ella mnacakanyan yerevan

Մի հեքիաթի պատմություն

Ես արթնացա ուղղաթիռի մոտեցող ձայնից: Արթնացա՞… Հըմ, մի քիչ ճոխ է ասված: Արթնանալու համար նախ քնել է անհրաժեշտ, իսկ ես պարզապես նիրհել էի՝ վերջին օրերի ընթացքում միայն առաջին անգամ: Արդեն երրորդ օրն էր, ինչ ես փորձում էի քնել ուղղաթիռների ձայների ներքո ու դեռ չննջած արթնանում էի՝ կա՛մ հերթական ուղղաթիռի, կա՛մ էլ զարթուցիչի ատելի ձայնից: Արթնանում էի ու աչքերս բացելուն պես մոտենում պատուհանին, մի տեսակ ափսոսանքով ու հետաքրքրասիրությամբ նայում հեռացող ուղղաթիռին: Ու գլխումս շարունակ մի միտք էր՝ միայն թե դրա մեջ չլինի նա… Իսկ գուցե ավելի լա՞վ լիներ, եթե թեկուզ այդ օրը նա լիներ ինձ արթնացրած այդ ուղղաթիռում:

Երևի հետաքրքրեց է, թե ինչո՞ւ էին բոլոր ուղղաթիռները հենց մեր տան մոտով թռչում: Բանն այն է, որ մեր շենքից երկու փողոց այն կողմ գտնվում էր զինվորական հոսպիտալը: Ես այդ մասին միշտ եմ իմացել, բայց դրա գոյությունը զգացի միայն այդ գարնանային, տաք օրերին, երբ բաց կապույտ երկնքում նկատվող կանաչավուն ուղղաթիռները դարձան սովորական իմ աչքերում: Բայց այդ բազմաթիվ ուղղաթիռներից և ոչ մեկի մեջ նա չկար: Ես կարծեմ ուրախ էի դրա համար: Որևէ բան գուժող կամ ավետող համացանցային լուրերում նույնպես չկար նրա անունը, որը ես միշտ այնքան ցածր ու այնքան գողտրիկ էի սիրում արտաբերել: Երբեմն ես նրա ազգանունն էի պատկերացնում իմ անվան կողքին, ու մի տեսակ տարօրինակ, բայց հաճելի զգացողություն էր առաջանում այդ պահին: Ա՜խ, որքան կուզեի նորից, գեթ մեկ անգամ ևս լսել միասին ապագա կառուցելու մասին նրա երազային խոսքերը: Նա՜… Մի քիչ պատմե՞մ նրա մասին:

Նա

Թեև արդեն մի քանի տարի է անցել, սակայն ես դեռ հստակ հիշում եմ նրա նուրբ, բայց տղամարդկային դիմագծերը, յուրօրինակ ժեստերն ու շարժումները, միայն իրեն բնորոշ դիմարտահայտությունները: Մինչև հիմա էլ հաճախ եմ հիշում նրա մի քիչ ուսումնասիրող ու ժպտուն հայացքը, որն ամեն անգամ ծածկվում էր իր գանգուր, սև մազափնջով: Սաթի պես փայլող աչքեր ու իր բնավորության նման խուճուճ մազեր ուներ նա: Ես ամեն անգամ խաղում էի նրա վարսերի հետ, իսկ ինքն իր այդ փայլուն աչքերով ամեն անգամ բարկանում էր վրաս, հետո նայում ժպիտիս, ինքն էլ ներողամտաբար ժպտում.
-Դե լա՜վ, արա՛ ինչ ուզում ես:
Ես էլ էի ժպտում: Իսկ նրա մազերը իր խուճուճ բնավորության նման չենթարկվող էին, ամեն ինչին դեմ գնացող, նյարդայնացնող: Շուտով հոգնում էի, հանգիստ թողում նրան: Եվ այդ ժամանակ արդեն նա էր սկսում խաղալ իմ նյարդերի հետ: Իմ վարսերը, ի տարբերություն բնավորությանս, ուղիղ էին ու բաց, հեշտ էին ենթարկվում նրա մատների «հրամաններին»: Մինչդեռ ես չէի սիրում ենթարկվել: Ու երևի հենց դա էր պատճառը, որ մեր նյարդերը հաճախ չէին դիմանում իրար: Բայց հիմա ես պատրաստ եմ դիմանալ նրա ամեն քմահաճույքին, ենթարկվել ամեն հրամանին, միայն թե… Միայն թե գեթ մի վայրկյան կարողանամ գրկել նրա թիկնեղ, հասակավոր մարմինը…

Ես

Ի՞նչ պատմեմ իմ մասին: Ես… Ես հիշում եմ նրան: Ամեն օր, ամեն ժամ ու ամեն ակնթարթ՝ կամովին կամ կամքիցս անկախ: Ես հիշում եմ նրան անգամ քնած ժամանակ, երազներումս, չնայած՝ հաճախ չեմ էլ կարողանում հասկանալ. տեսածս երա՞զ էր, թե՞ հերթական հիշողությունս: Վա՜յ, էստեղ պիտի իմ մասին պատմեի, բայց էլի նրա մասին եմ խոսում: Հոգ չէ, չեմ կարծում, թե ընթերցողին առանձնապես հետաքրքրում է իմ մազերի երկարությունը, աչքերիս գույնը կամ էլ մարմնիս կառուցվածքը: Բայց եթե ամեն դեպքում մոտավոր պատկերացում եք ուզում կազմել արտաքինիս մասին, ասեմ՝ նա ասում էր, որ ես շատ գեղեցիկ եմ: Հաճախ նայում էր աչքերիս՝ երկա՜ր-երկա՜ր ժպտալով: Երբեմն ամաչում էի նրա այդ ուսումնասիրող աչքերից ու փախցնում հայացքս: Այդ ժամանակ ասում էր՝ կարմրում եմ: Նաև պնդում էր, թե կարմիր թուշիկներս ինձ սազում են: Էնպես կուզեի էլի, թեկուզ մի վերջին անգամ լսել նրանից այդ հոգեցունց խոսքերը… Ես կարոտում եմ նրան: Աշխարհի չափ կարոտում եմ: Եթե բախտ վիճակվեր նորից անվանակոչվելու, ծնողներիս կխնդրեի, որ անունս Կարոտ դնեն: Անկեղծ: Ոտքից գլուխ Կարոտ եմ ես: Կարոտի մարմնացում: Այդ գրողի տարած զգացումն էլ էնքա՜ն համառ է, էնքա՜ն կպչուն, որ էլ չգիտեմ, թե գլուխս որտեղ թաքցնեմ, որ էլ չգտնի ինձ, չքամի, չկեղեքի: Ժամանակ առ ժամանակ կարոտի այնպիսի սուր նոպաներ եմ ունենում, որ թվում է՝ հիմա կմեռնեմ անզորությանս զգացումից: Իսկ ամենավատն այն է, որ էս համատարած, անտեր կարոտը, որ իր երկար թևերով փաթաթվել է պարանոցիս ու հանգիստ չի թողնում, սպասման կարոտ չէ: Մի օր երջանիկ պատահականությամբ քաղաքի մեկ այլ ծայրում նրան տեսնելու հույսի կարոտ չէ… Չէ՛… Անվերադարձ, հուսահատ ու հուսախաբ կարոտ է սա՝ պատրաստ օրերից մի օր խելագարության հասցնելու: Ես… Խելագարության շեմին եմ ես:

Սկիզբ

Մեր սկիզբը վերջի նման էր՝ կտրուկ ու անսպասելի: Ես գտա նրան իմ կամքից անկախ ու բոլոր ցանկություններիս հակառակ: Գտա նրան այնքան հանկարծակի, որ ուժերիցս վեր դարձավ ճակատագրին ու պատահականություններին չհավատալը: Հիմա էլ չգիտեմ, թե մեր պատմության ավարտն էլ էր նույն ճակատագրի գործը, թե՞…
Սկիզբը, ինչպես հաճախ է լինում, մի քիչ անորոշ էր, մի քիչ իրականությունից հեռու, մի քիչ հեքիաթային: Իսկ հետո նա ինձ ստիպեց հավատալ մեր հեքիաթին: Իր ամեն խոսքով, ամեն մի քայլով ինձ վստահեցրեց, որ իրական կյանքում ևս երբեմն-երբեմն լինում են հեքիաթներ, ու ինձ բախտ էր վիճակվել լինել ամենալուսավոր հեքիաթներից մեկի ամենաերազելի հերոսուհին…
-Իմ արքայադուստրն ես,- ժպտում էր ասելիս:
Եվ ինքն էլ դարձավ իմ հերոսը: Ամենաիրական, ամենաշոշափելի հերոսը, որ հիմա հեռու է իմ մատների հպումներից… Անտանելի հեռու՜…

Հեքիաթի ավարտը

Ի՞նչ եղավ մեր հեքիաթի վերջում: Մեր հեքիաթը չավարտվեց, չէ՛, այն փշրվեց ծանր ապակու նման, որի կտորտանքները, եթե անգամ չեն վնասում մարմինդ, ապա իրենց զրնգոցով «խոցում» են լսողությունդ ու «ծակծկում» նյարդերդ: Մեր հեքիաթը… Այն ավարտվեց նույնիսկ ավելի հանկարծակի, քան մեր սկիզբն էր՝ անիրական ու երազկոտ: Մեր պարագայում փշրանքները վնասեցին նրա մարմինը ու ափերից հանեցին իմ նյարդերը:
Այն օրերին, երբ մեր պատուհանից այն կողմ պարբերաբար թռչում էին կանաչավուն ուղղաթիռները, որոնցից և ոչ մեկում ինքը չկար, նա կռվում էր: Կռվում էր ատամներն ամուր սեղմած, կռվում էր հավատով, կռվում էր վստահությամբ: Ես էլ էի վստահում նրա ուժերին: Իսկ նա կռվում էր ճիշտ այնպես, ինչպես ապրում էր՝ մինչև վերջին շունչն իրեն քամելով: Այդպես քամվելով կռվել ու պայքարել էր մինչև այն պահը, երբ դավադիր ականը չէր պայթել ուղիղ ոտքերի տակ: Ես վստահ էի նրանում… Ես հիմա էլ եմ վստահ նրանում, պարզապես… Պարզապես ականն էր դավադիր…
Մեր հեքիաթն ավարտվեց այնպես, ինչպես չի ավարտվում ոչ մի հեքիաթ: Մեր հեքիաթում հերոսը հերոսացավ այնպես, ինչպես վայել է իսկական հերոսներին՝ անմահանալով…

Առանց նրա

Առանց նրա… Ինչպե՞ս ապրել առանց նրա: Հիմար հարց է: Պատասխանն էլ ավելի հիմար է: Առանց նրա ապրել հնարավոր չէ: Գուցե կարելի է գոյություն ունենալ ֆիզիկապես՝ շնչել, խոսել, քնել ու արթնանալ, բայց ապրե՜լ… Օ, ո՛չ, ուժերիցս վեր է:
Իմ կյանքը բաժանված է երկու մասի՝ նրա հետ և առանց նրա: Ու եթե «առանց նրա» կյանքիս վերջին մի քանի տարիների ընթացքում եղել են օրեր, որոնք ես ապրել եմ՝ գոյատևելու փոխարեն, ապա դրանք եղել են միմիայն այնպիսինները, որոնց ժամանակ նա եղել է իմ կողքին՝ իմ մտքերում, իմ սրտում, իմ հոգում…
Ես կարոտում եմ

24.04.2017թ., Երևան