Մեր կողքին ապրող մարդիկ

Ես իմ կյանքում չունեմ այնպիսի մի անձնավորություն, որին կցանկանայի նմանվել, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական կյանքը, մտածողությունը, ոճը, արդուզարդը, քայլվածքը… Այն, ինչ գեղեցկացնում է ուրիշին, միգուցե ուրիշին տգեղացնի։ Փորձում եմ իմ հարազատներից վերցնել նրանց դրական հատկանիշները, որոնք ավելի հոգեհարազատ են ինձ։ Պապիկս, տատիկս և հորաքույրներս եղել են մանկավարժներ, ցանկանում եմ նրանց նման լինել խելացի և վաստակավոր։ Ցանկանում եմ հայրիկիս նման լինել կարգ ու կանոնով, կոկիկ, ազնիվ, ընկերասեր, խելացի։ Մայրիկս, մորաքույրս և տատիկս նույնպես մանկավարժներ են։ Ցանկանում եմ մայրիկիս նման լինել ճշտապահ, պարտաճանաչ, գեղեցիկ, կոկիկ, մորաքրոջս նման հեզ, մեղմ բնավորության  տեր անձնավորություն, տատիկիս նման լավ մարդ, խելացի և հարգված անձնավորություն։ Պապիկս շինարար է` ցանկանում եմ նրա նման լինել կառուցող, որպեսզի կարողանամ այս բարդ կյանքում ինձ համար կառուցեմ նորանոր բարձունքներ։ Ճիշտ է, իմ հարազատներն էլ ունեն թերություններ, բայց ես նրանցից ընկալում եմ միայն լավը։          

Սիրուշ Մկրտչյան

 

Միակ մարդը, ում կուզենայի նմանվել, իմ հայրիկն է: Ես նրան աշխարհում ամենաշատն եմ սիրում, նա իմ իդելան է: Նա իսկական տղամարդ է: Հայրս նկարիչ-քանդակագործ է, բայց ես նրան հոգեբան եմ ասում:  Մայրիկիս հետ չեմ կարողանում կիսվել, բայց հայրիկիս հետ կարողանում եմ, նա շատ ճիշտ խորհուրդներ է տալիս: Հայրիկս բարի մարդ է: Ընդհանրապես չի բորբոքվում և չի ջղայնանում իմ ամեն մի սխալի վրա, այլ բացատրում է այնպես, որ այդ սխալը  երկրորդ անգամ չեմ անում: Սիրում եմ, որ նա նյութականի վրա ուշադրություն չի դարձնում, փող չի սիրում, հիմա կասեք, թե կա՞ արդյոք այդպիսի մարդ, որ փող չի սիրում, ասեմ, որ կա:

Նա շատ-շատ աշխատասեր և ընտանիքին նվիրված է: Ինձ վրա միշտ բարկանում է, թե ինչու եմ այդքան ծույլ, որ իմ ծուլության պատճառով արդյունքների չեմ հասնի: Ես շատ եմ ուզում նմանվել հայրիկիս, որպեսզի նյութապաշտ չլինեմ, ամեն մի հարցի ուրիշ տեսանկյունից նայեմ: Նա շատ դրական կողմեր ունի, հենց այդ պատճառով էլ ուզում եմ նմանվել նրան:

Նատալի Թիզյան

 

Մայրիկիս անունը Աննա է։ Ես շատ եմ ուզում նմանվել նրան, քանի որ նա շատ խելացի է, համբերատար, աշխատասեր, նվիրված, և լավատես: Քանի որ ես շատ անհամբեր եմ, ինձ հատկապես դուր է գալիս նրա համբերությունը։ Նա երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում, որպես դաստիարակչուհի և դաշնակարուհի։ Նա բոլոր երեխաներին շատ լավ է վերաբերվել և ոչ մի խտրականություն չի դրել նրանց մեջ։ Այդ պատճառով բոլոր երեխաները նրա հետ շատ էին կապված և շատ էին սիրում։ Հիմա մեր մանկապարատեզը փակվել է, և երբ երեխաները նրան տեսնում են փողոցում, մոտենում են, զրուցում, ասում են, որ շատ են կարոտել։ Եվ ես տեսնում եմ, որ բոլորը նրան հարգում ու սիրում են, դրա համար էլ ուզում եմ նրան նմանվել։

Տաթև Թորոսյան

 

Բոլորն էլ ունեն  իրենց իդեալները: Ոմանց համար  իդեալ են հայտնի աստղերը, ոմանց համար`  սովորական  մարդիկ:  Կան  մարդիկ,  ում իդեալները իրական կյանքում  չկան, հորինված կերպարներ   են,  ում իրենք ողջ  կյանքում  փնտրում են: Ամեն մարդ  ինքն  իր  նման  է,  բայց   իմ կածիքով,  բոլորն էլ   իրենց  սրտի  խորքում    ինչ-որ մեկին  ուզում  են նմանվել: Ես ուզում  եմ նմանվել  մայրիկիս,  ոչ  թե նրա համար, որ նա  իմ  մայրն  է, այլ  նրա  համար, որ հավանում  եմ նրան  որպես մարդ: Ինձ  դուր  է   գալիս  մայրիկիս մեղմությունը, նա  երբեք  ձայնը   չի  բարձրացնում,  բայց  ոչ ես, ոչ  քույրս  նրան չենք  առարկում, մի  հայացք  բավական  է, որ մենք   հասկանանք: Նա աշխատասեր  է,  այսօրվա   գործը  վաղվան չի  թողնում: Ես ուզում եմ  նմանվել նրան:

Տաթևիկ Խաչատրյան

 

Ես միշտ ցանկացել եմ նմանվել իմ մայրիկին։ Իմ մայրիկը հետ չի կանգնում իր նպատակներից և, եթե սկսում է որևէ գործ, ապա այն հասցնում է ավարտին։ Չնայած, որ ասում են` մայրիկիս շատ եմ նման արտաքինով, այնուամենայնիվ, ուզում եմ, որ բնավորությամբ էլ մայրիկիս նմանվեմ։ Ի տարբերություն իմ մայրիկի՝ ես սկսածս գործը ավարտին չեմ հասցնում, շուտ եմ հոգնում և հիասթափվում։ Օրինակ` ասեղնագործել շատ եմ սիրում, բայց կեսից հոգնել եմ և չեմ շարունակել։

Սվետա Սարգսյան

 

Ես կուզենայի նմանվել եղբորս։ Նա շատ հավասարակշռված, հանգիստ, սառը դատող և արկածներ սիրող մարդ է։ Ես գտնում եմ, որ դրանք այն հատկանիշներն են, որոնք ես կուզենայի և փորձում եմ տեսնել իմ մեջ։ Իհարկե, շատ դժվար է, քանի որ ինչ-որ տեղ հակառակ հատկանիշներն ունեմ։ Շատ դժվար է, բայց ես չեմ հուսահատվում` շարունակում եմ աշխատել ինձ վրա։

Վահագ Մարտիրոսյան

 

Ես ինքս իդեալ չունեմ, բայց իմ հարազատներից և շրջապատող մարդկանցից սովորել եմ և աշխատում եմ սովորել լավ հատկանիշները։ Մայրիկիցս սովորել եմ լավ վերաբերվել մարդկանց, և փորձում եմ նմանվել մայրիկիս, որովհետև նա ինձ համար գրեթե իդեալական է։ Տատիկիցս սովորել եմ համեղ ուտեստներ պատրաստել։ Իսկ եղբորիցս սովորել եմ համառություն։ Բայց ամեն ինչից շատ փորձում եմ ինքս իմ տեսակի մեջ լինել միակը։

Սերինե Հարությունյան

 

Իմ շրջապատում չկա այնպիսի մեկը, որին կցանկանայի նմանվել։ Բայց, երբ տեսնում եմ մարդկանց բարի արարքները, ապա հետևում եմ դրանց։ Չնայած շատ կուզենայի, որ լիներ այնպիսի մեկը, ով ինձ օրինակ կծառայեր ամեն հարցում։ Որքան կարողանում եմ, այնքան լավ հատկանիշներս եմ դրսևորում։ Ես չար բաներ էլ եմ անում, բայց միշտ Աստծուց ներողություն եմ խնդրում, որովհետև ի վերջո բոլորս պատասխանատու ենք Աստծու առաջ։ Բոլորին ցանկանում եմ, որ իրենք ընտրեն ճիշտ ուղի, և օրինակ դառնան մյուսներին։

Սյուզաննա Խառատյան