Tamara Arman

Մեր կյանքը

Երկար ժամանակ է, ինչ նյութ չեմ գրել: Երևի, ինչ ամուսնացել եմ, անընդհատ ցանկանում էի գրել, բայց մի քանի տող գրում էի ու կանգնում` վառելանյութը վերջացած ավտոմեքենայի նման: Այժմ ցանկանում եմ գրել մինչև վերջ:

Ինչպես ասացի, արդեն ամուսնացել եմ, ունեմ բալիկ, ապրում եմ ամուսնուս ծնողների հետ: Տանը, բացի մեզանից, ապրում են նաև ամուսնուս եղբոր ընտանիքը` կինը և երկու երեխաները: Մի խոսքով բազմանդամ ընտանիք ենք: Ես դեռ սովորում եմ համալսարանում, երրորդ կուրսում եմ, ու ասեմ նաև, որ ունեմ բարձր առաջադիմություն: Փորձում եմ ամեն կերպ կարգավորել առօրյաս, որ ո’չ բալիկս տուժի, ո’չ դասերս, ո’չ ընտանիքս, ո’չ էլ առօրյա գործերս:

Հա,  20 տարեկան աղջկա համար շատ բան եմ վերցրել ուսերիս, բայց կարևորը ցանկությունն է կատարելու և կամքը` չհանձնվելու:

Երեկ հյուրեր ունեինք արտերկրից` ամուսիններ էին: Առավոտյան ժամը11-ն էր, մեր ծաղկի ցելոֆանե «ծածկոցներ» բացելու ժամը: Ամեն երեկո ժամը 4-ին փակում ենք, որ ցուրտը չվնասի ծաղիկներին գիշերը, առավոտյան բացում, որ տաքանան ու աճեն: Հա, մեր հյուրերին շատ հետաքրքրեց այդ աշխատանքը:  Ես և սկեսուրս փոխեցինք մեր հագուստները, հագանք աշխատանքային արտահագուստ ու գնացինք ջերմոց: Մենք կատարում էինք մեր ամենօրյա աշխատանքը: Մեր հյուրերին այդ աշխատանքը շատ զարմանալի ու անսովոր էր թվում: Զարմանում էին նաև, որ երեք ընտանիք համատեղ ապրում ենք մի հարկի տակ, չէ որ այնտեղ`Ամերիկայում, 18 տարին լրանալուն պես առանձին են ապրում: Հետո զարմանում էին նաև, որ ամեն օր տքնաջան աշխատում ենք, որպեսզի կարողանանք ապրել: Նրանք ասում էին, որ իրենց երկրում մարդիկ իրենց հստակ աշխատելու և հանգստանալու ժամերն ու օրերը ունեն, իսկ այստեղ` գյուղում, պետք եղած ժամանակ կեսգիշերին էլ ենք աշխատում:  Օրինակ, երբ խաղող ենք մաքրում, որ դնենք սառնարանը ձմռանը վաճառելու նպատակով:

Վարուժանը` մեր հյուրը, ասաց. «Մեզ մոտ ուշ են ամուսնանում: Ճիշտ է, ամուսնանալուց հետո ձեզ պես տանջանք չեն տեսնում, բայց ցանկանում են կյանքը վայելել: Մի կյանք ենք ապրում»: Ու այդ պահին ես մտածեցի, մի՞թե մենք չենք ապրում: Սա էլ մեր կյանքն է, մեր աշխատանքը, մեր երկիրն ու հողը, մեր Հայաստանը, մեր գյուղը: