manana arxiv

Միացրե՛ք ուրախ ալիքը

Գժվել կարելի է

Տրամադրությունս բարձրանում է այն ժամանակ, երբ իմ փոքր եղբայրը տանը չի լինում: Եթե նա տանն է, ապա միացված է լինում ձայնարկիչը և նույն ֆիլմը` «Մատանիների տիրակալը»: Նա այնքան է նայել այդ ֆիլմը, որ բառերն անգիր է արել: Այդ ֆիլմն այնքան ուժեղ է ազդել եղբորս վրա, որ նա ձեռքին բռնած փայտը` որպես թուր, թավայի կափարիչը` վահան, այսուայնկողմ է վազում և իրեն զգում է մարտի դաշտում: Էլ չեմ խոսում ներքևի հարևանի գլխացավի մասին:

Երբ ես դասավորում եմ գրքերը, եղբորս անպայման պետք է լինում այն գիրքը, որ դրված է լինում ամենաբարձր դարակի վերջին շարքի խորքերում: Նա դա հանում է, մնացածն էլ թողնում թափված, և ես նորից հավաքում եմ այդ գրքերը:

Այս օրինակները դառը իրականության կեսի կեսն են: Վատն էլ այն է, որ երկուսիս տանից բացակայելու ժամերը համընկնում են, և երբեք տանը մենակ չեմ մնում:

Արփեն Չիչակյան, 14 տ.

 

Ուրախ ալիքով

Երբ արձակուրդները սկսում են, իմ տրամադրությունը սկսում է «բոյ քաշել», քանի որ ես ստանում եմ լիարժեք ազատություն: Տնայիններ չեն լինում, առավոտյան ուշ եմ արթնանում և այլն: Հետո էլ մարդիկ հարցնում են` ինչու են մարդիկ տխուր, մանավանդ երեխաները: Իմ տրամադրությունը բարձրանում է նաև, երբ ես տանը մենակ եմ լինում: Ես կարողանում եմ անել իմ սիրած բաները. խոսում եմ հեռախոսով, խոսում եմ ինքս ինձ, երգում եմ, խաղում, հեռուստացույց դիտում, վախենում, մեկ-մեկ էլ` ծիծաղում, երբ տեսնում եմ, թե ինչ են անում հարևանները: Բայց պետք է նաև, որ տանն ուտելու համով բաներ էլ լինեն: Թե չէ` սովից կմեռնեմ:

Հովնան Բաղդասարյան, 12 տ.

 

Մի՞թե շատ բան էի ուզում

Մի օր ես ու եղբայրս «Sony Playstation-2»-ով «FIFA-08» էինք խաղում: Տասնութերորդ րոպեին ես խփեցի իմ առաջին գնդակը:

Ներքին հրճվանք ապրեցի, քանի որ անցյալ երեք խաղերում ես կրել էի մեկ պարտություն և երկու ոչ-ոքի: Վստահ էի, որ կհաղթեմ այդ խաղը, և իմ վստահությունն արտահայտեցին խփածս երկու գնդակներն ու եղբորս փռշտոցը: Սակայն երկրորդ խաղակեսի սկզբում եղբայրս, ստանալով 11 մետրանոց հարվածի իրավունք, գրավեց դարպասը:

Ես սկսեցի ավելի ու ավելի տխրել: Վատ մտքերն այցելում էին ինձ, և առանց թակելու, մտնում գլուխս: Եվ վերջապես այդ վատ մտքերն իրականություն դարձան: Խաղի 89-րդ րոպեին եղբայրս ստացավ տուգանային հարվածի իրավունք: Պիռլոն, մոտենալով գնդակին, հարվածեց, և գնդակը, ուրվագծելով պարաբոլը, հայտնվեց դարպասի ներքևի ձախ անկյունում: Խաղն ավարտվեց.

-Ոնց եք սիրում մարդու տրամադրությունը փչացնել,- ասացի եղբորս, կարծես ինքն էր մեղավոր, որ պարտվեցի:

Արամ Զատիկյան, 13 տ.

 

Միանգամից երկու տոն

Երբ մայրիկս ուրիշի ցուցահանդեսներն էր կազմակերպում, ես նրան ասում էի.

-Մամ, բա ե՞րբ ես իմ ցուցահանդեսը բացելու:

Մի օր նա ասաց, որ իմ ցուցահանդեսն է անելու ծննդյանս օրը, եթե ես շատ աշխատեմ և շատ նկարեմ: Ես ոգևորված նկարում էի:

Այդ օրը շատ լավ անցավ: Եկել էին իմ դասարանցիները, դասղեկը, ընկերները, բարեկամները: Ցուցահանդեսի ժամանակ մարդիկ ժապավենի շուրջը շրջան էին կազմել:

Մայրիկս ասում է, որ ես ծնված օրվանից նկարում եմ: Երբ ես փոքր էի, ինձ հարցնում էին.

-Ի՞նչ ես ուզում դառնալ:

Ես էլ ասում էի.

-Վրձին:

 

Տիգրան Մարտիրոսյան, 10 տ. 

2008թ.