margarita voskanyan lori

Մի պահ

Մի շաբաթ առաջ ասացին, որ դասարանի մի քանի աշակերտներով զինղեկի հետ գնալու ենք կրակելու:

Գնում ենք Վանաձորի «ԴՈՒՑ»-ը: Դե, հուզված եմ՝ կրակելու ենք: Մեզ զորամաս տանող մեքենան արդեն եկել է, հիմա էնքան չեմ ուզում գնալ, որ մտածում եմ. «Երանի մեքենայից ինչ-որ մաս փչանա, ու գնալներս խափանվի»: Արդեն գնում ենք, թվում է, թե մի քիչ հանգստացել եմ, բայց չէ… Հասանք: Իրականում իմ երազանքներին թիվ ու հաշիվ կա, բայց զորամասում գտնվող աշակերտներին՝ չէ: Ա՜հ, պիտի սպասենք: Սպասում ենք, սպասում ենք, շատ ենք սպասում: Տարբեր ճամբարներից ծանոթ մի քանի ընկերներիս եմ հանդիպում: Ու էդպես անհույս սպասում ենք: Ըհը՛, մեր հերթն է, է՛հ, հիմա էլ փամփուշտներն են վերջացել: Ու էլի սպասում ենք: Իրականում ցուրտ է՝ ուժեղ քամի, մռայլ երկինք, չեղած տրամադրությունն էլ ավելի է փչանում: Քեզ համար մրսելով սպասում ես ու, հանկարծ, արդեն կրակած երեխեք են գալիս ու իրանց դեմքերից տաղտկություն է ծորում, մտածում եմ՝ էսքան սպասում ենք, որ իրանց նման դժգո՞հ գնանք:

Ու վերջապես ասում են՝ եկեք, ձեր հերթն է: Շատ արագ հերթ եմ կանգնում, ու զորամասի ծառայողներից մեկը ինչ-որ կանոններ է բացատրում, բայց հուզմունքից ոչինչ չեմ լսում: Վերցնում եմ պահեստատուփը ու վազում ուղիղ իմ դիմաց գտնվող խրամատը, ինձ թվում է՝ հիմա հուզմունքից սիրտս կպայթի: Յուրաքանչյուր խրամատում մի զինվոր կա, որ պիտի օգնի կրակողին: Էնքան շփոթված եմ, որ ուզում եմ պահեստատուփը թողնել զինվորի ձեռքին ու հեռանալ: Բայց… Առաջին իսկ բառը զինվորի հետ փոխանակելուց հետո ինձ էնքան հանգիստ ու հարմարավետ եմ զգում, որ թվում է՝ տանն եմ, տաք թեյը կողքիս դրած:

Բարևում է, հարցնում՝ ինչպե՞ս եմ, արդյո՞ք վախենում եմ: Քաջալերում է: Ու հա՛, ես կրակում եմ ու շատ հանգիստ: Կարծես մեկ րոպե առաջվա հուզվողը ես չէի: Ու բոլոր վեց փամփուշտներն էլ կրակելուց հետո ինքն ինձ ասում է.

-Ապրե՛ս, շատ լավ էր:

Ու ես էլ ուզում եմ իրեն հարցնել, արդյո՞ք ինքը մեր մոլորակից է: Թվում է, թե իրեն ճանաչում եմ արդեն միլիարդավոր տարիներ: Ժամանակս սպառվում է, ստիպված եմ վերցնել պահեստատուփը ու նորից դուրս գալ, գնալ ու էլ երբեք նրան չտեսնել: Գոնե անունը իմանայի: Թիկունքից շտապեցնում են, դուրս եմ գալիս: Միանում եմ նույն «հերոսությունը» կատարած ընկերներիս: Ու լսելով իրենց՝ հասկանում եմ, որ չէ, իմ զինվորը հաստատ տիեզերքից էր: Հույզերս, էմոցիաներս ու զինվորիս մի անգամ էլ հանդիպելու ցանկությունն էնքան շատ է, որ ուղղակի ասում եմ՝ եկեք չգնանք էստեղից:

Հպարտանում եմ, որովհետև բոլորի ականջները քիչ թե շատ խլացել էին կրակոցի ձայնից, իմը՝ ոչ. իմ զինվորը ամենաճիշտն ու ամենալավն էր բացատրել ինձ կանոնները:

Հիմա գնում ենք տուն: Անձրևի խոշոր կաթիլները ընկնում են մեքենայի ապակիների վրա: Ընդամենը մի պահ էր: Հիմա նոր եմ սկսում մտաբերել, թե ինչպես էր ընդմիջման ժամանակ զինվորների խմբի մեջ բոլորից տարբերվում իմ զինվորը: Աննկարագրելի համեստություն ու անկեղծություն:

Մի օր գուցե էլի կհանդիպենք իրար, ու դու կասես քո անունը, կամ էլ գուցե մի օր կկարդաս սա, դու անպայման կհասկանաս, որ սա քո մասին է, որովհետև դու նման չես մյուսներին՝ տարբերվող ես:

Մի պահ, որ մի ամբողջ կյանք արժեր: Միշտ կհիշեմ քեզ, քո վերաբերմունքը ու կողքիդ դրված մի տուփ քաղցրավենիքը:

Աստված պահապան բոլոր զինվորներին: