9 - Copy

Մեր պապերուն՝ որ հողէն զայն քար առ ար հանեցինք

…Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին
Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ

Հիշում եմ, թե դպրոցական տարիքում արևմտահայերեն տեքստերից որքան էի բողոքում, Վ. Թեքեյանի այս բանաստեղծությունն էլ դրանց շարքում էր: Տարիներ առաջ այս տողերը տառ առ տառ կպցնելով, լացելով ու դժգոհելով անգիր էինք ասում կամ երգում: Դժվարությամբ սովորած ամեն բան նույնքան դժվարութամբ էլ մոռացվում է, կամ չի մոռացվում: Եվ ահա տարիներ շարունակ այդպես էլ չմոռացվող այս բառերը մրմնջալով հասնում ես մի օրվա, որտեղ ինքդ ես դառնում բառերի իմաստակիրը կամ իրագործողը:

Ամեն անգամ, որևէ խոնարհված կամ աշխարհից կտրված եկեղեցում հայտնվելիս, համոզված եմ՝ քո բերանում էլ երգվում են այս տողերը, այդպես երգելով էլ ես և ավագ քույրս՝ Մարիամը, հերթական եկեղեցի այցի ժամանակ առաջին պատահած երկաթի կտորով սկսեցինq քաղել Եղիպատորուշի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի եղինջները:

Մեկ-երկու՝ «ախ ծակեց», «ույ, մամա ջան, ինչ շատ են»-ից հետո վարժվեցինք ու ուխտեցինք մաքրել՝ ինչ գնով էլ լինի: Դե արդեն պարզ է, որ մենք եկեղեցու բակում մենակ չենք:

-Դուք էնա մեր մարդ մրողները (լրագրողները) չե՞ք:

-Ենք, բայց չենք:

-Համալսարան ավարտ եկե խոտա կփիտեք: Ես անեի մի բան էր:

-Աստծո առաջ, տատի, համալսարան բան չկա, բոլորս ենք հավասար:

Դե հա, տատիկին համոզել չեղավ, որ վարձու բանվորներ չենք, մինչև որ իրենց հարևանի թոռնիկները անվարձ միացան մեզ:

Երեք ժամում մենք ազատել էինք 7 գերեզման մոլախոտերից, հողից ու մամուռից: Գուցե չհավատաք, բայց այսպիսի պահերին մարդ մի տեսակ Տորք Անգեղ է դառնում ու, երբ միայնակ քո քաշից երկու անգամ ավելի քար ես շարժում, մի տեսակ սկսում ես ոչ միայն հավատալ ավանդազրույցներին, այլ կարծել, որ Տորք Անգեղի փոխարեն գուցե դու էլ լինեիր…

Հավատը, սիրելի՛ս, լեռ է շարժում:

Տորք Անգեղը՝ Տորք Անգեղ, բայց մարդը ամեն դեպքում միշտ էլ կարիք ունի մարդու… Հաջորդ օրը առավոտյան, ֆեյսբուքյան իմ էջի օգնության կանչին արձագանքել էին ոչ միայն գուղի տղաները, այլև Երևանի տարբեր վարչական շրջանի բնակիչներ:

Այ երկրոդ օրը մեր մշտական այցելու տատիկը հավատաց, որ վարձք համենայնդեպս երկրի վրա չունենք:

-Աստված օրհնա՜ ձեզի, ճժեր ջան, էտա Հերվնցիքին էլ օրհնա, չըհիմնաք հա մենակ ձեզ:

Օրհնեց, մատնանշեց, որ մաքուր չենք ավլել, դե ավանդական օրհնությունը աղջիկներից անպակաս:

-Տանողներիդ տունը մնաք հա…

Տատիկի ասած Հերվնցիքին ճանապարհելուց հետո, հաջորդ օրը մեզ միացան Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները:

«Գեղ կանգնի գերան կկոտրի» իսկը մեզ համար էր ասված: Իսկ ես արդեն Մուրադի դեմքով («Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի) նայում եմ բոլոր նվիրյալներին ու արդեն անցյալում մնացած (երկու օր առաջ) ծանր ու դժվար աշխատանքին: Մարդու համար այս անբնական պայմաններում, սոցիալական հեռավորությանը զուգահեռ, քեզ էլ, սիրելի՜ ընթերցող, ցանականում եմ այսպիսի աջակից սրտեր, որոնց միայն բաբախյունը ապագայի ուժն է արդեն: