասին է գնում խոսքը: Իմ կողմից շատ սիրված և տաղանդավոր կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն, որն իմ սիրած շատ ֆիլմերի սաունդթրեքների հեղինակն է, ունի մի հոյակապ մեղեդի «Պրոֆեսսիոնալը» ֆիլմի համար: Ֆիլմ, որը պատմում է գործի հանդեպ պրոֆեսիոնալ վերաբերմունքի մասին: Հենց այդպիսի մարդկանց մասին է իմ այս նյութը, մարդիկ, որոնց համար Հիպոկրատի երդումը սովորական բառակույտ չէ, ոտանավորի նման արտաբերված, պարզապես դիպլոմ ստանալու համար, և որոնց համար մարդկային կյանքեր փրկելը հենց աշխատանք է: Մարդիկ, որոնց համար չկա «ոչ աշխատանքային պայմաններ» հասկացություն, և որոնք մարդկային կյանքերը փրկում են առանց որևէ լարվածության: Չէ որ մարտի դաշտում զինվորի համար կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուր սխալ դրած քայլ, իսկ նրանք՝ վտանգելով սեփական առողջությունը և կյանքը, ուղղում են այդ սխալները: Նրանց, առաջին հայացքից սառը հայացքներում այնքան մարդկային ջերմություն կա, որ անգամ մի ժպիտը կարող է կյանք վերադարձնել նույնիսկ այն զինվորին, ումից ճակատագիրը խլել է քայլելու կամ ինչ որ բան ձեռքին բռնելու բաղձալի հնարավորությունը: Այս մարդկանց աչքերը միշտ հեղեղված են բազմաթիվ հաղթանակների և անհաջողությունների արցունքներով: Նրանց հայացքը լի է քաջությամբ, բայց նաև խոնարհ համեստությամբ: Չէ որ նրանք աշխատում են անմարդկային պայմաններում, մարտի դաշտերում, որտեղ փամփուշտները երամի նման ճախրում են գլխիդ վրայով: Եվ նրանք աշխատում են այդ պայմաններում և լավ են աշխատում: Նրանց հպարտ ու հերոսական անձերը ողողված են բոլոր այն մարդկանց օրհնանքով, որոնց ճակատագիրը գուրգուրել և ընծայել է նվիրական հնարավորություն՝ տեսնելու ամուսնու, զավակի կամ եղբոր փրկությունը, թվում է, անելանելի իրավիճակներից: Այս մարդիկ միայնակ հովիվներ են, քանի որ ոչ ոք չգիտի նրանց անունները, բացի այն մարդկանցից, որոնց համար կյանք կոչվող թատրոնի երկրորդ մուտքը բժիշկների հմուտ ձեռքերով է բացվել:

Երբ խոսում են հերոսների մասին, ակամայից այս մարդկանց եմ հիշում, քանի որ բախտը ինձ նույնպես պարգևել է այդ մարդկանց հետ շփվելու պատիվը: Չէ որ հերոսները մեզ նման մարդիկ են, իսկ մարդ լինելու համար միայն խոսելը բավարար չէ: Այդ կոչումը պետք է վաստակել: Այս մարդիկ, անցնելով պատերազմի ողջ թոհուբոհով, տեսնելով մարդկային կյանքերի կորուստները, կարողացել են մարդ կոչման շքանշանը պահպանել, իսկ այդ շքանշանը ոչ մի փողով չես գնի:

Այս մարդիկ զինվորական բժիշկներն են, հերոսներ, որոնց սխրանքը կարիք չունի ամպագոռգոռ խոսքերի, մարդիկ, որոնց փոխարեն խոսում են հազարավոր հուսալքված մայրերի և զինվորների երջանկությունից թրջված աչքերը: Ահա թե ովքեր են մեր ժամանակի հերոսները: