anahit baghshetsyan

Մթության գրկում մի լուսավոր աղջիկ

Ամառային տապից փրկվելու համար փակվել եմ սենյակումս։ Պառկած եմ մահճակալիս վրա, մտքումս իմ ամենասիրած խումբը երգում է իմ ամենասիրած երգը։ Մինչ ես ինձ պատկերացնում եմ խմբի լիակատար անդամ ու երգում եմ նրանց հետ, եղանակը լսում է աղերսանքի իմ բոլոր ճիչերը։ Քամին սկսում է խաղալ սենյակիս վարագույրների հետ, ու ես նկատում եմ, որ դրսում արդեն կամաց-կամաց մթնում է։

Հանկարծ, առանց ինչ-որ պատճառի, հիշում եմ, որ փոքր ժամանակ ընկերներիս մեջ առանձնանում էի իմ քաջությամբ, քանի որ չէի վախենում մթությունից։ Ընկերներիս դա շատ էր զարմացնում, երբեմն ինձ նույնպես։ Նրանցից շատերը մտածում էին, որ մթության մեջ քողարկված են աշխարհին անհայտ հրեշներ։ Ես նույնպես հավատում էի հեքիաթային հրեշների գոյությանը, սակայն դրանց չէի պատկերացնում մթության մեջ։

Ու հանկարծ հասկանում եմ, որ մթություն չկա։ Երբեք մութ չի լինում։ Մթությունը հնարել են մարդիկ իրենց մեղքերը, վախերն ու ցանկությունները դրանում ամփոփելու համար։ Այն հասարակ մի տերմին է, որն իր ստվերում է պահում միլիոնավոր հանցանքներ, թաքնված հայացքներ ու չիրականացած նպատակներ։ Հասկանում եմ, որ նույնիսկ ամենամութ գիշերը անսահման լուսավոր է, քանի որ լցված է մարդկային գաղափարներով, նոր ծնվող հեքիաթներով ու վառ գույներով։ Հասկանում եմ, որ ամենախավար սենյակը կարող է լցվել լույսով, եթե լույսը միշտ քեզ հետ է։ Մի քանի վայրկյանում սևով լցված սենյակս դառնում է մի գեղեցիկ կտավ, որտեղ զբոսնում են իմ մտքերը, նոր գաղափարները, իմ հորինած կերպարներն ու ամենասիրելի երգերը։ Մի քանի վայրկյանում անհետ կորչում է մթությունն իր բոլոր երանգներով։ Փոխարենը սենյակումս մնում են նրա շվաքում գտնվող բոլոր հրաշքները։ Մթությունը հրաշքներն են։

Հանկարծ մայրիկս մտնում է սենյակ, վառում լույսն ու ասում․

-Ի՞նչ ես անում մթության մեջ։

Ու էլի մտքումս իմ ամենասիրած խումբը երգում է իմ ամենասիրած երգը, բայց ես հասկանում եմ, որ խմբի լիակատար անդամ չեմ, քանի որ խումբը նույնիսկ չգիտի մթության գրկում նստած լուսավոր աղջկա մասին։