arxiv

Մի անգամ բակում

Մի անգամ դասից տուն վերադարձա, լավ էր, քիչ դաս ունեի: Դասերս վերջացրի և որոշեցի իջնել բակ: Արևոտ եղանակ էր, տաք, մի խոսքով` իսկական խաղալու:

Եվ այսպես, իջա բակ, բայց երեխա չկար: Դե ինչ, պետք է դիմեմ հեռախոսի օգնությանը: Եկա տուն` ի՞նչ տեսնեմ, հեռախոսը չի աշխատում: Ուրեմն, պետք է ձայնիս դիմեմ: Սկսեցի հերթով բղավել ընկերներիս և ընկերուհիներիս անունները: Պարզվեց, դա էլ չի օգնում: Մնում է այցելեմ տները` իմ չսիրած բանը: Ճիշտ է, մայրիկս էլ արգելել է, բայց ընկերությունը զոհեր է պահանջում, փոխաբերական իմաստով:

Գնացի թակեցի դռները: Մեկը դաս էր սովորում, մյուսը տանը չէր, մի քանիսն էլ ասացին, որ ճաշելուց հետո կիջնեն:

Ոչինչ չմնաց անելու: Ստիպված եմ մենակ խաղալ կամ տուն գնալ, տանը ինչ-որ բանով ժամանակ անցկացնել: Եթե տուն գնամ, կարող եմ խաչբառ լուծել, բայց հոգնել եմ արդեն խաչբառներից: Կարող եմ քույրիկիս հետ խաղալ, բայց քույրիկս դաս է սովորում: Կարող եմ մյուս օրվա դասերը սովորել, բայց դասերից հոգնել եմ, հազիվ մի օր շուտ եմ վերջացրել: Կարող եմ հեռուստացույց դիտել, բայց հեռուստացույցն այնքան շատ ալիք է բռնում, որ հեռակառավարման վահանակը երբ իմ ձեռքն է ընկնում, մի ալիքը մի րոպե հազիվ եմ թողնում, անընդհատ փոխում եմ: Կարող եմ նկարել, բայց ներկերս թողել եմ հայրիկիս արվեստանոցում, իսկ հայրիկս քաղաքում չէ:

Ավելի լավ է բակում միայնակ խաղամ, բայց ի՞նչ խաղալ: Երբ մտածում էի, թե ինչ խաղալ, ընկերներս ու ընկերուհիներս իջան բակ, և ես իմացա, թե ինչով կարելի է զբաղվել, երբ մենակ ես: Դե, իհարկե, կարող ես մտածել, թե ինչով զբաղվել, և ժամանակդ կանցնի մինչև ընկերներիդ և ընկերուհիներիդ գալը:

Նարե Աղաբաբյան 10 տ., 1999 թ.