arpineMikayelyan

Մի արագիլի պատմություն

-Ա՛ն, իսկ ձեր գյուղում հայկական եկեղեցի կա՞ր,- մի անգամ զրույցի ընթացքում հարցրի ազգակցուհուս՝ Անիին, որը եկել էր Ախալքալաքի փոքրիկ գյուղից:

-Հա՛, իհարկե, հենց մեր տան կողքին էր, ու երևի դրանից էր, որ երազումս շատ հաճախ էի սրբերի տեսնում:

-Ի՜նչ հետաքրքիր է, ինձ հետ նման դեպք երբեք չի պատահել: Իսկ դու հաճա՞խ էիր գնում եկեղեցի:

-Գրեթե ամեն երեկո: Կուզե՞ս մի շատ հետաքրքիր և հուզիչ բան պատմեմ դրա հետ կապված։

-Հա՛, հա՛, լսում եմ,- խանդավառված տեղիցս թռնելով՝ բացականչեցի:

-Լավ։

Ստացվել էր այնպես, որ եկեղեցու գմբեթի խաչն ընկել էր, ու այդ ընթացքում արագիլները բույն էին հյուսել այդ նույն տարածքում ու ապրում էին իրենց փոքրիկ ձագուկների հետ: Դե, բնական է, որ բույնին ոչ ոք ձեռք չէր տա, հետևաբար նրանք հրաշալի ապաստարան ունեին, դե, մենք էլ մեծ ուրախությամբ և հիացմունքով էինք դիտում իրենց: Բայց օրերից մի օր՝ ուշ գիշերին, քամի ու փոթորիկ եղավ, որին հաջորդեց կայծակը. էնպիսի մի կայծակ, որը ի զորու էր մեծ ավերածություն գործել: Ես այդ երեկո տանից դուրս չեկա, քանի որ սարսափում եմ կայծակներից, թեև այն դադարել էր: Հաջորդ օրը՝ լուսադեմին, ձայներ հասան ականջիս, ու վեր թռա տեղիցս: Դուրս եկա տանից ու տեսա, որ եկեղեցու բակում մի մեծ ամբոխ էր հավաքվել: Մոտեցա ու կարողացա ճեղքելով մարդկանց բազմությունը՝ հասնել եկեղեցու դռան մոտ ու տեսնեմ՝ ինչ… Մարդիկ ցավով ու հիասթափությամբ աչքերները հառել էին անշնչացած արագիլներին, որոնց սպանել էր այդ չարաբաստիկ կայծակը, իսկ բույնը ավերվել էր: Մի քանի արագիլներ էլ դեռ քանդված բույնի վրա ընկած էին, որոնց հատուկ սարքավորումներով ներքև իջեցրին: Մենք դրանց հողի մեջ թաղեցինք՝ մտածելով, որ կենդանության կգան, բայց ապարդյուն:

-Տե՜ր Աստված, ինչքան ափսոս…

Սակայն ձագուկներից մեկը դեռ շնչում էր: Գյուղացիներով նրան վերցրինք, պահեցինք ու մեծացրինք՝ մեր երեխայի պես. պարզապես, նա բոլորինս էր: Սկզբից փորձում էր հեռու մնալ մարդկանցից, բայց ժամանակի ընթացքում ընկերացանք: Այդ փոքրիկ չարաճճին սովորել էր, որ մենք պետք է նրա հետ կիսենք մեր հացը ու չէր էլ փորձում կեր փնտրել: Հա, ի դեպ, նա շատ-շատ էր սիրում ձուկ ու գորտ ուտել: Նա արդեն չէր վախենում մարդկանցից, այլ ազատ շրջում էր տարածքում, մոտենում գյուղացիներին՝ թեկուզ շոյվելու համար:

Լսիր, մի օր էլ, երբ զարթուցիչս չէր արթնացրել ինձ, ու ես չէի հասցրել ճիշտ ժամին դպրոցում լինել, հանկարծ պատուհանիս կտկտոց լսեցի. կարծեցի, թե փողոցի չարաճճի փոքրիկներն են մանր քարեր նետում դեպի իմ սենյակի պատուհանը: Բարկացած վեր կացա, որպեսզի դուրս գամ տանից և մի լավ դաս տամ այդ չարաճճիներին: Բայց երբ բաց արեցի պատուհանը, տեսա, որ ոչ թե երեխաներն են, այլ այն փոքրիկ արագիլը, ով եկել էր ինձ արթնացնելու:

-Իսկ դպրոցում չբարկացա՞ն ուշանալուդ համար։

-Դե՜ հա, ամենավատն էլ այն էր, որ հենց տնօրենի դասն էր: Բայց գիտե՞ս՝ այդ օրից ի վեր ես այլևս չուշացա դասից. նախ զարթուցիչս էր զնգում, այնուհետև պատուհանիս կտկտոցը… Այո՛, նա մեր լավագույն ընկերն էր։ Ախր շատ էինք սիրում, է՜:

-Իսկ հիմա՞, մինչև հիմա այդտե՞ղ է ապրում։

-Ափսոս, հիմա տեղեկություն չունեմ: Գուցե կրկին բույն է հյուսել այն նույն տեղում, որտեղ իր հայրն ու մայրն էին իրենց համար ապաստան գտել, կամ էլ մեկ այլ վայրում, չգիտեմ…

-Ինչ հուզիչ է։ Հուսով եմ, որ այդ արագիլը նույնպես կունենա ձագուկներ ու նրանց կբերի, որպեսզի ընկերանան իր հարազատ գյուղացիների հետ:

-Հա, ես էլ հույս ունեմ, որ երբ գնամ էնտեղ, կհանդիպեմ իմ հին ընկերոջը։

Մեր կյանքն իրոք զարմանահրաշ է։ Թռչուն լինի, թե կենդանի, կամ էլ այն փոքրիկ սարդիկը, որը ժրաջանորեն ճերմակ սարդոստայն է հյուսում և նույնիսկ մրջյունը, որը անընդհատ այս ու այն կողմ կեր է փոխադրում, շատ հնարավոր է, որ մի օր դառնա լավագույն ընկերդ:

Հ. Գ. Ի դեպ, Անին հիմա այնտեղ է ու իր փոքրիկ ընկերոջ հետ ջերմ ողջույններ է ուղարկում քեզ։