artyom safaryan

Մեր ժամանակի հերոսները

Հաճախ փողոցով քայլելիս ճանապարհս հետաքրքիր դարձնելու համար փորձում եմ կռահել մարդկանց մտքերը, որոնց նկատում եմ ճանապարհին: Նայում եմ ու անընդհատ նկատում, որ մարդիկ դեմքի նույն տխուր ու մտախոհ արտահայտությամբ են քայլում, և դա հաստատ բարեկեցիկ կյանքից չէ, որ այդպես է:

Այս հոդվածս առավել պարզ եմ գրելու, քանի որ միտքը, որ պետք է առաջ քաշեմ, բոլորիս էլ պարզ է, բայց ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին:

Մարդկային դեմքի այդ տխուր այլայլումը պայմանավորված է սոցիալական վատ պայմաններով, որոնք կարծես անվերջ դարձել են մեր ճակատագրի մի մասը: Եվ ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից:

Տարբեր ժամանակներում մարդիկ ստեղծել են հերոսներ, որոնք երբեմն գերմարդկային ուժով, իսկ երբեմն մտքի անբնական զորությամբ կարողացել են լուծել այդ խնդիրները: Բայց նրանք դա արել են մարդկային երևակայության մեջ, իսկ մարդիկ ամեն անգամ ավելի ու ավելի են հավատացել իրենց երևակայությանը և ստեղծել են նոր հերոսներ, որոնք մեկ հպումով վերականգնում էին արդարությունը, վերացնում սովը և հիվանդությունները: Հին աշխարհում դրանք հեթանոսական աստվածներն էին, միջնադարում քաջ ասպետները, իսկ ներկայումս դրանք սուպերհերոսներն են, ինչպես Բեթմենը, Սուպերմենը և շատ ու շատ ուրիշ «տրիկոյակիրներ»: Ու ամեն անգամ մարդկությունը ոգեշնչվելով այս հորինված կերպարներով, մոռանում է, որ հենց իր մեջ կան իրական հերոսներ, որոնցով պետք է ոգեշնչվել և որոնցով պետք է հպարտանալ:

Հիվանդ ու միայնակ մայրը, որը աշխատում է երկու տեղ, որպեսզի կարողանա պահի իր երեխաներին, մի՞թե հերոս չէ: Բժիշկը, որը 12 ժամ առանց մի վայրկյան ընդմիջելու, վիրահատություն է կատարում, հերոս չէ՞: Լրագրողը, որը կյանքի գնով լուսաբանում է թեժ կետերը, բացահայտում սուտն ու կեղծիքը, մի՞թե հերոս չէ: Մարզիկը, որը մարզվելով հետնախորշերում, դառնում է աշխարհի չեմպիոն, մի՞թե նա հերոս չէ: Գրողը, որ իր ստեղծագործություններով մի ամբողջ սերունդ է դաստիարակում, հերոս չէ՞: Քահանան, որ Պատարագ է մատուցում անգամ լքված եկեղեցում, մխիթարության խոսք բերում սգավորին, հաճախ իր վիշտը անտեսելով, արդյո՞ք նա հերոս չէ: Մեծահարուստը, որն իր գումարն ուղղորդում է բարեգործության, մի՞թե հերոս չէ: Եվ վերջապես զինվորը, որն իր կյանքը վտանգելով, օր ու գիշեր հսկում է սահմանը, մի՞թե հերոս չէ: Իսկ մարդիկ ընկել են այդ «տրիկոյակիրների» հետևից, մոռանալով, որ հերոսները իրենց կողքին են, նույն քաղաքում, նույնիսկ նույն շենքում: Ահա մերօրյա հերոսները, որոնք հետ են մղել ամենադաժան «բռնցքամարտիկի»` կյանքի հարվածները: Նրանցով մենք պետք է հպարտանանք և ոգեշնչվենք: