Մեր հոգիներում

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Յուրաքանչյուր արվեստ ունի իր լեզուն: Սակայն այդ լեզուն ամեն ոք հասկանում է յուրովի: Լսելով երաժշտություն դու կարող ես դառնալ այդ մեղեդու մի հնչյունը և ինքդ ես ընտրում, թե որ մեկն ես այդ բազում հիասքանչ հնչյուններից: Եթե հոգիդ, մարմինդ միասին են երգում, ուրեմն դա քո մեղեդին է: Ինքդ էլ չես կարողանում հասկանալ, թե ինչպես է ուղեղը պահի տակ դադարում աշխատել, և մարմինը ակամայից սկսում է շարժվել, ու ամեն մի շարժման հետ սկսում ես վայելել ամեն մի հնչյուն, ամեն մի նոտա: Կան մեղեդիներ, որոնք լսելիս ուզում ես ուղղակի քարանալ և մտքով թռչել հեռու հեռուներ: 

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Ամեն մի արվեստ ունի որոշակի պահանջներ: Այդ է պատճառը, որ ամեն պար չի համարվում արվեստի գործ: Յուրաքանչյուր ոճ ունի իր որոշակի շարժումները և կանոնները: Մենք կարող ենք միայն տալ այդ շարժումներին տարբեր հերթականություն, կարող ենք դրանք կատարելագործել և պարտավոր ենք դրանք լավ կատարել, ու միայն այդ դեպքում այն կարելի է կոչել արվեստ: Յուրաքնչյուր արվեստ յուրովի է ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա: Դիտելով ֆիլմեր, ներկայացումներ մենք ծիծաղում ենք, լացում, հաճախ վախենում ենք, լինում է նաև այնպես, որ անտարբեր դիտում ենք: Լավ ստեղծագործությունը ստիպում է զգալ այն ամենը, ինչ կատարվում է հերոսների հետ: Այն պահերին, երբ մեր սիրելի հերոսի հետ կատարվում է դժբախտություն, մենք նրա հետ լալիս ենք, երջանկության պահերին նրա հետ ժպտում: Երբ մեր հերոսը չի հասկանում, թե ով է նրա հետ անկեղծ, ով՝ ոչ, երբ նա սխալ որոշումներ է կայացնում, ոչինչ չի տեսնում, կուրորեն հավատում է ամենքին, մենք ցավ ենք ապրում, ուզում ենք օգնել: Բայց չէ որ սա ուղղակի ստեղծագործություն է, և այն անկախ մեր ցանկություններից կունենա իր դեպքերի զարգացման ուղին, կունենա իր ավարտը: Այն բոլոր արվեստները, որոնց հիմքը հենց մենք ենք, մեր առօրյան, միշտ մնում են մեր հոգիներում: Այն գրքերը, որտեղ պատկերված է մեր կյանքը, մեր երազանքները, մենք միշտ հիշում ենք: Ամեն մի բառ մտքում պատկերում ենք, և այդ պատկերները իրար միացնելիս ստանում ենք մի ամբողջ կյանք: Մենք այդ կյանքը ապրում ենք, դառնում ենք գլխավոր հերոսներ, իսկ մնացած դերերը բաժանում մեր հարազատների, ընկերների միջև: Մեր հերոսներին շրջապատող ամեն ինչը դառնում է հարազատ, և  գիրքը ավարտելիս մենք տխրում ենք: Դժվար է հրաժարվել այն կյանքից, որ քիչ առաջ քոնն էր:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Ամեն արվեստ ունի իր հոգին: Եվ երբ այդ հոգիները միաձուլվում են, սկսում են կերտել մեկ այլ, ընդհանուր հոգի, այն թաքցնելով մեզնից յուրաքանչյուրի մեջ բաժին առ բաժին: