image-27-05-20-10-47

Մեր տասներկուսից առաջ և մեր տասներկուսից հետո

Իմ երազներում լուսինը եռում է,

Աստղերը եռում են ցանկություններից.

Գիշերը իջնում, նստում է ուսիս

Ու կանչում է քեզ՝

Արի՛ իմ սերազ,

Արի՛ գրողի ծոցը…

Բեժ

Լևոն Բեժանյանը, նույն ինքը՝ Բեժը, գյումրեցի երիտասարդ գրող է։ Շատ է սիրում գիրք կարդալ և քնել՝ մեկնաբանելով, որ քնից հետո ուղեղը շատ լավ է աշխատում, և շատ հաճախ կիսաքնած ժամանակ շատ լավ մտքեր են առաջ գալիս։

-Ինչպե՞ս և քանի՞ տարեկանից ես սկսել ստեղծագործել, և կա՞ն ընտանիքում մարդիկ, ումից ժառանգել ես քո տաղանդը։

-Առաջին բանաստեղծությունս գրել եմ «Վան Հելսինգ» ֆիլմը դիտելուց հետո՝ առավոտ շուտ։ Գիշերը ֆիլմը դիտելուց հետո, երբ առավոտյան արթնացա, շախմատի երկու թագավորները դրեցի իրար մոտ ու գրեցի։ Հետո զգացի, որ պետք է գրեմ։ Երբեք չէի մտածել գրելու մասին։ Դա եղել է 12 տարեկան հասակում։ Ժամանակին պապիկս է ստեղծագործել, հետո քեռիս, իսկ հիմա էլ՝ ես։

-Իսկ ի՞նչ նշանակություն ունեին շախմատի երկու թագավորները։

-Մի փոքր բարդ է բացատրելը։ «Վան Հելսինգ» ֆիլմի մեջ կա տեսարան, երբ նկարը կենդանանում է և երկու եղբայրներ սկսում են կռվել միմյանց դեմ։ Եվ ես մտածել եմ, որ շախմատի սև և սպիտակ թագավորները իրականում թշնամիներ չեն, այլ թշնամացած եղբայրներ։

-Ո՞ր զգացմունքներն են քեզ մղում գրելու։

-Արդարությունն ու սերը։

-Ո՞վ է առաջին ընթերցողդ և ինչո՞ւ նա։

-Մայրիկս իմ առաջին քննադատն է։ Ստեղծագործություններս առաջինը նրա մոտ եմ կարդում։

-Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին։

-Եթե առողջ քննադատություն է, ուրեմն շատ լավ, և եթե քննադատությունը բացատրված է, միայն օգուտ է տալիս։

-Քեզ համարո՞ւմ ես հաջողակ մարդ։

-Այո՛։ Ես բախտավոր մարդ եմ, ես աշխատասեր չեմ, եթե անկեղծ, բայց արդար եմ թե՛ իմ, թե՛ շրջապատիս նկատմամբ։ Երևի հենց այդ արդարությունն էլ գրավականն է։

-Քեզ համար ո՞րն է մարդկային ամենաբարձր զգացմունքը, և ունե՞ս իդեալներ։

-Ես իդեալներ չունեմ, միշտ զզվել եմ այդ բառից։ Մարդը պետք է իր սրտին լսի, ոչ թե մտքով իդեալներ ստեղծի։ Ամենաբարձր զգացմունքը սերն է, և սերն է կյանքի միակ իմաստությունը։

-Ո՞ր սկզբունքով ես առաջնորդվում կյանքում։

-Այս կյանքը մեկ անգամ ենք ապրում և պետք է ապրենք արժանապատվորեն, որպեսզի 10 տարի հետո չամաչենք այսօրվա արածներից, որ հարգենք մեզ միշտ ու ամեն տեղ և չկորցնենք մեր հարգանքը հասարակության մեջ։

-Քո սիրելի հեղինակը, գիրքը, և ինչո՞ւ։

-Պարույր Սևակ։ Ես սիրում եմ, երբ գրականությունը խնդիր է լուծում. Սևակի գրակությունը այդպիսին է։ Սիրելի գիրքը՝ Ռեմարկ, «Հաղթական կամար»՝ դժվար ժամանակներում մեծ ռոմանտիզմ, ամեն ինչ իդեալականացրած չէ, կեղտոտ միջավայրում սիրո կանաչ ծիլ, սիրուն է։

-Ի՞նչ արժեք ունի քեզ համար հայ գրականությունը, և ո՞ւմ ես համարում հայ գրականության ամենաբարձր գագաթներին հասած հեղինակ։

-Հայ գրականությունը, և հատկապես՝ պոեզիան, ինձ համար աշխարհի ամենասիրուն գրականությունն է։ Պարույր Սևակ և Եղիշե Չարենց։

-Ի՞նչն է մեզ պակասում այսօր։

-Հոգևորը և մաքուրը։ Օդից կարևոր ու ջրից անհրաժեշտ։

-Այսօրվա գերքաղաքականացված կյանքում պոեզիան ի՞նչ կշիռ ունի։

-Ինչպես նշում է Եսենինը՝ պոետի շնորհը հոգիներ շոյելն է, եթե մարդկանց հոգիները պետք է շոյվեն միայն քաղաքականությունից, ապա ես հրաժարվում եմ պոետ կոչվելուց։

Ես տեսել եմ քո ձայնը…

Փաթիլը իջավ, ձյունը գրկեց նրան,

Ձայն չլսվեց, բայց ես տեսա…

Այդպես քո աչքերն են բացվում լուսաբացին,

Եվ այդպես կամաց աչքերդ են փակվում,

Երբ մութ է։

Այդպես ժամացույցի ձայնը չի լսվում աղմուկի մեջ,

Եվ այդպես ձուկն է շնչում թվացյալ ականջներով։

Ես տեսա, թե ինչպես է գոռում ներսդ կկվի նման,

Երբ դեռ տասներկուսը չէ…

Տասներկուսին օրվա դասամիջոցն է։

Օրամիջոցին գոռում են լապտերները,

Գոռում են մայթերը մեջքացավից,

Գոռում է ամենը, ինչը չի շնչում,

Իսկ շնչավորները… չեն լսում։

Ես տեսել եմ քո ձայնը,

Որովհետև անջատել եմ հեռուստացույցը,

Որովհետև չեմ լսում քաղաքական գոռոցները,

Որովհետև չեմ լսում,

Որովհետև… տասներկուսին մենք հանդիպման ենք։

 

Օրամիջոցին կյանքը բաժանվում է երկու մասի.

Մ.տ.ա. և մ.տ.հ.՝

Մեր տասներկուսից առաջ և մեր տասներկուսից հետո…

Բեժ