xmbakayin

Մեր նոր թղթակիցները

Հունիսի 25-28-ը «Մանանա» կենտրոնում անց էին կացվում Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի 17.am կայքի նոր թղթակիցների նախապատրաստման դասընթացները: Մասնակիցները տարբեր մարզերից էինՍյունիքից, Երևանից, Շիրակից, Լոռուց, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից,Կոտայքից, Տավուշից և այլն:

Susanna Grigoryan

-Ես Սուսաննան եմ, տասնութ տարեկան եմ, Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղից, հիմա սովորում եմ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի արդեն երկրորդ կուրսում։

-Ի՞նչն է քեզ դրդել մասնակցելու 17.am-ի կազմակերպած դասընթացին։

-17.am կայքին հետևում եմ վաղուց, միշտ նյութերը կարդացել եմ, և ինձ միշտ հետաքրքրել են մասնակիցները և նրանց ներկայացրած թեմաները։ Միշտ ցանկացել եմ, որ մի օր ես էլ մի բան գրեմ, և իմ նյութն էլ հրապարակեն։ Այդ պատճառով, երբ տեսա դասընթացի հայտարարությունը, որոշեցի, որ դա շատ լավ առիթ է թղթակից դառնալու համար։

-Մասնագիտությամբ իրավաբան ես, բայց քեզ հետաքրքրում է նաև լրագրությո՞ւնը։

-Հաճախ ասում են, որ իրավաբանները ու լրագրողները գտնվում են բարիկադի հակառակ կողմերում, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում իրավաբանները և լրագրողները պետք է ընդհանուր ունակություններ ունենան միմյանց հետ շփվելու համար։ Լրագրությամբ շատ եմ հետաքրքրվում, նույնիսկ մտադրություն ունեմ որպես երկրորդ մասնագիտություն լրագրությունն ընտրելու։

-Այս դասընթացի ընթացքում դու ուսումնասիրում ես ֆոտոլրագրություն, կինոյի և լրագրության դասընթացների ես մասնակցում։ Այս երեք ուղղություններից ո՞րն ես նախնտրում դու։

-Առավել նախընտրում եմ լրագրությունը, սակայն լիարժեք լրագրող դառնալու համար ամեն դեպքում պետք է որոշակի գիտելիք ունենալ, ինչպես և բոլոր ոլորտներում։

-Դառնալով 17.am-ի թղթակից՝ որոշե՞լ ես, թե ինչ թեմաներով ես գրելու։

-Անկեղծ ասած՝ դեռևս չեմ որոշել, թե ինչի մասին կցանկանայի գրել, բայց կպատմեմ մեզ շրջապատող հետաքրքիր մարդկանց մասին, նրանց խնդիրների ու կենցաղի մասին։

-Այս դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները արդյոք բավարարում են քեզ։

-Կարծում եմ՝ դասընթացները տալիս են բոլոր բազային գիտելիքները՝ 17.am-ի թղթակից դառնալու համար, իհարկե, մենք բոլորս պետք է փորձենք հնարավորինս կատարելագործել դրանք։

Արմեն Հարությունյան

***

meri avetisyan

-Ես Մերի Ավետիսյանն եմ, Սևան քաղաքից։ Կայքի մասին իմացա, երբ մեր դպրոցում «Մանանա» կենտրոնը դասընթացներ կազմակերպեց: Ճիշտ է, հաճախ չէի հասցնում հոդվածներս ուղարկել, բայց երբ իմացա կազմակերպվող մրցույթի մասին, չուզեցի բաց թողնել ընձեռնված հնարավորությունը:

-Դասընթացներից ի՞նչ ակնկալիքներ ունես

-Ցանկություն ունեմ ձեռք բերել մասնագիտական հմտություններ և նոր ընկերներ:

-Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, և արդյոք այստեղ ձեռք բերած գիտելիքներդ քեզ պետք կգան մասնագիտական բնագավառում։

-Ընտրել եմ սցենարիստի մասնագիտությունը: Կարծում եմ՝ այո, որովհետև սցենարիստը աշխատում է մարդու տեսակի, հոգեկերտվածքի հետ: Կառուցում է նրա ներաշխարհը:

-Քեզ ի՞նչ հարցեր են հուզում, որոնց մասին կցանկանաս բարձրաձայնել այս հարթակում

-Ուզում եմ ներկայացնել իմ համայնքում առկա խնդիրները, բայց միևնույն ժամանակ մարդկանց, ովքեր իրենց տաղանդով առանձնանում են և ստեղծում են քաղաքի յուրահատուկ կոլորիտը:

-Մոտիվացվա՞ծ ես այդ թեմաների մասին գրելու, դրանք հետազոտելու

-Այո՛, իհարկե, հետաքրքիր և վիճահարույց թեմաներ են, որոնք պետք է լուսաբանվեն:

-Ի՞նչ տպավորություն ունես դասընթացներից

-Շատ հետաքրքիր է անցնում ժամանակը, և ավելանում են գիտելիքներս ոլորտի վերաբերյալ: Հուսով եմ, որ այս ամենը կկրի շարունակական բնույթ և պատանի թղթակիցներին կայանալու հնարավորություն կտա:

Հայկանուշ Հովսեփյան

***

armen harutyunyan

Արմեն Հարությունյանը 21 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Նա «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացների մասնակիցներից է

-Բարև: Անկեղծ ասած՝ 17.am-ին նոր եմ սկսել հետևել, իսկ դասընթացների մասին իմացել եմ Facebook-ից: Որոշեցի մասնակցել, քանի որ ցանկանում էի մասնագիտանալ ինձ հետաքրքիր ոլորտներում, բացի դրանից՝ մեզ հնարավորություն է տրվում ընկերներ ձեռք բերել Հայաստանի բոլոր մարզերից:

-Դասընթացի ընթացքում դու ուսումնասիրում ես ինչպես լրագրություն, այնպես էլ ֆոտոլրագրություն և ֆիլմ ստեղծելու հիմունքներ: Նշված ուղղություններից քեզ համար ո՞րն է առավել հետաքրքիր:

-Ինձ ավելի հետաքրքրում են լուսանկարչությունն ու ֆիլմարտադրությունը: Տվյալ ոլորտներով հետաքրքրվել եմ դեռևս փոքր տարիքից: 10 տարեկանից սկսած՝ ինքնուրույն ֆոտոներ էի անում, սցենար գրում, նունիսկ փոքրիկ հոլովակներ եմ նկարել:

-Իսկ արդեն մտածե՞լ ես, թե 17.am-ի թղթակից դառնալուց հետո ինչի մասին կցանկանայիր խոսել:

-Իհարկե, մտածել եմ: Ինձ առավել հոգեհարազատ է մարդկանց առօրյան լուսաբանելը: Ի՞նչ են մարդիկ մտածում, ի՞նչ են ցանկանում, ի՞նչն է նրանց հուզում: Նաև վստահ եմ, որ կան շատ մարդիկ, ովքեր ունեն թաքնված տաղանդներ, սակայն ճանաչված չեն: Կարծում եմ, որ կարող եմ նրանց օգնել ճանաչում ձեռք բերելու գործում:

-Ինձ հայտնի է, որ ցանկանում ես կրթությունդ շարունակել ռեժիսորի մասնագիտությամբ: Դասընթացից ստացած գիտելիքները օգտակար կլինե՞ն այդ ոլորտում:

-Իհարկե, շատ օգտակար կլինեն: Մենք ձեռք ենք բերում բազմաթիվ պրակտիկ գիտելիքներ, որոնք օգտակար են բոլոր ոլորտներում, այդ թվում նաև իմ ընտրած մասնագիտության մեջ: Իսկ այն բոլոր երիտասարդներին, ովքեր ունեն տաղանդ, սակայն չունեն համարձակություն կամ հնարավորություն այն արտահայտելու համար, խորհուրդ կտայի դիմել 17.am-ին՝ որպես ինքնաարտահայտման հիանալի հարթակի:

Սուսաննա Գրիգորյան 

***

anna vardanyan

Իմ այսօրվա զրուցակիցը 17-ի նոր թղթակիցներից Աննան է՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղից։ Նա դեռ 14 տարեկանում սկսել է իր համայնքում հիմնախնդիրներ ու դրանց տրվող հավանական լուծումներ գտնել:

Աննայի խոսքով՝ 17-ն էլ հասարակական կյանքին ինտեգրվելու մի միջոց է, բայց թղթակցելու որոշումը այլ դրդապատճառ է ունեցել։

-Լրագրությունն իմ ամեն ինչն է, ես շուրջս կատարվող ամեն իրադարձության փորձում եմ նայել լրագրողի աչքերով, պատկերացնել՝ ինչպես կլուսաբանեի, կմեկնաբանեի: Ուստի որոշեցի, որ 17-ը, լրագրողական կայք լինելով, ինձ մի քանի քայլ ավելի կմոտեցնի իմ երազանքին,- պատմում է Աննան:

-Կա՞ն կոնկրետ ոլորտներ կամ ժանրեր, որոնցում քեզ պատկերացնում կամ չես պատկերացնում լրագրությամբ զբաղվելիս:

-Սպորտային լրագրող չեմ դառնա, դա հաստատ է, սպորտից շատ հեռու եմ: Ինչ-որ կոնկրետ ժանր էլ չեմ կարողանա դեռ առանձնացնել:

-Աննա, ի՞նչ ես կարծում, ընտրածդ մասնագիտությունը ինչո՞վ կնպաստի համայնքիդ զարգացմանը, երբևէ մտածե՞լ ես այդ ուղղությամբ:

-Իմ համայնքն ինձ համար շատ կարևոր է, ու ես անընդհատ փորձում եմ ինչ-որ խնդիրներ հայտնաբերել ու դրանց համապատասխան լուծումներ գտնել: Օրինակ՝ վերջերս Արտենիում բացեցինք համայնքային կենտրոն, որը յուրահատուկ է իր տեսակով: Ֆինանսական որոշակի միջոցներ հայթայթելուց հետո մի գեղեցիկ ավտոբուս դարձավ մեր հավաքվելու հիմնական տեղերից մեկը: Հենց էնտեղ էլ մոտ ապագայում մի ծրագիր եմ պատրաստվում իրականացնել: Նկատել եմ, որ գյուղում մասնագիտական կողմնորոշման խնդիր կա, շատերը ծանոթ են սահմանափակ թվով մասնագիտությունների ու չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել, հետո փոշմանում են, բայց արդեն ուշ է լինում: Ահա դրա համար էլ որոշել եմ մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացնել: Կխոսեմ այս ու այն մասնագիտությունների մասին, կպատմեմ, կներկայացնեմ, թող իմանան, ճանաչեն ու ընտրության հնարավորություն ունենան:

-Դպրոցի, դասերի մասին ի՞նչ կասես, սիրելի առարկաներ ունե՞ս:

-Դպրոցում գերազանցիկ եմ: Գրականությունն ու ռուսաց լեզուն եմ շատ սիրում: Հետագայում էլ մտածում եմ, որ ընտրածս մասնագիտության մեջ պետք կգան:

-Իսկ ի՞նչ ես կարծում, եթե ապագայում հնարավորություն ունենաս Հայաստանից դուրս կրթություն ստանալու, հետ վերադառնալու ցանկություն կլինի՞:

-Համայնքս, երկիրս շատ եմ սիրում, բայց կուզեի բացահայտել նոր երկրներ, նոր քաղաքներ, ուստի չեմ շտապում որոշել՝ որտեղ և ինչ պայմաններում կցանկանայի շարունակել ուսումս: Համենայնդեպս, Արտենին չեմ մոռանա երբեք, դա միանշանակ է:

Անահիտ Բադալյան