nona petrosyan

Մի վերջանա, իմ սքանչելի օր

Հանգստյան օրերից հետո նորից երկուշաբթի: Ես շատ եմ սիրում առավոտյան քունը, որովհետև ամենալավ երազները սկսում են արևի ծագելուց հետո, բայց ինձ արթնացնում է դասի գնալու պարտավորվածությունը:
Սովորությանս համաձայն կանգնում եմ հայելու առաջ` ժպտում ու ասում, որ այսօր հիանալի օր է լինելու: Այդքանից հետո, իհարկե, ուրախ տրամադրությամբ և ժպիտով դուրս եմ գալիս տանից: Ես շատ եմ սիրում խոսել, անընդհատ զրուցել մի հետաքրքիր թեմայի շուրջ և այդ պատճառով էլ երբեք մենակ չեմ գնացել դպրոց: Հասանք դպրոց: Ես դասարանի ավագն եմ, և դա ինձ համար մեծ պարտավորություն է, միևնույն ժամանակ, նաև հետաքրքիր գործ: Զանգը հնչեց: Այժմ պետք է կենտրոնանալ դասին, բայց դե իհարկե, ինչպես վերը նշեցի, ես շատախոս եմ, և լինում է այնպես, որ ինձ դիտողություն են անում: Ես սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին` հատկապես մեր դասղեկ ընկեր Սիմոնյանին: Ես նրան սիրում եմ, որովհետև թեկուզ նա շատ մեծ է, բայց միշտ կենսուրախ է: Դպրոցում ամեն ինչ լավ է անցնում, երբ ես տրամադրվում եմ, որ այսօր հիանալի օր է լինելու: Ես նաև շատ եմ սիրում հոգեբանությունը: Մեր դպրոցի հոգեբանը խմբակներ է անցկացնում, որի մեջ ես նույնպես ընդգրկված եմ: Նա ասում է, որպեսզի ձեր կյանքը միապաղաղ չլինի, պետք է ամեն օր տուն գնալու ճանապարհը տարբեր լինի: Նրա խորհրդով ես որոշեցի այս անգամ ընտրել բոլորովին ուրիշ ճանապարհ:
Դե ահա, ես մի փոքր հոգնած գալիս եմ տուն և համտեսում եմ մայրիկիս համեղ «ստեղծագործությունները»: Նա էլ ինձ նման չի սիրում միշտ նույն բաները` միապաղաղություն: Հանգստանալուց հետո պատրաստում եմ դասերս: Դա տևում է մինչև ժամը յոթը, բայց այս անգամ ես շուտ վերջացրեցի, իսկ մայրիկը տանը չէր… Դե~, ձեր մտքով էլ նույն բանն անցավ: Ես որոշեցի պատրաստել խմորեղեն: Տան մթերքները բավականացնում էին միայն ռուլետի: Ճիշտ ասած, չեմ սիրում լռության մեջ գործ անել, և ես դրեցի իմ սիրած երգերն ու գործի անցա: Ամեն բան լավ էր ստացվում: Ես գիտեմ մայրիկն ինչ է ուզում: Նա սիրում է, որ ինչ գործ էլ անելու լինես, մաքուր անես: Ես այդպես էլ արեցի: Սեղանին դրված էր միայն պատրաստ թխված ռուլետը: Մայրիկը եկավ: Նա սկզբում չնկատեց, բայց հետո առավ վառվածի հոտը (ես չեի ուզում ասել, բայց մինչ ես ափսեներն էի լվանում, մի փոքր վառվել էր իմ ռուլետը): Նրան շատ դուր եկավ իմ անակնկալը: Հրավիրեցինք նաև մորաքրոջս: Ոչ մի կտոր չէր մնացել: Արդեն ուշ էր: Ես պառկեցի քնելու, սակայն մտածում էի այս օրվա մասին: Օրն ուղղակի հիանալի էր: Ես հասկացա, որ ամեն բան գալիս է առավոտյան քո օրվա նկատմամբ տրամադրվածությունից: Ամեն օր ես արթնանում եմ այդպիսի զգացումով և վայելում կյանքը: Ես փորձում եմ նաև իմ դրական էներգիայից ամբողջ օրվա ընթացքում փոխանցել մարդկանց, որպեսզի բոլորն ուրախ լինեն: Մայրիկս ասում է, որ իմ մեջ չբացահայտված շատ տաղանդներ կան: Ինձ թվում է, մենք կբացահայտենք դրանք միասին: