Մի անգամ զորամասում

Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի

Մի ամիս առաջ մեր թիվ 190 ավագ դպրոցում սկսվեց բուռն եռուզեռ: Դպրոցին ընձեռնվել էր զորամաս այցելելու եզակի հնարավորություն: Բոլորը ցանկանում էին ընդգրկվել գնացողների կազմի մեջ: Բայց քանակը սահմանափակ էր: Երկարատև քննարկումներից հետո վերջապես ընտրվեց աշակերտական կազմը, որի մեջ, ցավոք սրտի, ես չկայի:

-Ընկե՛ր Դումանյան, ախր ես էլ կարող եմ ասմունքել: Ասմունքողները քիչ են: Էնպես արեք, որ ես էլ գամ,- խնդրեցի դասղեկիս:

-Կխոսեմ ընկեր Խաչատրյանի հետ,- հուսադրեց նա:

-Համ էլ էդ օրվա մասին դպրոցի կայքի համար հոդված կգրեմ,- խոստացա ես:

Բարեբախտաբար  դասղեկս կարողացավ համոզել ընկեր Խաչատրյանին: Եվ մարտի 18-ին առավոտյան ժամը 08:30-ին մենք ճանապարհ ընկանք զորամաս: Ճանապարհն անցավ շատ ուրախ և հետաքրքիր: Հասնելուն պես մենք զինվորներին հանձնեցինք նվերները, որ պատրաստել էինք նրանց համար: Ի դեպ, դպրոցի բոլոր դասարանները ունեցել էին իրենց ներդրումը, ինչի արդյունքում հավաքվել էր հագուստի, սննդի և տնտեսական ապրանքների ահռելի պաշար: Մենք պատրաստել էինք նաև փոքրիկ միջոցառում, որի ընթացքում երգեցինք, ասմունքեցինք, պարեցինք զինվորների հետ միասին: Միջոցառման վերջում մենք զինվորներին հանձնեցինք նամակները, որ գրել էինք նրանց համար: Նամակները զինվորներին շատ ուրախացրին: Չէ՞ որ դրանք մեծ ուժ են ծառայող զինվորի համար:

Օրվա ընթացքում ես զրուցեցի մի քանի զինվորի հետ: Նրանցից մեկը՝ Էդուարդ Հարությունյանը (ք. Արմավիրից), արդեն 14 ամիս է, ինչ ծառայում էր: Նա հարմարվել էր զորամասին և գոհ էր իր ծառայությունից:

-Իսկ որ վերադառնաս տուն, առաջինը ի՞նչ կանես,- հարցրի նրան:

-Կգրկեմ, ծնողներիս կգրկեմ,- անկեղծացավ նա:

Բոլոր զինվորներն էլ գոհ էին ամեն ինչից և պատրաստակամորեն կատարում էին իրենց պարտականությունները՝ ապահովելով մեր բոլորի խաղաղ ու անվտանգ առօրյան:

Մենք ծանոթացանք  նաև զինվորների առօրյային, շրջեցինք զորամասով, պատկերացում կազմեցինք տեղանքի, զրահատեխնիկայի մասին: Ճաշեցինք զինվորների հետ և նրանց նվիրեցինք Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված անմոռուկ կրծքանշանները:

Օրվա վերջում մենք հրաժեշտ տվեցինք զինվորներին և ճանապարհ ընկանք: Ճանապարհին այցելեցինք նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:

-Միլենա՛, հը՞ն, գո՞հ ես, որ եկար,- հարցրեց ընկեր Խաչատրյանը:

-Հա, բա ոնց, ընկե՛ր Խաչատրյան: Շնորհակալ եմ:

-Դե տեսնեմ՝ ինչ հոդված ես գրելու:

-Գրելու եմ, կտեսնեք, էնպես եմ գրելու որ…

Մենք տուն վերադարձանք ուշ երեկոյան՝ հույսով, որ նման հագեցած օրեր դեռ էլի կունենանք: