mariam ghukasyan

Մի մանկություն. հազար ու մի արկածներ…

Իմ մանկությունը լի է զավեշտալի ու զվարճալի դեպքերով, կամ ինչպես ես եմ սիրում ասել. «Վտանգավոր, բայց կարևոր» դեպքերով:
Ես կարծում եմ, որ ազատությունը և մանկությունը որոշակիորեն փոխկապակցված են իրար «էլեկտրական» ամուր շղթաներով, սակայն վերջում լարերը կտրվում են, և մնում են միայն դիէլեկտրիկ (անհոսանք) հուշերը:
Սկսեմ նրանից, որ ես մեր տան ամենափոքրն եմ, և այդ է պատճառը, որ թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա ընտանիքիս ողջ ջերմությունն ու հոգատարությունը պտտվում է իմ շուրջը, ինչպես մոլորակները` Արեգակի: Լավ… Ֆիզիկայից անցում կատարեմ դեպի իմ պատմությունը:
Երբ մայրիկս աշխատում էր դպրոցում (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր) իմ և միջնեկ քրոջս խնամքի ու դաստիարակության գործում, տատիկիցս ու պապիկիցս բացի, իր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն է ունեցել ավագ քույրս:
Իմ մանկության մեջ վառ է մնացել այն պատկերը, թե ինչպես տատիկս ու պապիկս իրենց սիրելի նստարանին նստած ուշադրությամբ հետևում էին ինձ ու քույրերիս, որպեսզի մենք խաղալիս տան բակից դուրս չգայինք, որովհետև մեր տունը գտնվում էր կենտրոնական փողոցի վրա (ներկայումս ևս):
Այժմ սկսեմ պատմել ինձ հետ պատահած մի դեպք, որը մինչ օրս հիշում եմ ծիծաղով և ուրախությամբ: Հինգ, թե վեց տարեկան էի, երբ որոշեցի խախտել դաստիարակությանս «սահմանները»՝ փախչելով տանից` դառնալ ազատ և ինքնուրույն:
Աշուն էր: Եղանակը զով ու գեղեցիկ, արևը ջերմացնում էր երեկվանից էլ ավելի տաք, իսկ արևի փոքրիկ ճառագայթները բաց չէին թողնում սենյակս սողոսկելու և քունս խանգարելու հնարավորությունը: Արթնացա: Բացեցի աչքերս և սովորությանս համաձայն կանչեցի մայրիկիս.
-Մա՜մ, մա՜մ, ես զարթնել եմ:
Հագնվեցի, հետո լվացվեցի, նախաճաշեցի և ուրախ երգելով գնացի տիկնիկներս վերցնելու: Այդ օրը ես ստացա դրսում խաղալու հնարավորություն, իհարկե գտնվելով տատիկիս ու պապիկիս մշտական հսկողության տակ:
-Մամ, մամ, ինչքա՞ն կա դեռ մինչև քնելս,- հարցրի ես մանկական խանդավառված սրտով, սպասելով լավ պատասխանի:
-Դեռ երեք ժամ կա մինչ քնելդ, կարաս…
-Իսկ էտ շատ ա՞, այսինքն, լիքը-լիքը՞, մինչև վա՞ղը,- հարցրի ես, չթողնելով մայրս ավարտեր խոսքը:
-Հա, լիքը,- ասաց մայրս ժպտալով:
Իհարկե, ես չէի կարող հենց այդ րոպեին էլ դուրս գնալ խաղալու. իսկ ո՞վ էր իմ փոխարեն խանգարելու քույրերիս, ովքեր սովորում էին իրենց դասերը: Սակայն իմ կողմից վարած այս «քաղաքականությունը» ևս ուներ պատճառ՝ կանչելու քույրերիս, որպեսզի գային և խաղային ինձ հետ:
Հինգ վայրկյան, երկու րոպե, տասնհինգ վայրկայն, քսան րոպե, տասնութ վայրկյան, երեսուն րոպե, քսանհինգ վայրկյան, տաս րոպե… Ահա այսքան ժամանակ ես անիմաստ վազվզում էի տան մեջ, խանգարում՝ քույրերիս:
-Ու՜ֆ,- ասացի ես, խորը հիասթափություն ապրելով, որ ոչ մեկը ինձ հետ չի խաղում,- ես էլ կգնամ ու մենակ կխաղամ, բա~, երեխեք ջան,- ասացի ես ու դուռը փակեցի իմ հետևից: Դուրս եկա խաղալու: Տասը-տասնհինգ րոպե էր անցել, երբ բացվեց դուռը և լսվեց մայրիկիս քնքուշ ձայնը.
-Մարիամ ջան, հավաքի խաղալիքներդ, ներս արի, արդեն քնելուդ ժամն է:
Հիմա կզարմանաք, չէ՞, թե վեց տարեկանում ի՞նչ քնել, բայց այո՛, ես քնում էի մինչև դպրոց գնալս՝ յոթ տարեկանը, երևի սրանով էլ պայմանավորված է իմ չափից դուրս քնկոտությունը: Ինչևէ, այս լսելով դիմեցի կոկորդիս օգնությանը և բարձր բղավեցի՝ խախտելով տիրող լռությունը մեր բակում: Բոլորը թափվեցին դուրս, մտածելով, որ փորձանքի մեջ եմ ընկել, կամ ինչպես պապիկս էր ասում.
-Այ բալա, հոմ ԼՂՀ-ն չգրավեցին, որ էդպես ճչում ես,- և այս խոսքերը միշտ ավարտվում էին պապիկիս բարկությամբ:
Բայց չէ՛, ես ոչ փորձանքի մեջ էի ընկել, ո՛չ էլ փառք Աստծու, ԼՂՀ-ն էին գրավել, այլ ուղղակի զարմացել էի, չէ՞ որ լիքը ժամանակ ունեի, մի՞թե սպառվեց իմ ժամանակը:
Բայց ես չտխրեցի, մայրիկիս ասացի, որ խաղալիքներս հավաքեմ և կգամ, պապիկիս և տատիկիս ասացի, որ ներս գնան, թե չէ արևը կխփի գլխներին ու քթներից արյուն կգա (սեփական փորձովս): Համոզեցի բոլորին… Եվ ես առաջին անգամ փախա տանից, պարզապես արկածներ որոնելու համար: Բոլոր խաղալիքներս չէի կարող վերցնել. շատ-շատ էին, այդ պատճառով վերցրի իմ ամենասիրելի տիկնիկին՝ «Մեծ գլխանիին», քանի որ նրա գլուխը մարմնի համեմատ շատ մեծ էր, ես որոշեցի նրան այդպես կոչել: Վերցրի տիկնիկիս և փախա դեպի մեր հարևան Գառնիկ պապիկենց խոտի դեզի մոտ, որը շատ մեծ էր և տարօրինակ տեսք ուներ: Ահա և վերջ…
-Ես ազատ եմ, կարող եմ ամբողջ օրը խաղալ. էլ ոչ ոք չի ասի` արի քնելու, չարություն մի՛ արա, մի՛ խանգարի, խաղալիքներդ հավաքի, էս՛ արա, էն՛ արա,- մտածում էի ես:
Դուրս է գալիս մայրիկս տանից.
-Մարիամ, Մար… Ու՞ր ես:
Հաջորդեց պապիկս.
