anahit badalyan (kapan)

Մի բան այն չէ

Բարև՜: Իսկ դու արդեն զարդարե՞լ ես տոնածառը, գնե՞լ ես նվերներ ընտանիքիդ անդամների համար, գրե՞լ ես հերթական նամակդ Ձմեռ պապիկին: Ես՝ չէ: Ու վախենամ՝ էդպես էլ չանեմ ոչինչ: Գիտե՞ս՝ ինձ մոտ էլի են պահեր եղել, երբ տրամադրություն չեմ ունեցել, ինչ-որ բան չեմ ցանկացել կամ պատրաստ չեմ եղել տոնին: Բայց քաղաքի գունավոր լույսերը տեսնելուց ու խանութների բակերում վաճառվող եղևնիների մոտով անցնելուց հետո՝ ամեն ինչ անցնում էր: Իսկ հիմա՞: Հիմա էդպես չի: Համարյա ամեն օր անցնում եմ փայլերով զարդարված խանութների մոտով, տեսնում եմ Կապանի մեծ տոնածառը, վառվող լույսերը, հակառակի պես, քաղաքն այս անգամ իրոք հրաշալի է զարդարված: Բայց ոչինչ չի բարձրացնում տրամադրությունս: Գիտե՞ք՝ ինչից եմ հասկանում դա: Ամեն տարի, երբ դեկտեմբերը կիսվում էր, մոտենում էր Ամանորը, միտքս ամբողջությամբ տարվում էր ամանորյա միջոցառումներով, երգերով, նոր հագուստ գնելով, տոնածառ զարդարելով, մոռանում էի դասերիս մասին, ուզում էի՝ հնարավորինս շուտ ավարտվի կիսամյակը, մի կողմ դնեմ գրքերն ու տետրերը ու վայելեմ տոնը:

Ես դպրոցում լավ եմ սովորել, լավ եմ սովորում, բայց չնայած դրան՝ ինձ մոտ էլ էր երբեմն հասունանում դասերը թողնելու ու տոնին տրվելու այդ մեծ ցանկությունը: Այդ ժամանակ ես զգում էի՝ ինչքան ուժեղ եմ սիրում Ամանորը: Իսկ հիմա՞: Հիմա հաշվարկում եմ մտքումս. ամսի 21-ին կգնամ Ամերիկյան անկյուն, 22-ին կգնամ մաթեմի, հետո շաբաթ-կիրակի անգլերեն կանեմ, մի լավ գեղարվեստական գիրք կա, երկուշաբթի օրվանից դա կկարդամ, ամսի 25-ին մաթեմի շտեմարանից կսկսեմ պրոգրեսիաները, երևի հունվարի 7-8-ին արդեն ավարտած կլինեմ թեման ու կանցնեմ ֆունկցիաներին:

Նկատո՞ւմ եք, էնքան տարօրինակ սառնությամբ եմ մտածում գալիք օրերի մասին, ասես մի հերթական ամիս եմ գլորում: Մարտից սպասում եմ Ամանորին, որ նախորդ Ամանորին պահածս չիրականացած երազանքը նորից պահեմ ու այս անգամ ավելի հավատամ: Բայց ի՞նչ Ամանոր, ի՞նչ բան… Անցյալ տարի էս ժամանակվա իմ մտքերն էին. «Ամսի 23-ին կավարտենք դասերը, նույն օրը դպրոցական միջոցառումը կլինի, էլի երևի կերգեմ Mariah Carey-ի All I Want For Christmas-ը (դե, ամեն տարի էդ եմ երգում, շատ եմ սիրում էդ երգը), 25-ին դասարանով կհավաքվենք, մի լավ կուրախանանք, էդ ընթացքում համ էլ տոնածառը կզարդարենք ու… հավես կլինի»:

Ախր, ես հիմա էլ կարող եմ էսպիսի պլաններ ունենալ, առաջին հայացքից խանգարող ոչինչ չկա: Բայց ներսումս էդ բոցկլտացող լույսը չկա: Չգիտեմ, քաղաքի լույսերը մեջս ոչինչ չեն փոխում, մաթեմի գրքերը «չեն խնդրում», որ իրենց մի կողմ դնեմ ու գնամ տոնածառ զարդարելու: Ահավոր անհավես եմ: Տեսնես՝ ինչի՞ց է:

Ինչո՞ւ Նոր տարին մեջս զգացնել չի տալիս: Ասում եմ՝ կարո՞ղ է մեծացել եմ…