Մեր ձմեռը աշնան կեսին

Նորից ձմեռ, ձյուն ու բուք, որքան էլ զարմանալի է, մեզ մոտ` Ծովազարդում, ձմեռ է, ձյուն…

Այնքան հաճելի է նայել դուրս ու տեսնել, որ ամեն բան ներկված է սպիտակով։

Գիտե՞ք` անցյալ տարի նմանատիպ մի հոդված էի գրել: Մինչև հիմա աչքերիս առաջ է, թե ինչպես էի ջղայնացած գրում «Ծովազարդի երկար ձմեռը» հոդվածը, ասես երեկ լիներ, և այսօր նույն թեմայով եմ գրում, սակայն այլ զգացմունքներով։

Սիրում եմ ձմեռը, այն անակնկալների ու հրաշքների աշխարհ է, և այդ աշխարհում կա միայն սպիտակ գույն, սակայն ամեն ինչը այնքան հետաքրքիր է, այնքան գունավոր է թվում։

Անհամբեր սպասում եմ, թե երբ կբերենք եղևնին ու ընտանիքով կզարդարենք։ Անցյալ տարվանից հետո միայն մի բան չի փոխվել` ես էլի չեմ կարողանում աստղը դնել տոնածառի գագաթին։

Տարօրինակ է, չէ՞, որ դեռ նոյեմբերն էլ չի եկել, սակայն ես գրում եմ այս թեմայով: Ում համար դաժան, ում համար էլ շատ հաճելի` մեր ձմեռը սկսվեց։

Ձմռան հենց առաջին օրով արդեն հասցրել եմ ձնագնդի «ուտել»` ուղիղ իմաստով։

Կյանքում ամեն ինչ չէ, որ մեր սրտով է, բայց մենք պետք է համակերպվենք, ինչպես համակերպվեցինք ձմռանը, որը եկավ աշնան կեսին, անկոչ, բայց սիրելի հյուրի պես: Այդպիսի հյուրերը մեր շրջապատում այնքան էլ քիչ չեն։