-Ու՞ր կորավ էս երեխեն, նոր ստեղ էր:
Իրարանցում, խառնաշփոթ, քաոս, դմփդմփոց էր տիրում մեր բակում: Հավաքվել էին մեր բոլոր բարեկամները, հարևանները, կարճ ասած, մեր բակում խորհրդի նիստ էր գումարվել. «Գտնե՛նք Մարիամին» խորագրով:
-Մարիամ ջան, դուրս արի, չես քնի,- լսվում էր մայրիկիս լացակումաց ձայնը:
-Հիմա, որ մութը ընկնի, էլ չենք կարա գտնենք,- ասում էր մեկը:
-Վա~խ, Աստված ջան, էս ինչ փորձանք էկավ մեր գլխին,- ենթադրում եմ, որ ասած կլինի պապիկս:
-Ի՞նչ ենք անելու,- ասում էր մեկ ուրիշը:
-Մա~ր, Մարիա~մ, արի դուրս, եկել ենք, որ խաղանք հետդ, համ էլ` Արսենն ու Ջուլիան (մորաքրոջս երեխաներն են) էլ են էստեղ: Բայց իզուր…
Ես խաղում էի «Մեծ գլխանիով», բայց սկսեցի հոգնել, որովհետև երկար ժամանակ է, ինչ նրանով էի խաղում և որոշեցի դուրս գալ և գնալ խաղալիքներիս հետևից: Տարօրինակ էր, բայց ինձ այդ ճանապարհը, որը 10-15 մ-ով էր հեռու ընկած մեր տանից, թվում էր աշխարհի ամենաերկար թունելը, որը չուներ ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ: Ես մոլորվեցի…
Սկսեցի լաց լինել, բղավում էի՝ անվերջ գոռում.
-Մա՜մ, պա՜պ, ես ստեղ եմ, արեք` ինձ տարեք, վախենում եմ, մա՜մ, պա՜պ:
Արդեն մութն ընկնում էր, և ես վախենում էի և՛ մթությունից, և՛ այն մտքից, որ ինձ էլ չեն կարող գտնել, և ես կմնամ էդտեղ՝ սոված, ծարավ, առանց մամա-պապայի, տատիկ-պապիկի, քույրիկների: Սկսեցի խոսել, դիմելով ընտանիքիս անդամներին.
-Մա՜մ, բա ես մեղք չե՞մ, էստեղ էնքան մութ է, բա որ կորեմ, ինձ ուտեն, բա որ ես էլ ձեզ չտեսնեմ, բա որ… բա որ… Մերի, Արփինե, մամ, պապ, Ելեն մորքուր, Վրույր քեռի,- այսպես սկսեցի տալ մեր բոլոր բարեկամների անունները, նույնիսկ պապիկիս հայրիկի անունը, թե ինչո՞վ էր օգնելու այն ինձ, մինչև օրս չեմ կարողանում հասկանալ:
Կարծես մի վատ երազի մեջ լինեի, որը չէր ավարտվում: Այնքան էի լաց եղել, որ աչքերս իմ կամքիցս անկախ փակվում էին, և իմ կամքից անկախ էլ քնեցի:
Երբ արթնացա, արդեն տանն էի, չգիտե՛մ ինչպես: Միայն հիշում եմ թե ոնց էր ինձ մոտենում մայրիկս, բերելով՝ տաք թեյ և քաղցրավենիք (ի դեպ, ես քաղցրավենիք շատ-շատ եմ սիրում): Բան չէի կարողանում խոսել: Հավանաբար՝ շատ էի մրսել: Գրկում էի բոլորին, կարծես առաջին անգամ էի տեսնում նրանց: Ընտանիքիս անդամները նստել էին անկողնուս մոտ՝ փորձելով մխիթարել սարսափած սիրտս:
Մի քանի օր հետո իմացա, որ երբ լաց եմ եղել, հարևանիս աղջիկը լսել է ձայնս, բայց չի կարողացել հասկանալ. որտեղի՞ց է գալիս: Տեղեկացրել է ծնողներիս, ովքեր արդեն զանգահարում էին ոստիկանություն: Գալիս են ծնողներս, ինձ գտնում և տանում տուն:
Ահա իմ առաջին փորձը՝ ազատ և ինքնուրույն դառնալու համար կարող էր և այլ ավարտ ունենալ, օրինակ՝ որ ես հիմա տառապեի կլաուստրոֆոբիայով (վախ`փակ տարածությունից) կամ նիկտոֆոբիայով (վախ մթությունից): Սակայն հիմա չեմ տառապում այս հիվանդություններից և ո՛չ մեկով, այլ տառապում եմ ակրոֆոբիայով (վախ բարձրությունից) և արախնաֆոբիայով (վախ սարդերից): Ահա իմ մանկության ամենահիշարժան պատմություններից մեկը, որը իմ ողջ կյանքի ընթացքում չեմ մոռանա: