Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Մեր մանկությունից

Ես Մոսկվայում եմ ծնվել, մի շատ ցուրտ ձմռան ամենաերկար գիշերվա օրը։ Ես, իհարկե, ոչինչ չեմ հիշում, բայց հորաքույրս պատմում է, թե ինչպես էր քույրս սառույցների վրա թռվռալով գնում հիվանդանոց, որ ինձ տեսնի։ Ասում են՝ երբեք այդպես չէր շողացել։ Քույրս էլ 4,5 տարեկան էր այդ ժամանակ, բայց անհամբեր սպասում էր իմ ծնվելուն։ Հետո պատմում են, որ շատ ուրախացել էր, որ աղջիկ եմ, ոչ թե տղա։ Մեր տանն էլ, որ ինչ-որ բարեկամներից լսել է, թե ափսոս, որ տղա չեմ, սկսել է տղաներին զզվանքով նայել։ Մի ուրիշ բարեկամի տղա երեխայի էլ, որ դարակներն է քանդել, շորից բռնել է ու ասել. «Սրանի՞ց էիք ուզում»։

Բայց ես դրա մասին չէի ուզում պատմել, ու ոչ էլ ինչ-որ զվարճալի պատմության։ Ես զվարճալի պատմություններ չունեմ էլ, որովհետև ամենաանհամ ու անհետաքրքիր երեխան եմ եղել, որին դուք կարող եք պատկերացնել։ Դե, եթե իհարկե, քույրս չպատմի։ Իրեն որ լսեք՝ հրաշք եմ եղել։

Ուզում եմ պատմել մի նկարի մասին, որը արվել է ինձ հիվանդանոցից տուն բերելուց հետո։ Մահճակալի վրա քույրս է՝ թուշիկներով սիրուն երեխա, երջանիկ հայացքով նայում է իր կողքին ինչ-որ հետքի։ Այդ ինչ-որ հետքը ես եմ։ Սև, ուռած դեմքով, գլուխս 90 աստիճան թեքած, որ կարծես վրայիցս պոկած՝ կողքի դրած լինի, ձեռքերը վերև ինչ-որ արարած է։ Ու Հասմիկը էնպես է նայում էդ հետքին, կասես մի հրաշք է տեսել։ Հիմա ինչքան էլ փնտրեմ այդ նկարը, չեմ գտնի, երևի գյուղում է մնացել, բայց հիշողությանս մեջ շատ վառ է։ Առաջին անգամ շատ էի ծիծաղել դա տեսնելիս։ Քույրս էլ միշտ շուրջս է պտտվել, ասում են՝ նույնիսկ ինքն է ինձ քնացրել միշտ։ Առաջին անգամ էլ, որ գրկել է, ուղիղ գլխիս վրա գցել է ներքև։ Ասում են՝ դրա համար եմ մի քիչ խփնված, դրա համար էլ եմ Հասմիկին շնորհակալ։ Կատակ են անում։ Դե, երևի։

Ուզում եմ, որ բոլոր երեխաները լինեն իրենց ընտանիքներում կամ գոնե քույր-եղբայրների համար այնքան սպասված ու սիրելի, ինչքան ես էի Հասմիկի համար։

Թող բոլոր երեխաները ունենան իրենց կյանքում մեկին, ով կնայի իրենց այնպես, ինչպես 4,5 տարեկան Հասմիկը իր կողքի անճոռնի գորշ հետքին։

Մարիամ Նալբանդյան

***

Մերոնց պատմություններն իմ մասին միշտ աչքի են ընկել ինչ-որ հրաշալի հնչեղությամբ։ Ես մի «հերոս» էի` որից սարսափում էին բոլորը։ Ոչ, ես ամենևին էլ հրեշ չէի, ուղղակի սիրում էի ամեն բան ջարդուփշուր անել` տեսնելու համար, թե ինչ կա ներսում։

Մերոնք պատմում էին, որ մի անգամ չեչաքարով խազել եմ մորեղբորս նոր գնած մեքենան, որ տեսնեմ, թե ինչ գույն կա մոխրագույն ներկի տակ։

Մի անգամ էլ ծնունդիս օրը նվիրած խաղալիք մեքենան էի կոտրել, որ հասկանամ, թե ինչպես է շարժվում, ու թե ինչ փոքրիկ կանաչ բան կա դրա ներսում։

Ես քիչ բան եմ հիշում իմ մանկությունից, ինչն էլ հիշում եմ` մերոնց պատմածի մտավոր վերապատկերումն է։ Բարեկամներս պատմում են, որ մի անգամ, երբ շատ էին բարկացել ինձ վրա, կորել էի։ Այդ օրն էլ սաստիկ քամի ու անձրև էր եղել, ու բոլորը դուրս էին եկել ինձ փնտրելու։ Իսկ ես գիտե՞ք, թե որտեղ էի… Ես խնձոր էի ուտում գազի բալոնի հետևում նստած։

Այ, այդպիսի «հերոսական սխրանքներ եմ գործել»։

Սարգիս Մելքոնյան