zara ghazaryan

Մի բանով օգնե՞մ

-Մի բանով կօգնե՞ք, մի բանով օգնեք, էլի, երեխես մեղք ա:

Սարսափելի հայացքով ուղիղ աչքերիս մեջ նայելով, երեխան գրկին՝ աղերսում էր մի կին։ Փորձեցի սառն անցնել: Պետական համալսարանից մինչև տնտեսագիտական քայլեցի, բայց հայացքը հանգիստ չէր տալիս: Հետ դարձա ու ճանապարհին հիշեցի, որ այդ կինը նույն այն մայրն էր, որին շարունակ տեսնում էի Սուրբ Սարգիս եկեղեցու պատի տակ՝ նույն դերում: Երեխայի համար ինչ-որ բաներ էի գնել։ Երբ մեկնեցի կնոջը, այնպես զարմացավ, կարծես նոր ինքը չէր տվողին՝ օրհնող, սառն անցնողին՝ անիծողը:

Մի քանի օր անցավ: Երեխայի աչքերը չէի մոռանում: Անընդհատ անցումների տակ փնտրում էի նրանց: Սովորական առավոտ էր, դասի էի գնում, մի կին երեխայի հետ բարձրացավ, ու տրանսպորտում տեղ չկար: Տեղս փորձեցի զիջել կնոջը, բայց նա մերժեց՝ խնդրելով միայն երեխային գրկել: Երթուղայինը այնքան լիքն էր, որ կնոջ դեմքը այդպես էլ չտեսա: Առաջին հայացքից ճանաչել էի երեխային: Մուրացկանի երեխան էր, միայն թե հագուստը կոկիկ ու մաքուր: Մինչև իջնելը հասցրի լսել կնոջ խոսակցությունը իր բիզնեսի մասին, տեսնել սիրալիր վերաբերմունքը, բավականին թանկ հեռախոսը… Մենք նույն կանգառում իջանք: Ճանաչեց ինձ: Երեխային գրկեց ու ոտքը արհեստականորեն կախ գցելով փախավ: Գուցե և ամաչեց:

Մի բանով օգնե՞մ: Իսկ ինձ ո՞վ կօգնի…