Մի կյանքի պատմություն

Հարցազրույց հարևանուհուս՝ Դիանա Մանուկյանի հետ

-Ես գիտեմ, որ դուք Բաքվից եք եկել Հայաստան: Կպատմե՞ք` ինչքա՞ն ժամանակ եք ապրել Բաքվում և քանի՞ հոգի եք եղել ընտանիքում:

-Ես ութ տարեկան եմ եղել, երբ Բաքվից գաղթեցինք: Ընտանիքում եղել ենք վեց հոգի՝ ես, մայրս, հայրս, տատիս, պապիս ու հորաքույրս:

-Ինչո՞վ էիք Բաքվում զբաղվում:

-Մամաս հորաքրոջս հետ աշխատում էր ֆաբրիկայում, պապաս՝ պահեստում, տատիս ու պապիս էլ թոշակառու էին: Ես ծնվել եմ Բաքվում, իսկ մայրս ծնվել է Գորիսում:

-Ինչո՞ւ Բաքվից տեղափոխվեցիք Հայաստան:

-Ես 8 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք: 1988թվականին ենք եկել, երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը: Մենք հավաքեցինք մեր ունեցվածքը ու ինքնաթիռով եկանք Հայաստան, որպես փախստական ընտանիքի մեզ օգնեցին: Թողեցինք մեր տունը. հայրս շատ դժվարությամբ համաձայնվեց փախչել: Չէր ուզում թողնել իր արդեն հարազատ դարձած տունը և ապրելակերպը: Բաքվում ահավոր իրավիճակ էր: Սումգայիթյան ջարդերից հետո հայերը հասկանում էին, որ այնտեղ այլևս անհնար է ապրել: Երբ հասանք Հայաստան, ապրեցինք հորս հորեղբոր տանը: Մայրս հղի էր, ու ծննդաբերելու ժամանակն էր: Քույրս ծնվեց դեկտեմբերի չորսին: Մենք բոլորս մեկ տխրում էինք, մեկ ուրախանում քրոջս ծնունդով: Չգիտեինք, թե ինչպես պիտի պահենք երեխային, բայց միևնույն ժամանակ, երջանիկ էինք: Բայց այդ երջանկությունը շատ կարճ տևեց: Դեկտեմբերի յոթին տեղի ունեցավ այդ չարաբաստիկ երկրաշարժը: Մայրս, չգիտեմ թե ինչպես, բայց հրաշքով կարողացել է փրկել իրեն ու երեխային: Անցավ որոշ ժամանակ, պետությունը մեզ տուն տվեց Արմավիր քաղաքում, որտեղ մինչև հիմա ապրում են ծնողներս:

-Իսկ ի՞նչ կրթություն եք ստացել Հայաստանում:

-Ես մեկ տարի Բաքվում դպրոց եմ գնացել: Երբ տեղափոխվեցինք, ես 2-րդ դասարան գնացի: Արմավիրի 5-րդ դպրոցն եմ հաճախել ու ավարտել: Բարձրագույն կրթություն չունեմ:

-Իսկ Հայաստանում որպես փախստականի ձեր հանդեպ խտրականություն եղե՞լ է:

-Այո: Երբ փոքր էի, ինձ հետ ոչ մեկը չէր խաղում: Բոլորն ինձ թուրք էին ասում: Կռվում էին հետս, քարերով հարվածում էին, հագուստս պատռում էին, ու ես ամեն օր պատռված շորերով տուն էի գնում:

-Ձեր հարևանները ինչպիսի՞ վերաբերմունք էին ցուցաբերում ձեր հանդեպ:

-Մեր հարևանները շատ լավ էին վերաբերվում մեզ: Այդ հարցում մեր բախտը բերել է: Ամեն պահի մեկը գալիս էր, որ տեսներ, թե ինչի կարիք ունենք:

-Կպատմե՞ք ձեր ընտանիքի ներկայիս կյանքի մասին:

-Դե հայրս բանվոր է աշխատում, իսկ այ, մայրս հիվանդ է: Երկրաշարժի, կռիվների հետևանքով մայրս մեծ սթրես էր տարել, որն էլ անհետևանք չմնաց: Հիմա մամաս բուժման կարիք ունի, բայց հնարավորություն չկա. դեղերը շատ թանկ են:

-Դիմե՞լ եք որևէ պետական կառույցի օգնություն ստանալու նպատակով:

-Ոչ: Ոչ մի տեղ չենք դիմել, ոչ մի կազմակերպության: Մենակ նպաստ ստանալու համար հետաքրքրվեցին, բայց ասացին` չի հասնում:

Հիմա ես ունեմ ևս երկու եղբայր: Փոքրը ծնվեց, երբ մամաս քառասուն տարեկան էր: Նրան ես էի պահում, երբ ընդամենը ինը տարեկան էի: Ծնողներս անդադար աշխատում էին և ժամանակ չունեին: Մեծ եղբայրս Ռուսաստան է գնում-գալիս. աշխատում է: Նա ամուսնացած էր և ուներ մեկ տղա: Բայց… Տղան վեցերորդ հարկի պատշգամբից ընկավ ու մահացավ, երբ ընդամենը հինգ տարեկան էր: Դեպքը մորս առողջության վրա նույնպես շատ վատ անդրադարձավ: Փոքր եղբայրս երկու տարեկան էր, երբ ես ամուսնացա: Ես նույնպես միջոց չունեմ մամայիս օգնելու, որովհետև ես հաշմանդամ երեխա ունեմ: Բժիշկները ասում են, որ պիտի ամեն տարի երեխայիս տանեմ Գերմանիա վիրահատության, որը շատ մեծ գումարների հետ է կապված…

Տխուր պատմություն է, որի մասին ես ոչինչ չգիտեի, մինչև որոշեցի հարցազրույց անել հարևանուհուս հետ: Հուսով եմ, նրանց կյանքում ամեն բան դեպի լավը կփոխվի: