eva khechoyan

Մի մեծացիր առանց ինձ

Անկախ նրանից, թե օրական քանի անգամ կզանգես ու կգրես ընտանիքիդ, երբ նրանից հեռու ես, միշտ կլինեն փոփոխություններ ու նորություններ, որոնց մասին տեղյակ չես լինի:

Երկու ամիս առաջ զանգեցի ընտանիքիս: Սովորականի նման խոսում էինք, երբ քույրս իր լայն, անկեղծ ժպիտով  դեմքը մոտեցրեց էկրանին: Մի պահ ուշադիր նայեցի դեմքին, ինձ թվաց, թե մի բան փոխվել էր: Մի քանի վայրկյան տևեց, մինչև հասկացա, որ ատամներից երկուսը չկան: Երևի նկատեց տարօրինակ, զննող հայացքս ու հայտնեց նորությունը:

-Եվչկա, ատամներս ընկե՜լ են:

Երևի թե քրոջս՝ ատամները կորցնելու փաստն էդքան էլ ազդեցիկ չլիներ, եթե ես էլ մասնակցեի էդ իրադարձությանը: Ընտանիքի երեխայի առաջին քայլերը, առաջին ատամների ընկնելը, առաջին բառերը մեծանալու նշաններն են, ու եթե դու էդ բնականոն ընթացքին անձամբ չես հետևում, քեզ թվում է, թե անսպասելի արագ մեծացավ: Մտածում էի էդ մասին, երբ երկրորդ հոգեբանական հարվածը հասցվեց:

-Եվչկա, մաման հատուկ մանկական «պամադա» ա տվել, որ շրթունքներս պաշտպանված լինեն:

Նախ, ո՞ր օրվանից գիտի, թե «պամադա» ասվածն իրենից ինչ է ներկայացնում: Երկրորդ՝ «պաշտպանվա՞ծ»… Երբվանի՞ց է սկսել օգտագործել էդ բառն ու գիտակցել դրա իմաստը:

Անսպասելի հոգեբանական հարված համար երեք.

-Եվուլ, գիտես, չէ՞, արդեն պարի ու վոկալի եմ գնում:

Մաման երգ է միացնում, քույրս դիրքավորվում է սենյակի կենտրոնում ու սկսում պարը:

Իսկ ես… Ես փորձում եմ համակերպվել քրոջս մեծանալու փաստի հետ: