Mane Babajanyan

Մի ողջ կյանք՝ փակ կողպեքի հետևում

Էլի մի տուն` նկարեմ:

Այս նախադասությունը հաճախ եմ ստիպված լինում օգտագործել տուն-դպրոց-պարապմունք այդ ամենօրյա ճանապարհն անցնելիս:

Սկսել եմ նկարել այն դռները, որոնք կողպված են տերերի՝ երկիրը լքելու արդյունքում: Նկարում եմ ու անցնում:

Այսօր մի պահ կանգնեցի: Անզգա անցնել մի տեսակ էլ չի ստացվում: Երբ տեսնում ես մեկ-երկու տուն, դա ուրիշ է, բայց երբ ճանապարհիդ սկսում են գերակշռել կողպված դռները, այդ պահին առաջ եկած մտքերդ ու հույզերդ պատերազմում են իրար հետ՝ փորձում են արդարացման պատճառներ գտնել, որ մի փոքր մեղմեն զայրույթի ու ցավի այդ համադրությունը: Բայց ապարդյուն: Ու սկսվում է մտքերի տեղատարափը:

Ախր, տունը այն վայրն է, ուր մեր ողջ կյանքն է բնակվում, մեր հույզերը, մանկական պարզ ու անմեղ երազանքները, բոլոր լավ-վատ հիշողությունները, ձեռքբերումներն ու կորուստները: Այն մեր սիրտն է:
Դատարկ ու սառը պատուհանները, որոնք հիմա ոչինչ չեն արտահայտում, ժամանակին պատահական անցորդին էին փոխանցում տանտիրոջ տրամադրությունը, ժպիտը, հայացքը: Իսկ հիմա առջևումս պարզապես մի դատարկ ու սառը ապակի է, որն արդեն մի տեսակ վանում է: Ախր, տունը հենց մենք ենք, է: Ստացվում է, մենք հիմա մի ողջ կյանք ենք՝ մնացած փակ կողպեքի հետևում:

Համենայնդեպս, ես այդպես եմ մտածում, իսկ դո՞ւ:
Դու՝ ‹‹ստիպված›› հեռացող ‹‹հայրենասեր››, տանդ դուռը կողպելուց գոնե մտքիդ ծայրով անցկացրե՞լ ես, որ դռան հետ սիրտդ էլ ես կողպում, մտածե՞լ ես, որ կյանքդ թողնում ես բանտված այն կողպեքի հետևում, որը ինքդ էլ վստահ չես` կբացվի՞ մի օր, թե՝ ոչ:

Բայց ես քեզ չեմ մեղադրում: Գուցե իրոք ստիպված ես՝ չգիտեմ: Ուղղակի գոնե դրսում մի մոռացիր, որ հայ ես, գոնե ինքնությունդ պահիր, հիշիր քո արմատների մասին, հիշիր, որ լեզուդ հայերենն է…Գոնե հիշիր:

Գիտե՞ս, ամեն անգամ անցնելով այդ կողպված դռների մոտով, ինձուինձ սկսում եմ մտածել՝ հնարավո՞ր է, որ այս դռները մի օր նորից բացվեն, որ այդ սառը պատուհանները էլի ինչ-որ տրամադրություն արտահայտեն, որ այլևս կողպված դուռ չմնա՝ նկարելու համար: Որ ամեն անգամ այդ դռները տեսնելիս էլի հույզերս ու մտքերս պայքարի մեջ չմտնեն:

Վերջապես, որ մի օր կարողանամ գրել նոր նյութ, արդեն՝ «Բացվող կողպեքները» վերնագրով:

Հուսա՞մ: