1

Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛

Դաշտավանցի երիտասարդ կավագործ Անդրանիկ Մանուկյանն ու նրա սիրելին՝ Անի Սահակյանը, ով ևս կավի վարպետ է, համատեղ ջանքերով ստեղծել են արվեստանոց, որտեղ ստեղծված իրերը սեր ու պարզություն են տարածում ամենուր: Կավագործության ու երազելու մասին էլ խոսեցինք հարցազրույցի ընթացքում:

-Անդրանիկ ջան, «Սաղմոս Կերամիկա» արվեստանոցը թեև երիտասարդ է, սակայն իր գույներով ու յուրօրինակությամբ արդեն հասցրել է սիրելի դառնալ բոլորին։ Ի՞նչպես հասունացավ արվեստանոց ունենալու գաղափարը և ինչպե՞ս արեցիք առաջին քայլերը կավագործության ոլորտում։

-Շնորհակալ ենք։ Կավը հետաքրքիր ձգողականություն ունի․ երբ սկսում ես դրանով աշխատել, այլևս չես կարողանում պոկվել, սպասում ես, թե հաջորդ անգամ երբ ես նորից կպչելու կավին։ Մենք էլ այդպես վարակվեցինք և որոշեցինք զբաղվել կավագործությամբ։ Երկուսս էլ մասնագիտությամբ մանկավարժ ենք ու որոշել ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ողջ կյանքում կավագործությունն ու մանկավարժությունը միասին զարգացնենք։ Երկուսով որոշեցինք սովորել Թումո ստուդիաների կավագործության բաժնում։ Համավարակի պատճառով դասերը սկսել էին օնլայն անցկացվել, սակայն կարծում ենք՝ բոլորին էլ հասկանալի է, որ օրինակ բրուտագործական անիվի աշխատանքը օնլայն սովորելը շատ բարդ է․ պետք է ինքդ փորձես, որպեսզի յուրացնես դասը։ Այդպես՝ հենց համավարակի օրերին էլ հիմնեցինք մեր արվեստանոցը։ Բավականին ներդրումներ էր պահանջում, բայց մենք գումար ունեինք խնայած, ինչն էլ թույլ տվեց իրականացնել մեր նպատակը։

Փորձում ենք ամեն տեսակ ճաշակի մարդու սրտով աշխատանքներ ունենալ մեր էջում, արվեստանոցում։ Կավագործ վարպետները ասում են, որ լավ է, երբ ունես քո ոճը։ Մենք դեռ չենք գտել մեր ոճը, դրա համար ստեղծագործում ենք խառը ոճով, տարբեր ճաշակների համար։

2

-Մի փոքր պատմեք անվան մասին, ի՞նչ կապ ունեն սաղմոսներն ու կավե իրերը։

-Մեզ համար կավագործությունը ի սկզբանե աստվածային մասնագիտություն է համարվել․ Աստված էլ մարդուն ստեղծեց կավից և իր հոգով կենդանության շունչ տվեց նրան։ Իր հոգով է, որ գրվել են սաղմոսները։ Մենք էլ ցանկացանք, որ մեր աշխատանքներն էլ իր հոգով լցվեն։ Այդպես կավե աշխատանքները պատրաստելիս սաղմոսներ ենք լսում, ինչպես օրինակ՝ հոգևորականները նշխարը պատրաստելիս։ Ու այդպես էլ բրենդի անունը որոշեցինք «Սաղմոս Կերամիկա» կնքել։

Կավով աշխատելիս խաղաղվում ես, նույնը լինում է նաև հոգևոր նյութեր կարդալիս կամ լսելիս․ դե պատկերացրեք, թե որքան ենք խաղաղվում, երբ այդ երկուսը մեկտեղվում են, իսկ մեզ համար խաղաղությունը կարևոր է։

-Համավարակի այս շրջնում բավականին պատասխանատու է նման որոշում կայացնելը, որքա՞ն ժամանակում գաղափարը կարողացաք վերածել արտադրանքի և ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք այդ ընթացքում։

-Համավարակի առաջին օրերին՝ մարտ ամսին, ձեռք բերեցինք արվեստանոցի համար անհրաժեշտ սարքավորումները և մեկ ամիս անց արդեն ունեինք ֆեյսբուքյան էջ, որտեղ սկսեցինք ներկայացնել մեր արտադրանքը։ Սկսեցինք շատ ուսումնասիրել համացանցը, տեսանյութեր, քանի որ կրթությունը, այսպես ասած, կիսատ էր մնացել։

Մեզ շատ աջակցեցին տարբեր կավագործ վարպետներ, ովքեր իրենց խորհուրդներով ճիշտ ժամանակին հասնում էին օգնության՝ թույլ չտալով, որ սխալներ գործենք։ Մենք շատ զգացված ենք նրանց այդ քայլից։

-Ինչո՞ւ հենց կավ, որո՞նք են կավի ամենագրավիչ հատկությունները Ձեզ համար։

-Կյանքն ինքն է մեզ մոտեցրել կավին։ Մենք ենք ընտրում, թե ում հետ ընկերություն անենք, այդպես մեզ գրավեց կավը ու ցանկացանք ընկերանալ նրա հետ։ Մեզ դուր է գալիս այն, որ կավը թույլ է տալիս արարել անսահմանափակ երևակայությամբ։ Չկա ոչ մի սահման, կարող ես ստեղծել այն, ինչ միտքդ կտրի և սիրտդ ցանկանա։

-Ի՞նչն է Ձեզ ոգևորում արվեստանոցում և օգնում ավարտել աշխատանքը, նույնիսկ այն ժամանակ, երբ շատ հոգնած եք։

-Երբ արածդ աշխատանքը քեզ հաճույք է պարգևում, երբ մարդիկ գնահատում են այն, երբ գիտես, որ ինչ-որ մեկը քո աշխատանքներով փորձելու է ուրիշ մեկի մոտ դրական հույզեր առաջացնել, սկսում ես մոռանալ հոգնածության մասին, անգամ գիշերվա ժամը հազարին։

3

-Դուք հաճախ եք փորձարարություններ անում և Ձեր հետևորդներին ներկայացնում նոր գույնի ջնարակներ ու տարբեր դիզայնի իրեր, որո՞նք են Ձեր ամենասիրելիները և ինչո՞ւ։

-Այո, մենք սիրում ենք ստեղծագործել, նոր գույներ ստանալ, ինչը շատ բարդ է։ Անընդատ մտածում ենք, թե ինչպիսի նոր աշխատանքներ կարող ենք պատրաստել, ուսումնասիրում ենք պահանջարկը։ Այս գործի մեջ հենց այդ է լավը, որ երբեք չես ձանձրանա՝ միշտ ստեղծագործելու և սովորելու տեղ կա։

Մենք սիրում ենք զարդերը, հոգևոր թեմայով աշխատանքները, փոքրիկ տնային բույսերի համար նախատեսված ծաղկամանները, իսկ թե ինչու, դժվար է պատասխանել, սերն անբացատրելի է:

-Հետաքրքիր է, թե որքան ժամանակ է պահանջվում մեկ կավե իր վերջնական պատրաստելու համար, կպատմեք՝ ի՞նչ փուլերով է անցնում կավն այդ ընթացքում։

-Պրակտիկորեն այն կարող է տևել 1 օրից մինչև 1 ամիս կամ ավելի՝ կախված նրանից, թե ինչ ես պատրաստում՝ կավե փոքրիկ զարդ, թե կարաս։ Մենք սովորաբար պատվերները հանձնում ենք 15-20 օրվա ընթացքում։ Այդ օրերին տրորում ենք կավը, պատրաստում առարկաները, այնուհետև, ըստ անհրաժեշտության, նախշեր ենք անում դրանց վրա, որից հետո սպասում ենք աշխատանքների չորանալուն, հղկում ենք, թրծում վառարանում, լվանում, ջնարակում և կրկին թրծում վառարանում։ Վերջում զարդերին աքսեսուարներ ենք ավելացնում, իսկ մյուս աշխատանքներն ուղղակի փաթեթավորում և հանձնում հաճախորդներին։

-Եղե՞լ են արդյոք մարդիկ, ովքեր աջակցել են, ամեն կերպ հավատացել են Ձեր գաղափարին։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել նրանց աջակցությունը։

-Միանշանակ եղել են և կան։ Մեր առաջին ուսուցիչները՝ վարպետ Ջիվանն ու նրա կինը՝ վարպետ Հռիփսիմեն, ինչպես նաև շատ լրագրող ընկերներ, ովքեր ամեն կերպ աջակցում են, որպեսզի տարածեն մեր մասին, մեր բոլոր ընկերները, ովքեր իրենց օգտագործման համար կամ նվեր գնելիս օգտվում են մեր ծառայություններից։ Շատ շատերն են մեզ աջակցել և աջակցում․ այս փաստը անասելի շատ ոգևորում և վստահություն է տալիս մեզ։ Շնորհակալ ենք բոլորին։

4

-Օգնո՞ւմ, թե՞ խանգարում է մանկավարժի մասնագիտությունը կավագործությամբ զբաղվելուն, ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս երկուսը։

-Մեր կարծիքով՝ կավագործությունն ու մանկավարժությունը շատ նման են միմյանց։ Բոլոր կավագործ վարպետները գիտեն և նշում են, որ կավով աշխատելիս պետք է ամբողջովին խաղաղվես և համբերությամբ անես քո գործը, հակառակ դեպքում՝ կձախողես և աշխատանքները կվնասվեն։ Այսպես է նաև մանկավարժության ոլորտում․ չես կարող առանց խաղաղվելու, առանց համբերատարության և նրբության որակյալ կրթություն իրականացնել։

Ինչպես կավե աշխատանքները պատրաստելիս ենք ամեն բանին ուշադիր, որպեսզի վառարանի ներսում թրծվելիս դրանք չկոտրվեն, այդպես էլ մանկավարժության մեջ պետք է ուշադիր լինես ամեն մանրուքին, որպեսզի կյանքի փորձություններով անցնելիս երեխաները թրծվեն և պնդանան, այլ ոչ թե կոտրվեն։

Կավագործությունը հարազատ է դարձել, քանի որ այն նմանվում է մանկավարժությանը։

-Ի՞նչ երազանքներ ունեք, որոնք և կապում եք «Սաղմոս Կերամիկա»-ի հետ։

-Մենք այս պահին մեկ երազանք ունենք՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հիմնել կավագործության անվճար բիզնես դպրոց տեղի պատանիների համար։ Պատրաստվում ենք մեր արվեստանոցը տեղափոխել Տավուշ։ Գիտենք, որ շատ բարդ է լինելու և շատ պատասխանատու, սակայն վստահ ենք, որ կհաջողենք։ Սա հնարավորություն կտա փոխելու մտածելակերպը, թե երիտասարդները միայն մարզերից են գնում Երևան, այլ ոչ թե հակառակը, թե մարզում հնարավորություն չկա աշխատելու, թե դպրոցականները չեն կարող գումար վաստակել և այլն։

Այս նպատակի համար շուտով դրամահավաք արշավ ենք մեկնարկելու և հուսով ենք, որ Աստծո կամոք կհաջողենք։

5

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք պատանի կավագործներին, ո՞րն է երազանքն իրականություն դարձնելու Ձեր կարգախոսը։

-Պատանի կավագործներին խորհուրդ կտանք խորացնել գիտելիքները, մտածել անկաշկանդ և ստեղծագործել սրտի ուզածի չափ։ Բոլոր խոչընդոտները միայն մեր մտքում են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել, եթե ունենք կամք։

Երազանքը իրականություն դարձնելու մեր կարգախոսն է․ «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛»։