Anahit Ghazakhetsyan

Միայն թե ոչ զուգահեռ

Ես, օրինակ, պատերին ու դեղնավուն թղթերին գրել ու գծել եմ սիրում, բայց դու կարող ես սովորական թուղթ վերցնել: Ուրեմն, վերցրու ու զուգահեռներ գծիր (հետն էլ աշխարհի ամենատխուր նկարը կտեսնես): Գծիր ու հավատա, որ աշխարհում ապրում են զուգահեռի կյանք վարող մարդիկ: Թե՞ դու էլ ես նրանցից:

Հետո ընկիր երկրաչափական ցանկացած պատկերի հետևից, իրար կողքի, իրար տակ, էստեղ-էնտեղ գծիր եռանկյուն, քառանկյուն, շեղանկյուն ու սեղան: Իրենց պետքն էլ չի, որ հեռու են: Այ, տես՝ մեկը չորս հատված ունի, մյուսը` երեք, տես, որ մենակության անհնարինություն կա:

Անկյունագծեր ու կիսորդներ են տարվում, բարձրություններ իջեցվում, խնդիրները՝ լուծումներ, x-երն ու y-ները՝ արժեքներ ստանում, իսկ մենք պատերին, գետիններին՝ կավիճով, տետրերում ու հուշատետրերում գրիչներով գծված, մեր արժեքն իմացող, բայց դրան բանի տեղ չդնող զուգահեռներ ենք մնում: Ո՞ւմ է պետք. էդպես էլ ուրիշ համաստեղություն կհասնենք ձգվելով, բայց հատման ընդհանուր կետ չենք գտնի: Երևի, էլի:

Ինձ թվում էր՝ ես սկսվում, իսկ ավելի ճիշտ, շարունակվում եմ քո վերջից, բայց դա հեչ էլ այդպես չէ: Որովհետև մեր կյանքը տարբերվում է երկրաչափությունից նրանով, որ դու հեռու ես ու ոչ միայն տարածության մեջ:

Հետո, խնդրում եմ, թե ձեռքիդ ռետին կա, վերցրու ու ջնջիր էս բոլոր անկապությունները: Ջնջիր իմ ու նրա, մյուսի ու էն մյուսի զուգահեռ կյանքերը: Ու չափսոսաս: Կամ էլ մեկիս ջնջիր ու ուղղահայաց իջեցրու: Մնում է՝ ջնջվենք: Ռետինի կարիք լինի, ձայն տուր:

Թքած` լուծվելու կարիք զգացող բոլոր խնդիրների ու երկրաչափական կանոնների վրա:

«Հայր մեր, որ երկնքում ես, կամ էլ չգիտեմ՝ որտեղ, ամեն դեպքում ինչքան գիտեմ՝ ձայնը հավասարաչափ է տարածվում, այսինքն՝ կլսես, ուրեմն՝ թող վերանա աշխարհի երեսից զուգահեռությունը»:

«Թող լինի»-ն ներքևի վանդակի զուգահեռներից մեկն է ասում:

Կողքերից «ամեն»-ներ եմ լսում, կամ էլ՝ դու էլ ես լսում:

Ու մեկ էլ, թե հնարավոր է, թող ռետինը ջնջի մեզ: Սա մտքումս եմ ասում, բայց գիտեմ, որ մյուս զուգահեռներն էլ համաձայն կլինեն ու էլի «ամեն» կասեն:

Ինչքան էլ ճակատագրին չհավատամ, վերագծիր:

Որովհետև ես ամեն օր ձեռքս մեկնում եմ նրան ու թեկուզ մատներիս ծայրով չեմ կպչում:

Բայց գիտեմ, որ էդպես պետք չէ: Գիտեմ: Սկիզբ դիր էսքան ժամանակվա վերջին: Ռետինդ ո՞ւր է… Ռետինդ:

Ու գիտես՝ մեր մտքով էնքան բան է անցել, մեր իրականության համար էնքան խելագար բաներ ենք արել: Այ, օրինակ, դու հաշվե՞լ ես՝ աշխարհում քանի կայսրություն է փլուզվել, ու քանի երկրներ են դադարել գոյություն ունենալ: Ու տեսե՞լ ես՝ իրենց տեղերը հեչ էլ դատարկ չեն մնացել: Մեր տեղն էլ դատարկ չի մնա:

Հեչ չմտածես: