manana arxiv

Մի՛ վախեցիր

Գլուխս առնեմ ու կորչեմ

Մի անգամ հորեղբորս տղայի և տատիկներիս հետ գնացել էինք օպերա: Մի տատիկիս անունը Իննա է, մյուսինը` Ասյա: Իննա տատիկս շատ բարի է և շատ քիչ է բարկանում: Համեմատաբար, Ասյա տատիկս ավելի շատ է բարկանում և հետաքրքիր պատիժներ է հորինում:

Երբ վերջացավ օպերան, ես ու եղբայրս վազեցինք շատ հեռու: Հետո ես շրջվեցի և տեսա, որ Իննան ու Ասյան չկան: Ես շատ վախեցա: Կանգնեցրի եղբորս և ասացի նրան այդ վատ լուրը.

-Երազանքս կատարվեց: Ես ուզում էի ապրել առանց ծնողների, որպեսզի նրանք ինձ չդաստիարակեն:

-Հա, բայց պատկերացնում ես…,- վախից երեսը ծամածռեց եղբայրս:

Ես լռեցի, որովհետև չէր ուզում անգամ դրա մասին մտածել: Միջանցքը լցված էր մարդկանցով: Մենք չէինք կարող անգամ տատիկիս նման մարդ գտնել:

Հետո մեզ տեսավ Ասյա տատիկը և նայեց մեզ վրա այնպես, որ ավելի լավ կլիներ, որ ես ընդհանրապես ծնված չլինեի:

Իսկ Իննա տատիկը պարզապես ասաց.

-Բա ինչո՞ւ էիք փախչում:

Իննա Ազնաուրյան, 11 տ.

 

Դժբախտության ընկերները

Ամռանը ես միշտ գնում եմ Ստեփանավան` հանգստանալու: Այնտեղ է ապրում իմ տատիկի եղբայրն իր ընտանիքով: Անուշիկը` տատիկիս եղբոր աղջիկը, վախենում էր մթից:

Մի անգամ, երբ մենք բակում նստած էինք, տատիկիս եղբայրն ասաց.

-Անուշի՛կ, գնա՛ սենյակի լույսն անջատիր:

-Չէ, չեմ գնա, վախենում եմ,- ասաց Անուշիկը:

Մայրս խնդրեց, որ ես գնամ: Ես էլ, առանց մորս հակառակվելու, գնացի ու անջատեցի լույսը: Երբ ուզում էի դուրս գալ սենյակից.

-Ճըռռ, ճըռռ…- տարբեր կողմերից լսեցի այդ ձայնը:

Ես այնպես վախեցա, որ վազելով իջա ներքև և ճանապարհին սայթաքեցի ու ընկա: Ոտքս շատ ուժեղ ցավեց: Դա դեռ ոչինչ, արյուն էլ եկավ:

Երբ նրանք ինձ տեսան, բոլորը միաձայն հարցրեցին.

-Ի՞նչ է եղել, ո՞նց է եղել:

Ես պատմեցի ամեն ինչ: Բոլորը ծիծաղեցին, բացի Անուշիկից:

-Վերջապես ինչ-որ մեկը հասկացավ ինձ,- գոհ-գոհ ասաց նա:

Քրիստինե Սարգսյան, 12 տ.

 

Փիլիսոփայական հիմնավորում

Ես շատ եմ վախենում մթությունից: Հիմա ես կգրեմ պատճառը:

Իմ մեջ գլխավոր վախը առաջացնում են ֆիլմերը: Գիտնականները ապացուցել են, որ սարսափ ֆիլմերը առաջացնում են նյարդային դող և անհանգստություն:

Շատ մարդիկ մթությունը պատկերացնում են որպես չարության նշան:

Ըստ հռոմեացիների, երբ արևը անհետանում է սարերի հետևը, լուսնից իջնում են ստվերները, որոնք փնտրում են անգետ երեխաներին և քաշում են նրանց հոգին ու տանում լուսին, մինչև որ նրանք խելացի դառնան:

Մի անգամ ես ու ընկերս մի ֆիլմ նայեցինք` «Խավարի տիրակալը»: Մանրամասն չեմ ուզում գրել ֆիլմի մասին: Ֆիլմից հետո ես դողացող ձայնով ասացի «ցտեսություն» ու հեռացա ընկերոջս տնից: Արդեն ուշ էր: Ճանապարհին վախենալով նայում էի ծառերին և քարերին, որոնք մթության մեջ հրեշների տեսք էին ընդունել: Իմ հետևից քայլում էին երկու տղա: Նրանք հասան ճանապարհի կեսին և տղաներից մեկը հեռացավ ճանապարհից, իսկ մյուս տղան բացականչեց.

-Հաջող:

Ինձ թվաց, որ դա իմ կողքի ծառն ասաց, և ես սկսեցի վազել մութ բակով: Դուրս եկա բակից լուսավոր հրապարակ և երբ համոզվեցի, որ իմ հետևից ոչ մի ծառ չի վազում, հանգստացա և գնացի տուն:

Արման Շառոյան, 10 տ

 

Մեծ տեղահանություն

Մի քանի տարի առաջ, ամռանը, երբ մեր վերևի փողոցը քանդում էին, այդտեղի բոլոր օձերը տեղափոխվել էին մեր փողոց:

Մի օր, երբ ես պատուհանից դուրս էի նայում, տեսա մի գծավոր օձ և ամբողջ ձայնով ասացի.

-Օձը, մամ ջան, օձը:

Մայրիկս վազելով եկավ և հարցրեց, թե ինչ է պատահել: Ես վախեցած ձայնով ասացի, որ օձ եմ տեսել: Մայրիկս դուռը փակեց և ինձ ասաց, որ դուրս չգամ: Այդ օձը մի քանի օր մնաց մեր բակում: Այդ օրերին ես տանից դուրս չէի գալիս: Չնայած, որ օձը վախենալու էր, բայց նա մի շատ լավ գործ կատարեց: Մեր բակի մի քանի առնետներին կերավ: Մինչ օրս էլ մեր բակում առնետներ չկան: Երբ առնետներին կերավ, տեղափոխվեց մեր հարևանի նկուղ: Այնտեղ նա մնաց մի քանի օր, բայց քանի որ օձը չէր կարող անընդհատ տնից տուն տեղափոխվել, մեր հարևանները կանչեցին օձ որսացողներին, և նրանք բռնեցին օձին:

Չնայած ես վախենում եմ օձերից, բայց միշտ կարոտով եմ հիշում գծավոր օձին:

Անի Վահանյան, 15 տ.