tatev tamrazyan erevan

Մինչ հանդիպում

-Մա՛մ, կարմիր գրիչս ո՞ւր ես դրել:

Օրն անցավ: Խաչը դրվեց թվի վրա: Ի՜նչ շատ են էս օրերը, ամեն օր ջնջում եմ, չեն վերջանում: Ինքնասիրություն չունեն էս թվերը։ Ինձ էսքան ջնջեին, ամոթից փախել էի, քեզ էլ վերադարձրել տուն:

Կատակներիցդ նեղանալն ու աղջկական լացուկոծներն էլ հաշիվ չեն: Երեխեքի պահմտոցու պես: «Պաժառ ա»: Դո՛ւրս արի: Ինչքան վաղուց պահմտոցի չենք խաղացել: Ինչքան չեմ լացել ու նեղացել, որ էլի դու հաղթեցիր: Դու արագ ես վազում: Դե, հիմա էլ վազի՛ր ու տուն արի, արագ:

Հիշո՞ւմ ես բակի խաղողենին: Ամոթ էլ չունեինք, տարիքն առած ծառ էր՝ ծերունի, մենք կախվում էինք ոսկորներից ու ճոճվում: Չէ, դու էիր ճոճվում, իսկ իմ ձեռքերի վրա ուժ չկար: Գիտես, ինձ երբեք պետք չեկավ էդ ուժը ո՛չ ճոճվելու համար, ո՛չ էլ խնդիրներս ինքնուրույն լուծելու: Երևի ուժերս պարտքով քեզ եմ տվել, հավաքել եմ բոլոր «ուժեղներից», բերել, լցրել եմ գրպաններդ, որ դիմանաս մեզնից հեռու, ինչպես փոքր թաթիկներովս կոնֆետներ էի տալիս քեզ: Հետախո՜ւյզ: Դու կգտնես այն, ինչ թաքցրել են: Վստահ եմ: Կգտնես այն, ինչը պետք էլ չի, դու կլռես, երբ հարկավոր է ու կխոսես, երբ պահը գա: Դե, եթե կարող ես, մտիր սիրտս ու հետախուզիր բոլոր անկյունները ու գտիր քեզ համար պահված կոնֆետները: Ես վստա՜հ եմ քո արժանապատվության, ճշտապահության, ընկերասիրության ու մնացած բոլոր արժեքներիդ վրա: Ինձ պետք չի քեզ ամեն օր տեսնել, քո ձայնը իմ ականջներում լսվում է՝ որպես ամենաանուշ երգ: Ու քո ծիծաղը զրնգում է որպես կարոտի օրհներգ, որի ժամանակ ոտքի են կանգնում: Ոտքի են ելել սրտիս մեջ ապրող բոլոր զգացումները:

-Բանակում էն իմ տեսած ֆիլմի պե՞ս է:

-Մուլտֆիլմ ես տեսել:

Ուրեմն ես էլ չեմ սիրում մուլտֆիլմերը, եթե էնտեղ պիտի քեզ կարոտենք: Եթե պիտի նկարդ լինի ձեռքիս տակ: Ուզում եմ ես լինել ձեռքիդ տակ:

Հիշում եմ, որ ինձ չէր կարելի գալ էն տեղը, անունը էդպես էլ չսովորեցի, էնտեղ շատ տղաներ կային, իմ տեղը չէր: Ձեր բառերով եմ մտածում ու խոսում, ու եթե մի ժամանակ պիտի կասկածեի ասածիդ ճիշտ լինելու մեջ ու իմ առջև դրված արգելքները կասկածի տակ առնեի, հիմա գիտեմ, հաստատ գիտեմ, իմ մտածելակերպն է դարձել, դու ես էդպես ասել:

Անունդ գրել եմ ուզում, բայց ոչ մեկը չգիտի ժպիտդ՝ աչքերով ժպիտդ: Անունդ չեմ գրի, թող չիմանան ոնց ես ժպտում: Ես գիտեմ:

Մինչ նոր հանդիպում, եղբայր: