Ani Harutyunyan

Մի զինվորի

Երբ դու գնացիր կամ քեզ տարան ծառայության, ես 16 տարեկան էի։ Իմ աչքին դու արդեն այնքան մեծ էիր, հասուն։ Արդեն 18 տարեկան. ա՛յ, տարիք եմ ասել, է՜։ Չափահաս է, իր գլխի տեր, տղան այնքան է մեծացել՝ արդեն բանակ է գնում։ Դու ինձ համար մեծ էիր, քանի դեռ ես ինքս 18 տարեկան չէի դարձել։ Դու չգիտեիր, որ քո 18-ից ես վախենում էի, իսկ իմ 18-ում ես դեռ չեմ կարողանում հասկանալ՝ վանիլայի՞ն պաղպաղակ եմ սիրում ես, թե՞ շոկոլադե։ Քո 18-ում դու արդեն զենքի ծանրությանն էիր վարժվել։

Ինձնից լավ ես հիշում, երևի, այն օրը, երբ իմացար, թե որտեղ ես ծառայելու։ Առաջինը ինձ էիր զանգել, դու ես ասել. դե, ծնողներդ էդտեղ էին, իսկ հաջորդ կարևոր մարդը կարծես թե ես էի։ Թեյիս մեջ շաքարավազը դեռ չէր հալվել, երբ ասացիր: Գիտեի՝ Արցախ։ Ես էլ գիտեի, բայց էդ ո՞վ էր ականջիս շշնջացել, որտե՞ղ էի կարդացել՝ չգիտեմ, չեմ հիշում, բայց գիտեի։ Թեյս չհասցրեց սառչել, երբ ես վերջնական հարմարվել էի տարածությանն ու հեռու լինելուդ։

Օրերն անցում էին, կամ մենք էինք մի կերպ անցկացնում, երբեմն վազում էին, չէինք հասցնում, բայց արդեն մեկ տարվա ծառայող էիր: Հիշո՞ւմ ես, ասում էիր՝ էլ «մալադոյ» չեմ, սերժանտ եմ, սերժա՛նտ, կպատկերացնեի՞ր։ Մտքումս ասում էի՝ հա, չես հավատա, բայց կպատկերացնեի. չգիտեմ՝ ո՞ւմ կտավում էի տեսել, ո՞ր հեղինակի տողերում էի կարդացել, որ այդքան շոշափելի պատկերացնում էի։ Մի տեսեք՝ տղան այնքան է մեծացել, որ սերժանտ է ստացել, վաստակել, դարձել։

Մինչ դու բանակում էիր, ես կրկնվող օրեր քիչ եմ ունեցել. դրանք պարապմունքներիս օրերն էին, իսկ դու ամեն օր նույնն էիր ապրում գրեթե, դեժավյուները սովորական օրերդ էին արդեն։ Քո գնալուց հետո ես հայոց լեզվի հետ ավելի երկար էի մնում իմ սենյակում։ Ասել էիր՝ քիչ «ստեղ-ընդեղ» կգնաս, ուշադիր կլինես։ Լինում էի։ Մինչ դու կեսօրդ շարային հրապարակում էիր անցկացնում, ես հասցրի ի վերջո «հախճապակի» բառը ճիշտ գրել սովորել, դերբայական դարձվածքը գտնել, կետադրել։ Ես հասցրի անձնագիր ստանալ, գործերս տանել համալսարան, 3 քննություն տալ ու ընդունվել, հասցրի ևս երկու անգամ դիտել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, իսկ դու ամեն օր նույն շարայինին ու կրակայինին էիր գնում։ Սեպտեմբերին ես առաջին անգամ ինձ ուսանող զգացի։ Դու, երևի, հերթական պարապմունքդ էիր անցկացնում։

Իմ կյանքում փոփոխություններն ամեն օր էին կատարվում։ Զգում էի, որ խոսելիս ավելի շատ էի ես պատմում, իսկ դու միշտ՝ դե, ոնց գիտես, նույնը։ Էլի, նորից, կրկին։

Բան չմնաց գալուդ: Արդեն 20 տարեկան ես, իսկ ես այնքան եմ, որքան դու գնում էիր։ Տեսա՞ք՝ տղան այնքան է մեծացել, որ արդեն պարտքը կատարած տուն է գալիս։ Իմ կողքով էլ 2 տարին հենց այնպես չի անցել, այնքան եմ մեծացել, որ համալսարանում դասերս ավարտելուց հետո ինքնուրույն գալու եմ քեզ դիմավորելու։