anushik davtyan

Մեր վաղվա տեղը այսօր

Վերջին տարիներին շատ հաճախ են փոխվում աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները։ Մի ժամանակ լավ աշխատանք գտնելու համար հերիք էր ունենալ անգլերենի լավ իմացություն, իսկ հիմա՝ ծրագրավորման կամ տվյալագիտության։ Բոլորի մեջ մի հարց է առաջանում. «Ի՞նչ սովորել հիմա՝ ապագայում պահանջված մասնագետ դառնալու համար»։

Հիմա ամեն ինչ ավտոմատացվում է։ Մարդիկ ստեղծել են ռոբոտներ, որոնք որոշ գործեր կատարում են շատ ավելի լավ և արագ, քան հենց իրենք՝ մարդիկ։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ շատ մոտ ապագայում ռոբոտները աշխատավայրերում փոխարինելու են մարդկանց, հետևաբար ամենուրեք կբարձրանա գործազրկության մակարդակը։ Աշխատանք կունենան ծրագրավորողները, բայց՝ միայն լավագույնները, քանզի հիմա կան ռոբոտներ, որոնք հենց իրենք են նոր ռոբոտներ ստեղծում։ Հետևաբար, ապագայում շարքային ծրագրավորող դառնալը չի երաշխավորի, որ դուք կունենաք աշխատանք։

Այս ամենը գիտակցելուց հետո շատերն են սկսում ռոբոտներին թշնամաբար վերաբերվել։ Բայց կա մի փաստ, որը չենք կարող անտեսել։ Քանի որ ռոբոտները աշխատում են ավելի արդյունավետ, քան մենք, նրանք նույն ժամանակում կարտադրեն ավելի շատ ապրանքներ, քան մենք։ Գործատուները մի անգամ կգնեն ռոբոտներ և կազատվեն ամեն ամիս աշխատավարձ տալու անցանկանալի պարտականությունից։ Այս ամենը հասկանալով՝ կարելի է եզրակացնել, որ ապրանքների գները քիչ-քիչ կնվազեն, և երկրների տնտեսությունները կբարելավվեն։

Վերջապես, ի՞նչ մասնագետ դառնալ աշխատաշուկայում՝ ռոբոտների հետ մրցունակ լինելու համար։ Ռոբոտները ծրագրավորված են ինչ-որ առաջադրանք կատարելու համար, նրանք չեն կարողանում մտածել։ Մարդ արարածը մյուս բոլոր էակներից տարբերվում է իր մտածելու կարողությամբ։ Եկեք օգտագործենք մեր այդ բացառիկ առավելությունը։ Ընտրենք մասնագիտություններ, որոնք մեզնից կպահանջեն մտածել։ Մարքեթինգը և լրագրությունը այդպիսի ոլորտների օրինակներ են։ Օգտագործենք մեր կրեատիվ և տարբերվող գաղափարները՝ ի նպաստ բիզնեսի զարգացման, կամ գրենք գիրք, ունենանք մեր բլոգը։

Սկսենք մտածել այս թեմայի շուրջ հենց այսօրվանից։ Մարզենք մեր ուղեղը ամենօրյա վարժություններով։ Ի՞նչ վարժություններով։ Շատ օգտակար վարժություն է, օրինակ, ամեն ինչի մասին մեր կարծիքն ունենալը և դա արտահայտելու կարողությունը։ Ամեն հարցի շուրջ ունենանք մեր մոտեցումը և հիմնավորումները, փորձենք մտածել, թե ինչ հակափաստարկներ կարող են լինել մեր կարծիքին, մտածենք դրանց մասին, և եթե գտնում ենք, որ մեր նախորդ կարծիքը սխալ էր, ընդունենք դա և սովորենք մի նոր բան դրանից։ Ժամանակի ընթացքում մենք կզգանք, թե ինչքան կրեատիվ և լավ գաղափարներով է լի մեր միտքը։ Եվ, հավատացեք, որ սա այն ամենն է, որ մեզ պետք է հիմա, և հատկապես՝ ապագայում աշխատանք ունենալու համար։

Իսկ ինքնաարտահայտվելու, սեփական կարծիքն արտահայտելու լավագույն հարթակ է 17-ը, սկսենք այստեղից: