Մեր քայլն էինք անում, մեկ էլ…

Բարև: Արագ «Որդան կարմիրի» «Քայլ արա»-ն կամ «Քաղաքացու երգը» միացրու՝ բան եմ պատմում: Միացրի՞ր: Դե, լսիր…

Սկսեմ էնտեղից, որ 22-ի գիշերը ընդհանուր դպրոցական չատով խոսում էինք դասադուլի մասին: Մի մասն ասաց, որ գնալու է դպրոց, մյուս մասն էլ՝ չէր գնալու: Իհարկե, չգնացողներն ավելի շատ էին, ես էլ նրանց մեջ:

Առավոտյան 11-ն էր, մի կերպ բացեցի աչքերս ու սովորության համաձայն հեռախոսս միացրի: Բոլորի խառը-խշտիկ պատմածներից հասկացա, որ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են արել ու ցույցի դուրս եկել: Անկեղծ ասած չհավատացի, մինչև աչքովս չտեսա տեսանյութերը: Երեխեքը ասացին, որ հավաքվում ենք Եղվարդի հրապարակում:

Արագ վեր կացա ու մինչ հագնվում-պատրաստվում էի տանից դուրս գալուն, մտածում էի, թե տատին ո՞նց եմ ասելու, թե ինչի՞ եմ գնում: Արագ դուրս եկա տանից, տատին պարզապես ասացի, որ գնում եմ հրապարակ ու վազեցի դաշտով:

-Հանկարծ Երևան ցույցի չգնաս:

Անկեղծ ասած, կյանքումս առաջին անգամ էի էսքան ոգևորված վազում քաղաքիս փողոցներով ու հպարտանում էի առաջին անգամ համաքաղաքացիներովս:

Թիվ 3 հիմնական դպրոցի դիմաց ասֆալտին կավիճով գրված էր՝ «Հենց այսօր դասադուլ, հենց այսօր հաղթանակ»: Երեխեքը երևի մի բան գիտեին…

Երկրորդ-երրորդ դասարանցիները ցուցանակներով շրջում էին՝ «#քայլարա» «#մերժիրսերժին» գրություններով: Էս ամենը, իհարկե, շատ զվարճալի էր:

Հրապարակում մեքենաները ազդանշաններով պտտվում էին, մի քանիսը դհոլ ու դուդուկ էին նվագում, մնացածն էլ շուրջպար էին բռնել: Էնքան մեծ էր հպարտությունս ու ուրախությունս, երբ ամբոխի մեջ նաև դպրոցիս՝ թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչներին տեսա: Բոլորը ուրախանում, պարում էին: Քաղաքումս տոն էր:

Էստեղ էր եթե ոչ Եղվարդի ամբողջ բնակչությունը, ապա գոնե մ կեսը՝ առաջինից տասներկուերորդ դասարանցիներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ…

Էս ամենը տևեց մոտ մեկ ժամ: Աստիճանաբար ժողովուրդը պակասեց: Ես էլ արդեն տուն էի գնում, բայց ճանապարհի կեսից հասկացա, որ դպրոցականները խմբով քայլում են ու գոռում «միացիր», «քայլ արա, մերժիր Սերժին»: Դե բնականաբար միացա նրանց: Հրապարակից շարժվեցինք դեպի խաչմերուկ, անցանք ավագ դպրոցի, դատարանի, հիվանդանոցի, թիվ 2 հիմնական դպրոցի, ակումբի մոտով՝ շրջեցինք ողջ Եղվարդով: Ընթացքում մեզ էին միանում տարբեր տարիքի մարդիկ, բայց հիմնական մասը դպրոցականներն էին կազմում: Դե հիմա՞ էլ կասեք, որ դպրոցականները ոչինչ չեն հասկանում: Երևի էլ չեք ասի: Ես էնքան հպարտ էի, որ էդ օրը մեզ անհասկացող անչափահասներ չէին ասում, այլ «դուխ» էին տալիս:

Մեր բացականչություններից ոգևորված վարորդները մեքենաների ազդանշաններն էին միացնում, ոստիկանական մեքենաներից ձեռքով էին անում: Մարդիկ պատուհաններից կախված միանում էին մեր կոչերին: Մի կին, կանգնած իրենց տան դարպասների մոտ, մեր կոչերին հավասար շերեփով հարվածում էր կաթսային: Տղաները մեքենաների պատուհաններին նստած նվագում էին, տատիկները օրհնում էին:

Երբ մի տեղ կանգ առանք հանգստանալու, մի խանութում մեզ կոնֆետներ ու ջուր տվեցին:

Էս ամենը էնքան ոգևորիչ ու սիրուն էր: Էնքան միասնական էինք: Առաջին անգամ առանց աջ-ձախ, ետ-առաջ նայելու քայլում էի փողոցի ուղիղ մեջտեղով, անտեսելով սովը, ծարավն ու հոգնածությունը:

Երթը գրեթե ավարտվում էր, երբ իմացանք Նիկոլի ազատ արձակվելու մասին:

Կյանքումս առաջին անգամ մաշկիս վրա զգացի Եղվարդի իրական չափերն ու առաջին անգամ տեսա, որ Եղվարդում էսքան մարդ կա, էսքան երիտասարդություն:

2-3-ի կողմերն էր, երթը ավարտվեց: Վրաս էլ քայլելու ուժ չկար: Տուն չգնացի: Գնացի հորաքրոջս աղջկա մոտ: Ես պիտի նրան պատմեի էս մի քանի ժամվա մեջ զգացածս ու ապրածս:

Մի փոքր հանգստացա, սուրճ էինք խմում, մեկ էլ.

-Ի՞նչ: Էս ճի՞շտ ա: Ասում են՝ հրաժարական ա տվել…

-Ու՞ր ա, Նել: «Ազատությունը» միացրու, արագ:

Հա էլի, Սերժը հրաժարական էր տվել:

Արագ, կայծակնային արագությամբ հասա մեր տուն, մերոնց էս լուրը առաջինը հայտնելու: Արդեն ուշ էր, մերոնք գիտեին: Բոլորը արցունքներն աչքերին իրար էին գրկում, շնորհավորում…

Առաջին անգամ զգացի երկար պայքարից հետո սպասածիդ հասնելու քաղցրությունը…

Այ հիմա ես կարող եմ էս հաղթանակը նաև իմը համարել, որովհետև թեկուզ փոքր չափով, բայց պայքարել եմ:

Ու հա, ես հպարտանում եմ Եղվարդովս ու նաև ուսուցիչներովս: Հա, կյանքում առաջին անգամ, խոստովանում եմ: