Մինչև թռիչքը

(«Ուղեկիցներ» շարքից)

«Ուղեկիցներ» շարքը ուղևորությունների ժամանակ ինքնաթիռներում կամ օդանավակայաններում ինձ հանդիպած մարդկանց ճեպանկար-գրառումներն են։

Լուսատախտակի առաջին տողը անվստահ թրթռաց ու փոխվեց՝ լուսավորելով թռիչքի փոփոխված ժամանակը՝ ևս մեկ անգամ ուշ։ Սպասասրահում հավաքված փոքր խումբը միաձայն հառաչեց։ Քնատ ու բարկացած ուղևորները ոտքերը քարշ տվեցին դեպի նստարանները՝ անշտապ տեղավորվելով։ Ոմանք շտապեցին պառկել՝ անմիջապես երկու կամ երեք նստարան զբաղեցնելով։

Թափանցիկ պատից այն կողմ վառվեցին ևս մի քանի լուսարձակ՝ փորձառու նկարիչների պես ընդգծելով հեռվում կայանած մեծ ու փոքր ինքնաթիռների ուրվագծերը։ Դեղին լույսի շերտերը որսացին սև օդում անկանոն հետագծերով սուրացող անձրևակաթիլները։

-Պապ, սոված չե՞ս։

Պատուհանների երկայնքով ձգվող նստարանին նստած երիտասարդ տղամարդը գլուխը բարձրացրեց գրքից ու նայեց իր առջև կանգնած ութ-ինը տարեկան աղջկան և ժպտաց․

-Չէ։

-Բայց ախր, ինչ այստեղ ենք՝ բան չես կերել։

Աղջիկը կիտեց հոնքերն ու թույլ օրորեց գլուխը՝ ցնցելով շեկ մազերի փոքիկ պոչը։ Տղամարդն ավելի լայն ժպտաց ու ծալեց գիրքը՝ մատը պահելով էջերի արանքում։

-Բայց սոված չեմ, որ սոված լինեի՝ կասեի։

Նա առաջ թեքվեց ու ձեռքը դրեց մտածկոտ դեմք ընդունած աղջկա փոքրիկ ուսին։

-Բա դու սոված չե՞ս։

-Չէ-է, ես թխվածք էի կերել, չե՞ս հիշում,- շտապեց վտահեցնել աղջիկը,- ես հետս վերցրել էի։

-Ապրես։ Դե նստիր, դեռ սպասելու ենք։

-Չէ, ես հոգնած չեմ։

Աղջիկը լուրջ դեմքով քայլեց նստարանի երկայնքով՝ ուշադիր ուսումնասիրելով պատուհանից այն կողմ շարված ինքնաթիռներին ու պարբերաբար շրջվելով դեպի հայրը՝ վստահանալով, որ նա տեղում է։

Վերջինս մի քանի վայրկյան նայեց դստեր հետևից, հետո կրկին բացեց գիրքը՝ քթի տակ թույլ ժպտալով։ Ընթերցանության ժամանակ նա պարբերաբար բարձրացնում էր աչքերն ու փնտրում աղջկան։ Քիչ հետո նրա աչքերը փակվեցին, ու գլուխն անօգնական իջավ կրծքին։ Գիրքը նույնպես կռացավ ու բաց էջերով պառկեց տիրոջ մոխրագույն, գործած սվիտերին։ Մի քանի րոպե հետո նա կտրուկ բացեց աչքերն ու անմիջապես անհանգիստ հայացքով չափեց սպասասրահը։ Վերջապես տեսնելով պատուհանի մոտ կանգնած դստերը՝ հանգստացած շունչ քաշեց ու հենվեց թիկնակին։

-Պա՞պ,- լսվեց դստեր ցածր, բայց լուրջ ձայնը,- ինչի՞ ես անձնագիրդ թողել դրսում: Բա որ կորի՞։

Աղջիկը վերցրեց անփութորեն նստարանին գցած անձնագիրն ու խնամքով տեղավորեց իր փոքրիկ պայուսակի մեջ, հետո զգուշությամբ նստեց հոր կողքին՝ պայուսակը դնելով ծնկներին։

-Ես գիտեի, որ դու կվերցնես, դրա համար հանգիստ էի,- ժպտաց տղամարդը։

Աղջիկը հազիվ նկատելի վեր բարձրացրեց գլուխը, աչքերը գոհ փայլեցին։ Մի քանի րոպե շարունակ նա հանգիստ հայացքով նայում էր շուրջը՝ հատակին չհասնող ոտքերը օդում ճոճելով։ Հետո վերցրեց կողքի նստարանին դրված մուգ կապույտ ալբոմն ու թերթեց հաստ, դեղնավուն էջերը, որոնց վրա մատիտով էսքիզներ էին արված։

-Պապ, պապ, բա էս մեկը ե՞րբ ես վերջացնելու,- նա փոքրիկ մատով թփթփացրեց էջերից մեկին,- անցած շաբաթվանից նկարում ես։

Հայրը նույնպես կռացավ ալբոմի վրա, մատով տրորեց գծերից մեկը, փչեց էջին։

-Վաղը,- վստահ ասաց նա։

-Էս մեկն ամենաշատն եմ սիրում,- ժպտաց աղջիկը՝ բացելով մեկ այլ էջ ու քնքշանքով նայելով պատկերին։

Հայրը նույնպես նայեց, ժպտաց՝ ասես մի փոքր ամաչելով։

-Պահեմ մոտս, թե չէ դու կկորցնես,- աղջիկը դժվարությամբ տեղավորեց մեծ ալբոմն իր փոքրիկ պայուսակի մեջ,- դու ամեն ինչ կորցնում ես։ Բա հիմա սոված չե՞ս, պապ։ Ես գիտեմ, դու որ սովածանաս, կմոռանաս հաց ուտել․․․

․․․Լուսատախտակի տողը կրկին դողաց՝ վախվորած հայտնելով, որ թռիչքը կրկին հետաձգվում է։ Սրճարաններն ու գրեթե բոլոր խանութները փակվել էին ու անջատել լույսերը։ Ապակե հսկայական պատի առջև նստած էր միայն երիտասարդ տղամարդը։ Աղջիկը քնած էր նրա գրկում՝ կատվի պես կծկված ու շատ փոքր։ Նրա մի ականջին ականջակալ էր դրված, որի մյուս զույգը հոր ականջում էր։ Վերջինս ամուր գրկել էր դստերը երկու ձեռքով ու նայում էր առաջ՝ պատուհանից դուրս։

Ապակուց այն կողմ թանձր գիշեր էր և ուժեղ փոթորիկ։