Shushan nersisyan

Միշտ չհերիքող մանրուքներ

Դու արդեն վաղուց էլ ոչ մի տեղ չես շտապում, միշտ քայլում ես դանդաղ, մտածկոտ, չես խոսում ծանոթներիդ հետ: Դու վաղուց նրանց մեջ ինչ-որ մեկին ես փնտրում, փնտրում ես ամենուր, և քանի որ չես գտնում, սկսում ես խուսափել նրանցից:

Այդ օրը հերթականն էր: Ոչնչով չտարբերվող նախորդ ու հավանաբար հաջորդ օրերիցդ: Ձգված, ծամածռված, խեղճացած օրդ, որ չգիտես՝ ոնց էր սկսվել ու ոնց էր ավարտվելու, քեզ էր սպասում:
Այդ օրը կանգառում դու էլի ինչ-որ բան, կամ ավելին՝ ինչ-որ մեկին էիր փնտրում: Մինչև տեղ հասար, հազար անգամ շուրջդ նայեցիր ու չգտար: Անկեղծ ասա՝ ո՞ւմ գալուն էիր սպասում: Լա՜վ, կարող ես չասել, գիտեմ, սպասում էիր, որ պիտի գա՞ր, գալու էր, բա չէ՜, հետն էլ ծաղիկներ պիտի բերեր` էն քո սիրած դաշտայիններից: Տալու էր քեզ, ժպտալու էիր, ու բոլորը քեզ երջանիկ էին տեսնելու, ու զարմանալու էին՝ վերջապես քեզ էլ ուրախացնող հայտնվեց… Չկար, չեկավ, ծաղիկներ չբերեց, չզարմացան, չուրախացար:
Իսկ ո՞վ էր անընդհատ զանգում, մինչ սպասում էիր երթուղայինիդ, մի քանի անգամ առանց նայելու անջատեցիր, գիտեի՞ր, որ ինքը չէ: Բայց մի քանի անգամ աչքդ գցեցիր հեռախոսիդ, հա՜, մտածում էիր՝ հեռվից տեսել է քեզ, ուզեցել է առաջարկել միասին մի կանգառ ավելի քայլել, դրա համար է զանգում: Դե հա, ինքը չէր, դու հո չէի՞ր կարող սխալվել:
Բա ինչո՞ւ առաջին պատահած երթուղայինը չնստեցիր, դատարկ էր, չէ՞, լա՜վ, գրեթե դատարկ, ինչո՞ւ չնստեցիր: Բեր խոստովանիր, որ հույս ունեիր՝ կհայտնվի ու կհրավիրի մոտակա սրճարանը: Ծիծաղելի տեսք ունեիր, գիտե՞ս: Պիտի շուտ բարձրանայիր, որ չսառչեիր:
Ինչո՞ւ էիր ձեր թաղամաս հասցնող երթուղայինում պայուսակդ դրել կողքիդ: Դրել էիր, որ մարդ չնստի՞: Հա՜, սպասում էիր, որ հաջորդ կանգառից պիտի ինքն էլ բարձրանար: Կողքիդ պիտի նստեր, քիչ չի, իջնելիս էլ տոմս պիտի վերցներ, չէ՞, քեզ համար: Հետո ճարդ կտրած պայուսակդ դրիր ծնկներիդ, որ էդ խեղճ ուղևորները նստեն, որովհետև նա, ով պետք է բաձրանար, չբարձրացավ, կողքիդ չնստեց, չզրուցեցիք, տոմս չգնեց… Ամեն դեպքում, դու մենակ էիր:
Իսկ որ բակ մտար, ո՞ւմ էիր փնտրում: Չնայած՝ բակերում էլ ո՞ւմ պիտի փնտրեն: Մտածում էիր՝ էն ծաղիկները, որ փողոցում չէր համարձակվել տալ, պիտի բերած դրած լիներ շքամուտքում՝ ձեր դռան առաջ: Չկար: Չէր դրել: Իսկ դու արդեն մտածում էիր՝ ոնց ես սեթևեթելու, ոնց ես սկզբում չեմուչում անելու, հետո հանձնվելու ու վերցնելու: Դու արդեն նույնիսկ մտածել էիր՝ որ ծաղկամանում ես դնելու դրանք: Ծաղիկներ չկային:
Հարևաններդ ի՞նչ էին ուզում, էդ օրն ինչքա՜ն դուռդ թակեցին: Լավ, ինչի՞ էիր նեղսրտում, էդ մարդիկ հո չէի՞ն մտածում, որ դու կարևոր թակոցների ես սպասում: Ամեն թակոցից վեր էիր, չէ՞, թռչում, ախր, ամբողջ օրը չկար, էդ գիշե՞րն էր գալու։ Խորհրդավոր կլիներ, բայց դու ինձանից լավ գիտես, որ չէր գալու:
Լսիր, անհարմար է: Հանիր կոշիկներդ, արձակիր մազերդ: Հանվիր: Շպարդ չմաքրես, չի օգնելու: Հագիր թեթև մի բան ու պառկիր, որ մի քիչ հանգստանաս: Բարձդ փոխիր, վերցրու փոքր, ավելի փափուկ ինչ-որ բան: Գլուխդ իջեցրու բարձին: Ծածկվիր ողջ մարմնով, բաց տեղ չթողնես, որ քամին չսառեցնի առանց այդ էլ սառած մարմինդ: Անջատիր ուղեղդ ու քնիր:
Դե քնի՜ր, ափսոս ես: Հա, ճիշտ ես, քնելն էդքան էլ հեշտ չի, եթե ուղեղդ չես կարողանում անջատել, բայց փորձիր, էլի, ախր, ափսոս ես, շատ ես խեղճացել, ժպիտիցդ էլ բան չի մնացել: Չես քնելու, չէ՞…
Ու միշտ չես քնելու, որովհետև քեզ պակասող մանրուքներ կան: Էդ ծաղիկները, երթուղայինի չգնված տոմսը, կողքիդ դատարկ նստարանը քեզ միշտ պակասելու են, չեն հերիքելու, իսկ եթե պատահմամբ ինչ-որ մեկը հայտնվի ու փորձի դրանք քեզ վերադարձնել, ուղղակի չես ընդունելու, մերժելու ես, կոպտորեն արհամարհելու, որովհետև նա լինելու է մի ինչ-որ մեկը, որ չի հասկանալու մանրուքների նշանակությունը քո կյանքում: Քեզ միշտ պակասելու են մանրուքներ, որոնք կարևոր են, և որոնք չես գտնելու, որովհետև ծաղիկներն արդեն ուրիշներին են տվել, երթուղայիններում ուրիշների համար են տոմսեր վերցրել, դատարկ նստարաններին անծանոթներ են նստել: Այդ ամենը քեզ համար չէ, քոնը քեզնից հեռու է, չի գալու, չես գրկելու… Ծաղիկները, երթուղայինի տոմսը, դատարկ նստարանը մանրուքներ են, քեզ միշտ չհերիքող, պակասող մանրուքներ:

Եթե չես կարողանում քնել, բարձդ շրջիր, սառը երեսի վրա ավելի շուտ են քնում: