amalya navasardyan

Մի պատառիկ ուսանողական կյանքից

Առավոտյան ժամը 7։30 էր, զարթուցիչը զնգաց։ Հազիվ բացեցի աչքերս, հետո էլի փակեցի։ Կես ժամ էլ քնեցի, հետո էլի զնգաց, ստիպված էի արթնանալ։ 20 րոպե անց արդեն 26 համարի ավտոբուսի մեջ էի։ Մարդկանց ամենօրյա զրույցները ձանձրացնում էին, ստիպված էի հանդուրժել մի կես ժամ, մինչև ավտոբուսը կհասներ Երիտասարդական։ Հազիվ դուրս ընկա ավտոբուսից, շնչակտուր վազում էի, մինչև Մանկավարժական համալսարան հասնելը դեռ 20 րոպե պետք է քայլեի, ուստի շտապում էի։ Վազելուց հոգնեցի, սկսեցի քայլել։ Անտարբեր, մռայլ քայլում էի փողոցով ու նայում մարդկանց, մտքում վերհիշում անգիրներս, մտածում տրամաբանությանս անհավանական թվացող բանաձևերի մասին, նեղվում, կռվում ինքս ինձ հետ, քննադատում, կշռադատում, հետո էլի մռայլվում, չէի էլ հասցնում նկատել, որ ինձնից այն կողմ թողել էի արդեն երկու համալսարան ու այժմ Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ էի, ինչը նշանակում էր, որ հաջորդը Մանկավարժական համալսարանն էր։ Ի դեպ, սովորում եմ բանասիրական ֆակուլտետում, ուստի շտապեցի բարձրանալ 3-րդ հարկ, հետո հիշեցի, որ առաջին ժամս 4-րդ հարկում պիտի անցկացվեր, վազեցի։ Մտա լսարան. հայ նոր գրականության ժամն էր, ուսումնասիրության թեման Մեծարենցն էր՝ իր ողջ պոեզիայով։ Անտարբեր նստել էի վերջին նստարանին, երբ դասախոսի հնչեցրած երկու անունների թվում լսեցի նաև իմը, այդ ձայնը ստիպեց սթափվել և ոտքի կանգնել։ Նպատակն էր` պարզել Մեծարենցից իմ անգիրների իմացությունը։ Մի քանի վերնագրեր թվարկելուց հետո դասախոսս կանչեց ամբիոնի մոտ։ Զարմացած, մի քիչ էլ վախեցած առաջ գնացի, պարզվեց, որ արտասանելու էի Մեծարենցի «Անանուն» բանաստեղծությունը։ Տուն առ տուն դասախոսիս օգնությամբ փորձում էինք վերլուծել։ Ուզում եմ խոստովանել, որ Մեծարենցին ըմբռնելը բարդ էր, բայց դասախոսիս շնորհիվ կարողացանք ընդհանրացնել։

Երկրորդ դասաժամը ժամանակակից հայոց լեզվի ժամն էր։ Քիչ-քիչ սթափվում էի, ավելի շուտ՝ արթնանում։ Կապերի ու շաղկապների մասին քննարկումներից, վարժություններից հետո սկսեցի ակտիվանալ, բայց նկատեցի, որ զանգի ժամն էր։ Զանգը հնչեց, ինչը նշանակում էր, որ պետք է վազեի ուսանողական խորհրդի նիստին։ Բանավեճի ակումբի փոխնախագահն եմ, ուստի պարտավորվում էի ապահովել ներկայությունս ու մասնակցել քննարկումներին։

Չհասցրի սնվել, զանգը հնչեց, արդեն երրորդ ժամն էր։ Ներառական կրթության դասաժամն էր, հետաքրքիր, ոչ այնքան ձանձրացնող էին ներառական կրթության ժամերը, բանավիճում էինք, քննարկում, տեսասահիկներ (սլայդ) դիտում ԿԱՊԿՈՒ երեխաների մասին։

Դասերն ավարտվեցին, բայց տուն գնալ չկար։ Հայ նոր գրականության ամբիոնը մեզ համար հագեցած ընթերցասրահ ուներ, ուստի շտապեցինք բարձրանալ վերև, վերցնել հանձնարարվող գրքերը և աշխատել։ Կարդում էինք, մշակումներ անում, գրում, ջնջում, նորից կարդում ու կարդում։ Ընթերցասրահը բաց էր մինչև ժամը 5-ը, ես մնում էի այնտեղ մինչև ժամը 4.30։ Բայց էլի տուն գնալ չկար, շտապում էինք Ավետիք Իսահակյանի անվան գրադարան, դե գրքերի ժամկետները լրացել էին, իսկ մեզ նոր գրքեր էին անհրաժեշտ, չէ՞ որ նոր հեղինակ էինք ուսումնասիրում։

Արդեն կարելի էր տուն վերադառնալ, նույն ձանձրացնող ավտոբուսը ինձ ամեն օր տանում, բերում էր, արևը դուրս գալուն պես հեռանում էի, մայր մտնելուն պես՝ վերադառնում։ Բավականին հոգնած վերադառնում էի տուն, բայց ո՜չ տրամադրություն ունեի ինչ-որ բան պատրաստելու, ո՜չ ժամանակ, ուստի բավարարվում էի դրսից գնված սնունդով կամ արագ պատրաստվող մի բան ուտում։ Դե, քանի որ վերադառնում էի ժամը 6-7-ին, քիչ ժամանակ էր մնում անգիրներիս, գրքերիս ու մնացած դասերիս համար։ Ամեն ինչ արագ էի անում։ Անգիր էի սովորում, հետո գիրք կարդում, դե, հասցնել էր պետք, հետո ընդմիջում տալիս թեյով ու անցնում պրակտիկայիս, դասավորում էի թղթապանակս, շտկում, գրում, դնում, լրացնում։ Ու այդպես շարունակում մինչև գիշերվա ժամը 2-3-ը, երբ աչքերս հոգնում էին։

Դե, մեկ օր էլ անցավ, պետք էր պատրաստվել հաջորդ հոգնեցուցիչ, բայց միևնույն ժամանակ հաճելի, ծանրաբեռնված օրվան։