Mari Baghdasaryan malishka

Մի երիտասարդի մասին

Չեմ տա նրա անունը, պարզապես կպատմեմ նրա մասին։

Նա կիթառահար էր։ Հազարավոր կիթառահարներից մեկը։ Պարզապես նվագում էր հաճույքի համար, իրեն հանգստություն էր բերում կիթառի լարերին դիպչելը։
Չգիտեմ՝ ինչպես էր սկսել կիթառ նվագել, սովորե՞լ էր փոքր տարիքում, թե՞ ինքնուս էր։ Նա շատ լավ էր նվագում, նվագում էր այն երաժշտությունը, որն իրեն հոգեհարազատ էր։ Ես երևի այն եզակիներից էի, ում մոտ նա նվագեց։ Ասում էր, որ ուրիշների ներկայությամբ չի նվագում, չի սիրում, որ իրեն տեսնում են նվագելիս, բայց ինձ համար նվագեց։
Նաև նկարում էր, հիմնականում՝ գունավոր ներկերով։ Ասում էր՝ հեշտ է ստացվում գունավորով սպիտակի վրա խզբզել։ Նրանից երբեք չեմ լսել, որ ասի՝ նկարել եմ, միշտ ասում էր՝ խզբզել եմ, խզբզանք է, մեծ բան չի՝ ծով է, մայրամուտ, նավ ու ափին կանգնած մի աղջիկ, խզբզանք է, էլի։
Լավ ձայնային տվյալներ ուներ։ Երգում էր, հիմնականում ռուսական մի քանի երգ էր շատ սիրում ու այդ երգերն էր հաճախ երգում։
Ընդունվեց համալսարան, հետո գնաց ծառայության։ Երկու տարին անցավ, ու նա վերադարձավ։ Այդ ընթացքում նրա կյանքում շատ բան էր փոխվել, ծառայության առաջին տարին դեռ չէր անցել, երբ լսեց հոր մահվան լուրը։
Վերադարձավ, բայց առաջվա կենսուրախ տղան չէր, որին ճանաչել էի, դա հասկացա նրա հետ խոսելու առաջին րոպեներից։ Չգիտեմ՝ հոր կորուստն էր նրան այդքան սառն ու անտարբեր դարձրել, թե մեկ այլ բան։ Խոսելուց ժպտում էր, կամ էլ ձևացնում էր, որ ժպտում է, որ չտեսնեի իր տխրությունը։ Բայց մեկ է՝ նրա դարչնագույն աչքերում մի այնպիսի տխրություն կար, որ ես առաջին անգամ էի տեսնում։
Ասաց, որ թողել է նվագելը, երգելը, նկարելը, թողել է այն ամենն, ինչով առաջ զբաղվում էր։ Հիշեցրի, թե ինչպես էր նվագում տարիներ առաջ, բարկացավ։ Ասաց.

-Դա տարիներ առաջ էր, ես մոռացել եմ, թե ինչպես են բռնում կիթառը, դու էլ մոռացիր, որ լսել ես իմ նվագը։

Ոչինչ չասացի։ Հասկանում էի նրա ցավը։ Նաև հասկանում էի, որ առաջվա երիտասարդը չի իմ դիմաց կանգնած, այլ մեկ ուրիշն է, ինձ շատ ծանոթ և միևնույն ժամանակ՝ օտարացած։