Մեր և ձեր Ֆռռիկը

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Երբ Facebook-ում տեսա իմ ավագ ընկերներից մեկի` Արսեն Վարդանյանի (Շիրակի Բազե) գրառումներից մեկը, այն ինձ շատ հետաքրքրեց, որը վերնագրված էր՝ «Իմ Ֆռռիկը»: Պարզեցի, որ նա նախաձեռնության համահեղինակ է, և ցանկացա հարցազրույց վերցնել նրանից այդ նախաձեռնության մասին:

Հարցազրույց Արսեն Վարդանյանի և Գագիկ Մխիթարյանի հետ, ովքեր «Իմ Ֆռռիկը» նախաձեռնության համահեղինակներ են:

-Ի՞նչ է Ֆռռիկը (հոլը) և ղայթանը:

Գագիկ Մխիթարյան. –Ֆռռիկը ընդունված է որպես խաղ: Ֆռռիկը ժամանակին շատ տարածված է եղել, բայց վերջին տարիներին մոռացվել է: Ինչո՞ւ է մոռացվել. ժամանակի ու տեխնիկաի առաջընթացի պատճառով, ու այսպես ասած, քիչ-քիչ դուրս է մղվել շուկայից: Դրան փոխարինել են համակարգչային ու վիրտուալ խաղերը:

Հոլը փայտե տաշվածք է, որը կազմված է իրանից և նրա ծայրին ամրացված մեխից: Այն ունի իր հատուկ չափսերը, ունի իր թելը, որը կոչվում է ղայթան:

Արսեն Վարդանյան. –Ֆռռիկը բացի պարզապես խաղ լինելուց նաև օգտագործվել է որպես պարսատիկ, հովիվները այն պարբերաբար օգտագործել են վայրի կենդանիներին վախեցնելու համար: Մի խոսքով ժամանակակից «էլեկտրաշոկերների» դեր է տարել:

Մեր դպրոցական տարիներին դպրոց գնալուց, առաջինը ֆռռիկն էինք վերցնում՝ դպրոցի բակում խաղալու համար: Շատերը կատակում էին ասելով. «Գրիչով ըտքան չէինք գրե, ինչքան ֆռռիկի վրա կնգարեինք, որ լիներ գեղեցիկ և տարբերվեր մյուսներից»:

Լուսանկարը` Արսեն Վարդանյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

-Տարվա մեջ կա՞ որոշակի ժամանակահատված, երբ ավելի շատ են խաղում ֆռռիկով, ե՞րբ է բացվում ֆռռիկի «սեզոնը»:

Արսեն Վարդանյան. –Դա օրվա մեջ բացվող խաղ է:

Գագիկ Մխիթարյան. –Հա, այն միշտ արդիական խաղ է, հարկավոր է միայն գետինը չոր լինի: Մեր մանկության տարիներին, երբ գետինը մի քիչ ազատվում էր ձնից, արդեն ֆռռիկները պատրաստ էին խաղի, ու խաղում էինք մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, նույնիսկ մինչև նոր ձյան գալը: Ամբողջ գարնան, աշնան, ամռան ընթացքում ֆռռիկը միշտ արդիական էր:

-Ներկայացրեք, թե ինչպես էին խաղում ֆռռիկով:

Գագիկ Մխիթարյան. –Ֆռռիկ խաղալու 2 ձև կա՝ «փոսը» և «պուտուկը»:

«Պուտուկը» խմբային խաղ է, որը խաղում են երկու և ավելի ընկերներով` հերթականությամբ: Վիճակահանությամբ որոշում են առաջին պտտեցնողին, հետո հերթականությամբ ուղղահայաց հարվածում են իրենցից առաջ պտտած մասնակցի պտտվող ֆռռիկին: Եթե դիպչում էր, ապա ֆռռիկի իրանի վրա առաջանում էր փոս, որը անվանում էին «պուտուկ»: Հաղթող էր համարվում նա, ով ավելի շատ «պուտուկ »էր հանում «հակառակորդի» ֆռռիկի վրա: Լինում էին դեպքեր, երբ հարվածից ֆռռիկը կոտրվում էր, ու կոտրողը համարվում էր լավագույն խաղացողը, և ամբողջ տարին երեխաները հիշում էին ու խոսում այդ մասին:

Արսեն Վարդանյան.  –Նշանակետին հարվածելու համար հարկավոր է դիպուկություն, ճարպկություն և հնարամտություն: «Աչքի չափ» ու «քթի ծակ» բդի ունենաս, որ կռնանաս «պուտուկը» հանես: Որովհետև պտտվող ֆռռիկը փոքր խաղալիք է ու քո մյուս խաղալիքով բդի զարգես էտ խաղալիքին, որը ըտքան էլ հեշտ չէ: Այն ազարտային խաղ է, բայց ագրեսիա չի քարոզե: Ֆռռիկի կոտրվելն ու վնասվելը չի նշանակում, որ վատություն ես անում մյուսին, այլ օգնում ես, որ նա ավելի լավ խաղա` ավելի հմտանա, դիպուկ ու ճարպիկ լինի:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Ֆռռիկ խաղալու հաջորդ եղանակը` «փոսը», խաղում են երկու մետր տարածքում, որտեղ կա տասնհինգ սանտիմետր տրամագիծ ունեցող փոս: Բաժանվելով երկու խմբի, ամեն խմբում երեք մասնակից, փոսից դուրս դնում են մեկ ֆռռիկ ու իրենց ձեռքի ֆռռիկներով հարվածելով դրված ֆռռիկին, փորձում են այն մոտեցնել փոսին ու գցել այնտեղ: Ամեն մարդ կարող է հարվածել երկու անգամ, այսինքն, մեկ թիմը կարող է հարվածել վեց անգամ: Եթե հարվածելիս հոլը չի դիպչում դրվածին` հարվածողը իրավունք ունի իրֆռռիկը առանց կանգնեցնելու ձեռքով վերցնել ու կրկին հարվածել: Այս խաղն էլ շատ հետաքրքիր է և ունի իր կանոնները: Քչերն են հիշում «փոս» խաղալու կանոնը:

-Ի՞նչ նյութեր են հարկավոր ֆռռիկ պատրաստելու համար:

Արսեն Վարդանյան. –Հիմնականում հարկավոր է որակյալ չոր փայտ, որից պատրաստվում է ֆռռիկի իրանը: Քիթն ամրացվող մեխն է շատ կարևոր, որը երկաթից է և պետք է ֆռռիկի կենտրոնում լինի, որպեսզի այն պտտվող կենտրոնական հատվածից շեղումներ չտա, թե չէ ֆռռիկը կսկսե «մոզգդել»: Մեծ կարևորություն ունի ղայթանը` ֆռռիկը պտտող թելը: Այն երկտակ ոլորված թել է, որը հարկավոր է ճիշտ անկյան տակ պտտել:

-Ինչպե՞ս է պատրաստվում ֆռռիկը` նկարագրեք այդ գործընթացը:

Գագիկ Մխիթարյան. –Նախընտրելի է համապատասխան փայտը, ինչպես Արսենը ներկայացրեց` չոր ու առանց ոստ: Հետո ամրացվում է հաստոցի վրա և սկսվում է տաշման գործընթացը: Ֆռռիկը տաշվում է մեկ օրինակից, այսինքն, ունի իր հստակ չափերը ու ձևերը, (հնարավոր է մի փոքր շեղումով), ապա հղկաթղթով հարթեցվում է, հետո քթի մասում ծակ է բացվում` մեխի համար: Մեխը պատրաստելը առանձին գործընթաց է: Սա արհեստավորի գործ է, որը մենք մանրամասն չենք կարող իմանալ:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

-Ինչպե՞ս ծնվեց «Իմ Ֆռռիկը» նախաձեռնության գաղափարը՝ ֆռռիկը գեղարվեստական զարդանախշերով զարդարելու ու այն խաղալիքից հուշանվեր դարձնելու:

Գագիկ Մխիթարյան. –Անցյալ տարիներին, երբ մենք ամբողջ ամառ խաղում էինք ֆռռիկներով, երեխաները շատ անտարբեր հայացքներով անցնում էին ու նույնիսկ ուշադրություն չէին դարձնում: Սակայն մեր հասակակիցները ու մեզանից ավագները, երբ տեսնում էին, ժպտալով մոտենում ու ասում էին. «Վայ, տղեք, ի՞նչ կեղնի՝ տվեք մե հադմ էլ մենք ֆռցնենք»: Տեսնելով, որ երեխաների մոտ հետաքրքրություն չկա, մեծահասակներն էլ շատ ժամանակ չունեն, որ կրկին դուրս գան ֆռռիկ խաղալու, մենք էլ որոշեցինք այն դարձնել ավելի գեղեցիկ և ներկայացնել հուշանվերի տեսքով, որպեսզի մարդիկ փորձեն ունենալ այդ գեղեցիկ հուշանվերը և հիշեն իրենց մանկությունը: Եվ այդպես իրենց երեխաներին, թոռներին սովորեցնեն ֆռռիկով խաղալ, ու դա առիթ դառնա, ոպեսզի չմոռացվի այս ավանդական խաղը:

Վերջերս, երբ խաղում էինք, դպրոցական երկու երեխա երրորդ դասարանցի աղջիկ և տղա անցան մեր կողքով: Նրանց մեջ հետաքրքրություն առաջացավ: Մենք բացատրեցինք, ու այնպես ստացվեց, որ աղջիկը ավելի լավ սկսեց պտտել, տղայի մեջ արթնացավ տղայական ինքնասիրությունը, թե ինչպես կարող է աղջիկը իրենից լավ պտտել: Երկու ժամից ավել խաղացին ու մոռացել էին տուն գնալու, համակարգչի, հեռախոսի ու հեռուստացույցի մասին: Վերջում խոստացան, որ անպայման ձեռք կբերեն ու կշարունակեն խաղալ:

Եթե մեկ անգամ խաղում ես ֆռռիկ, ապա այն շատ է դուր գալիս ու անընդհատ կցանկանաս խաղալ: Ինչպես ասացինք, այն ազարտային խաղ է:

Արսեն Վարդանյան. –Մոտավորապես «սեմուշկի» պես բան է:

Բացի դրանից, երբ ցանկացած արժեք ցանկանում ես վերաիմաստավորել ու կրկին մտցնել հասարակություն, սովորաբար հարկավոր է նրա տեսքը փոխել: Դե քանի որ կառուցվածքի մեջ մենք նրա տեսքը չէինք կարող փոխել, որոշեցինք գեղեցիկ զարդարել, որպեսզի այն ունենա ապրանքային տեսք ու աչքի համար գրավիչ լինի: Նաև մեկ ուրիշ հարց էինք ուզում լուծել: Կան խաղալիքներ, որոնք կարող են վատ անդրադառնալ երեխաների աշխարհայացքի վրա, իսկ ֆռռիկի զարդանախշերը երեխային հնարավորություն են տալիս զարգացնել ազգային և մշակութային գիտակցությունը:

-Արդյոք 21-րդ դարի երեխաները գիտե՞ն ֆռռիկով խաղալ, և այն օգնո՞ւմ է կտրվել համակարգչային խաղերից:

Արսեն Վարդանյան. –Այս գործընթացը դեռևս երկու ամիս է, ինչ սկսել ենք ու այն տարածել ենք համացանցով ու մեր հաշվարկներով որոշակի արդյունքների արդեն հասել ենք: Արդեն երեխաները մեկը մյուսից տեղեկանում են ու ցանկանում ունենալ ֆռռիկ: Սակայն այն դեռ մասսայականություն ձեռք չի բերել: Մենք փորձում ենք նոր շունչ տալ ֆռռիկին գեղարվեստական զարդանախշերով ու շեշտը դրեցինք հայկական զարդանախշերի վրա: Այնպես չէ, որ ֆռռիկների վրա առաջ չէին ներկում, բոլոր երեխաներն էլ նստել գրիչով, մատիտով ու այլ նյութերով նկարել են:

-Ովքե՞ր են հիմնականում գնում ֆռռիկ:

Գագիկ Մխիթարյան. –Հիմնականում մեծահասակներն են գնում իրենց որդիների, թոռների համար: Այն մարդիկ, ովքեր արդեն խաղացել են ֆռռիկով և ցանկանում են իրենց երեխաներին նույնպես ծանոթացել խաղին: Դեռ այդպիսի դեպք չի եղել, որ երեխաները գան ու հոլ գնեն: Միշտ մեծահասակներն են եկել երեխաների ձեռքը բռնած, շատ դեպքերում նաև ամբողջ ընտանիքով: Բոլոր գնողներից էլ ունենք տեղեկություններ` նրանք հավաստիացնում են, որ նպատակին ծառայում է իրենց գնած ֆռռիկը: Մարդիկ կան, որ արդեն առաջին ֆռռիկը վնասել են ու գալիս երկրորդն են տանում: Խաղի արդիականությունը կա, հարկավոր է մասսայականություն ստանա:

Արսեն Վարդանյան. –Մենք գնորդին հնարավորություն տվեցինք մեր ավանդական խաղը վերհիշելու: Պարտադիր չէ, որ միայն մեզանից գնեն հոլ, կարող են ձեռք բերել ցանկացած այլ վայրից, որը վարպետին կապահովի լրացուցիչ եկամուտով: Իսկ երեխայի մանկությունն էլ ավելի հետաքրքիր կանցնի ու կկտրի համակարգչից: Մենք կատարում ենք նաև ֆռռիկով խաղալուն ծանոթացնող ուսուցումներ, քանի որ շատ մարդիկ կան, ովքեր չգիտեն կամ մոռացել են, թե ինչպես են այն օգտագործում: Սովորեցնում ենք համացանցով տեսանյութերի օգնությամբ: Մենք հաճելի միջավայր ենք ստեղծել ու մարդկանց օգնում ենք վերհիշել մոռացված խաղը: Նախաձեռնող անձնակազմը մեծ բավականություն է ստանում այս նախաձեռնության ընթացքում: Նոր կյանք տալով ֆռռիկին, մենք ինքներս ենք ոգևորվել: 

-Ինչպե՞ս կարողացաք կյանքի կոչել այդ մտահղացումը:

Արսեն Վարդանյան. –Սկզբում դժվար էր, շատ դժվար էր: Քանի որ վարպետներ չկային, ովքեր կցանկանային ֆռռիկ պատրաստել, որովհետև այն մինիմալ արժեք ունի ու ցածր եկամուտ է բերում: Ժամանակի ընթացքում գտանք մարդկանց, ովքեր աջակցեցին մեզ և դարձան այս գործընթացը իրականացնողներից մեկը: Կար ևս մեկ խնդիր. այն է՝ միավորել արվեստագետներին ու վարպետներին, որտեղ կստեղծեինք մի միջավայր, ուր տարբեր մասնագիտություն ունեցեղ մարդիկ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ և կաշխատեն: Ստեղծեցինք մի սոցիալական ձեռնարկություն, որտեղ միասին աշխատում են փայտ տաշողը, քիթ սարքողը, փայտ լաքողը, նկարիչը (արվեստագետը): Այն նաև հետաքրքիր պրակտիկա է արվեստագետների համար: Նրանք ֆռռիկի վրա առաջին անգամ էին հայկական զարդանախշեր նկարում:

-Իմ հարցերը այսքանն էին, ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

Գագիկ Մխիթարյան. –Ես քեզ հարց ունեմ: Մինչև իմանալը «Իմ Ֆռռիկի» մասին, ֆռռիկ խաղացե՞լ ես:

Հովհաննես Սարգսյան. –Դե, մեկ-երկու անգամ:

Գագիկ Մխիթարյան. –Ինչո՞ւ մեկ երկու անգամ, մի՞թե հետաքրքիր չի եղել:

Հովհաննես Սարգսյան. –Հետաքրքիր եղել է: Պարզապես ֆռռիկ խաղալու մշակույթը չի եղել:

Գագիկ Մխիթարյան.Մեր ավագ սերունդները մեզ միշտ սովորեցրել են, մենք նրանց տեսնելով սովորել ենք այդ խաղը, միշտ մեր աչքի առաջ է եղել: Դու չե՞ս տեսել այդ ամեն ինչը, թե քո մեջ հետաքրքրություն չի եղել, որ դու ելնես դուրս, ֆռռիկ խաղաս:
Հովհաննես Սարգսյան. –Տեսել եմ, ես ինքս չեմ խաղացել, քանի որ չեմ ունեցել ֆռռիկ, և այն տարածված չի եղել

Գագիկ Մխիթարյան.Հիմա ավելի կրտսեր սերունդը ընդհանրապես չի տեսել ու նրանց մեղադրել, թե ինչու դուք ֆռռիկ չեք խաղում, այլ համակարգչով եք խաղում, այնքան էլ ճիշտ չէ: Իմ խորհուրդն է քեզ՝ խաղը սովորել մեզանից և կարողանալ փոխանցել ավելի փոքր սերնդին: Մի սերունդը մյուսին չպետք է մեղադրի` դրանով հարց չի լուծվի: Հարկավոր է շահագրգռվածություն ցուցաբերել և հաջորդ սերնդին փոխանցել այս ազգային խաղը:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Արսեն Վարդանյան. –Մոտ 10-15 տարի է, ինչ ֆռռիկով չեն խաղում: Երբ մենք փոքր էինք, սովորաբար ամբողջ օրը բակում խաղում էինք: Մեր ծնողները բողոքում էին՝ ասելով. «Սաղ օրը դրսերն եք», ու դրսից մի կերպ էին տուն տանում: Իսկ երբ համակարգիչները եկան ասպարեզ, արդեն ծնողները հանգիստ էին. «Համակարգչով զբաղվին, աչքերիս դեմը կեղնին», հետո հասկացանք, որ այն չարիք է: Առաջ, երբ մի քիչ աղմուկ էինք բարձրացնում բակում, հարևանները դժգոհում էին ու վռնդում բակից. «Դուռ ունիք՝ գնացեք ձեր դուռը խաղցեք»:

Մենք կարևոր հարց ենք վերցրել. «դարի մարտահրավերը» գուզենք հետ մղել: Ըդիգ քիչմ դժվար է ըսել՝ կռնանք էնենք, թե չէ, բայց մենք կփորձենք մեր կարողությունների չափով իրականացնել դա: