Մեր հերոս համագյուղացին

Մի քանի օր առաջ Կեչուտ գյուղի թիվ 3 դպրոցի մանկավարժական խորհրդի ժամանակ ուսուցիչներից մեկն առաջարկեց, որ դպրոցի Նախնական Ռազմական Պատրաստության դասասենյակը անվանակոչվի մեր դպրոցի շրջանավարտ հերոսներից մեկի անունով: Արդեն ժողովի վերջում պարզ էր, թէ ում անունով պետք է անվանակոչվեր: 

Դասասենյակն անվանակոչվելու էր Ապրիլյան պատերազմի մասնակից և հերոս Կարեն Արտուշի Աղաբեկյանի անունով:

Կարենը եղել է բուժկետի մեքենայի վարորդ: Քանի-քանի վիրավորներ է տեղափոխել նա, շատ անգամներ իր կյանքը վտանգելով: Ցավոք, ապրիլյան դաժան օրերին զոհվեց նաև Կարենը:

Կարենը դպրոցում լավ էր սովորում, ուներ մաթեմատիկական փայլուն ունակություններ: Հարազատ հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Ջերմուկի ավագ դպրոց: Կարենը երբեք չէր մոռանում իր նախկին դպրոցը, միշտ այցելում էր, հանդիպում ուսուցիչներին:

Լուսանկարը` Հայկ Կիսեբլյանի

Լուսանկարը` Հայկ Կիսեբլյանի

Դպրոցում որոշեցինք անվանակոչության առթիվ հրավիրել Կարենի ծնողներին, հյուրերի: Հերոսի պատվին կազակերպվեց միջոցառում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Վայոց ձորի մարզպետարանից, զինկոմիսարիատից, Ջերմուկի քաղաքապետարանից, Կեչուտի գյուղապետարանից:

Միջոցառման ավարտին պատվոգիր տվեցին հերոս Կարենի ծնողներին` քաջ և արի որդի դաստիարակելու համար: Պատվոգրեր ստացան նաև դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը` «Մատաղ սերնդի կրթության եվ դաստիարակության գործում նշանակալի ավանդ ներդնելու համար», ռազմագիտության ուսուցիչ Էդվարդ Արսենյանը` «դպրոցում ռազմական դաստիարակությունը բարձր պահելու համար»:

Մենք էլ` աշակերտներս, խոստացանք միշտ վառ պահել հերոսի հիշատակը: Իսկ արդեն միջոցառման ավարտին դպրոցի անձնակազմը, աշակերտները, հյուրերը այցելեցին հերոսի գերեզմանին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու: