Մեքենան տանիքի վրա

Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…

-Տեսա՞ք` ոնց ա մեքենան մտել Սիրուկանց տանիքը (ի դեպ, Սիրուկ տատիկը հայրիկիս տատիկի ընկերուհին է)…

Այդ պահին ամեն կերպ ուզում էի պատկերացնել «բեռնատարը տանիքում», բայց քանի որ չէր ստացվում, որոշեցի գնալ և աչքովս տեսնել։ Վազեցի սենյակ, որտեղից երևում էր տանիքը։ Հասկանում եմ, որ չեք կարող պատկերացնել դա, բայց հավատացեք, իրականություն էր։ Նախ ասեմ, որ մեր տների վերևում կա մեկ այլ թաղամաս, և տներն իրարից բաժանվում են ցանքատարածություններով։ Պատահաբար վերևից, առանց միջամտության, բեռնատարը իջել էր` ջարդելով  ճանապարհի խոչընդոտները (ծառեր, ցանկապատ) և մտել տանիք։
Այդ ժամանակ տատիկը իր ծոռան հետ նստած էր բակի նստարանին: Բարեբախտաբար նրանք չէին վնասվել: 
Հաջորդ օրն էր, պարապմունքից վերադարձի ճանապարհին մեր թաղամասում ուղղակի տեղ չկար քայլելու։ Ցեխն ու ջրափոսերը, որ թողել էին տրակտորներն ու կռունկը, ուղղակի անտանելի էին, բայց պատկերացնելով, թե ինչ էր կատարվել դրանից առաջ, ես լուռ գնացի տուն։ Տանը մեծ ոգևորություն էր տիրում.

-Շամշյանն եկել ա նկարել…

-Շամշյանի ոտքը սայթաքեց…

-Վա~յ, տեսա՞ր բոյն ինչ կարճ էր,- իրար հերթ չտալով ասում էին տնեցիները:

Մի քիչ կատակեցինք ու տատիկս (հայրիկիս տատիկը) ասաց.

-Կարևորը` պետությունն օգնի վերանորոգեն տանիքը: Մեծ կին ա:

Ճիշտն ասած, չէինք սպասում, բայց արդեն մի քանի օր է անցել, և շնորհիվ Ճամբարակի քաղաքապետարանի, տանիքը վերանորոգված է: