Seroj araqelyan

Մեր ժամանակ ո՛չ «Վայբեր» կար, ո՛չ «Սքայփ»

Այսօր երևի մեր շրջապատի հետ շփումը իրականացվում է նաև համացանցով: Մի քանի հավելվածների ներբեռնումներով: Թվարկել երևի պետք չի, համարյա բոլորը գիտեն ծրագրերի անունները, բայց եկեք հետ գնանք, մոտավորապես հիսուն տարի: Երևի գաղափար անգամ չկար, թե «Android», «Windows» կամ «IOS» ծրագրերը որոնք են: Միակ ծրագիրն այն ժամանակ եղել է թուղթը ու գրիչը, որոնք հիմա էկրան ու ստեղնաշար են դարձել: Հա՛, իսկ նամակ ուղարկելու տարբերակը այդ թվականներին եղել է փոստի միջոցով: Սիրում եմ համեմատություններ անել տարբեր թեմաների շուրջ: Մի քանի օր է, ինչ գաղափար չկար, թե ինչ կարելի է համեմատել կամ համեմատությունների հիման վրա նյութ գրել:

Պարապմունքից եկա և բացեցի համակարգիչը, նամակներ կային, մի քանի հատը՝ չպատասխանած: Երբ պատասխանում էի, դե սովորություն ունեմ մեծ արագությամբ հավաքել նամակը, իսկ պատճառը 17.am-ին նյութ ուղարկելն է, ինչը քեզ ավելի է մտերմացնում անգամ համոզում, որ նույնիսկ փակ աչքերով կարող ես տառերը հավաքել: Հա՛, վայ՝ կիսատ թողեցի, երբ պատասխանում էի՝ մեկ էլ տեսնեմ՝ պապիկս զարմացած դեմքով նայում է ինձ ու հարցնում.

-Էդ ի՞նչ էս անում, ա՛յ բալա, կամաց, կջարդես։
-Պապի՛, շտապում եմ, դրա համար եմ արագ գրում։
-Էլի նյութ ե՞ս գրում։
-Չէ՛ պապի՝ նամակ եմ գրում։
-Էհ, հիմիկվա նամակ գրելուն կամ մեկին մի բան խաբար անելուն ի՞նչ կա՝ վայրկյանների հարց ա, մեր ժամանակ էր, որ ամիսներ էր քաշում:

Այս ամենը լսելուց հետո թողեցի նամակն ու սկսեցի պապիկին հարցուփորձ անել:

-Ըհնց՝ հենց էդ էլ ուզում էի իմանալ: Դե ասա տեսնեմ՝ ինչպե՞ս էր ամիսներ քաշում, հազիվ հարմար թեմա է ներկան ու հին ժամանակները համեմատելու համար:

-Տղա ջան, էն ժամանակ էդ գունավոր բաներից չկար՝ «Սկայպ-մսկայպ» չկար, թանաքն էր, թուղթը ու ծրարը: Նամակը թղթի վրա գրում էիր՝ նշում հասցեն, դնում ծրարի մեջ ու տանում գցում փոստարկղը։ Ու հատուկ էլ օր կար, ժողովրդի ասած՝ «Նամակ վաքելու օր»: Նամակը գնում էր, ու հեյ գիդի, թե պատասխանը, երբ կգար:
-Պապի՛, ինչի՞ համար էիք նամակ ուղարկում կամ, եթե գիտեիք, որ էդպես ուշ ա գալու կամ հնարավոր ա չգա:

-Բա հորեղբայրդ Վլադիվոստոկում ծառայում էր, բա առաց գրելու կլինե՞ր: Չնայած մինչև պատասխանը գալիս էր, արդեն զորացրվելու ժամանակն էլ էր գալիս:

էհ՝ ինչ դժվար ա եղել, հիմա եմ հասկանում, թե ինչի՞ են ասում, թե հիմիկվա երեխեքը զարգացած են: Հասարակ նամակը, եթե ամիսների ընթացքում էր տեղ հասնում, ապա ես երբեք չպետք է բողոքեմ իմ թույլ ինտերնետային կապից: