anahit badalyan (kapan)

Մի տեսակ նորովի

Ասում եմ՝ էս սեպտեմբերն ասես կյանքի մի նոր փուլի կամ մի նոր կյանքի սկիզբ լինի: Ամենապարզ բանից սկսեմ. օգոստոսի 31-ին մտնում ես լոգարան ու էնպես երկար ես լողանում, որ 20 րոպեի փոխարեն 30 կամ 40 րոպե մնում ես լոգարանում ու դուրս ես գալիս նոր հավեսով ու չգիտես՝ ինչու, շատ բարձր տրամադրությամբ: Հա ու չասեք, որ էդպես չի, ես էլ եմ աշակերտ, ինձ համար էլ է օգոստոսի 31-ին «հաջորդողը» սպասված ու կարևոր: Լողանալուց հետո թաց մազերդ 30-40 րոպե հարդարում ես (իրականում դու հարդարել չգիտես, ու քո հարդարած մազերը քեզ միայն 5 րոպե են գոհացնում): Պատրաստում ես սեպտեմբերի մեկի հագուստդ: Լվանում ես, արդուկում, խնամքով փռում բազմոցի կամ բազկաթոռի ծայրին: Եթե սեպտեմբերմեկյան գնումների ժամանակ նոր գիշերազգեստ ես առել, անպայման հագնում ես, փոխում ես սպիտակեղենդ, փռում ես ամենասիրունը, ամենայն ուշադրությամբ դասավորում ես պայուսակդ (ախր, վաղը դաս չես անելու, ինչի՞ ես էդքան տանջվում), դնում ես խնամքով գծված տետրերն ու կապույտ ու կարմիր գրիչները, ընդ որում՝ 2 կապույտ ու 1 կարմիր,  չգիտեմ՝ չգրված օրենք է: Հետո նայում ես ժամին ու տեսնում ես՝ 21:00: Ամբողջ ամառ քնել ես 00:00-ից ոչ շուտ, եղանակը, ինտերնետը, բակի երեխաները ավելի շուտ քնելու տարբերակ չէին թողնում, իսկ հիմա ժամը 21:00-ին սլանում ես ու մտնում անկողինդ: 5 րոպե մտածում ես մեջքի վրա պառկած, 5 րոպե՝ փորի, 10 րոպե աջ ուսիդ վրա ես շրջվում, 15 րոպե՝ ձախիդ, բայց, դե նկատում ես, որ քունդ չի տանում, էլի, հո զոռով չի՞: Ու այդ գիշեր մտածում ես ամեն-ամեն ինչի մասին: Այն մասին, թե ինչ ես արել երեք ամսվա ընթացքում, ինչով ես զբաղվել, քանի գիրք ես կարդացել, քանի ֆիլմ ես դիտել, քանի նոր ընկեր ես ձեռք բերել, քանի միջոցառման ես մասնակցել, քանի մրցույթում ես հաղթել, քանի… Ու մեկ էլ.

-Անահիտ, Մարի, վեր կացեք, տեսե՞լ եք՝ ժամը քանիսն ա…

Մաման է, արթնացնում է, որ դպրոց գնանք, արդեն առավոտ է: Մանկուց մի սովորություն ունեմ. ինչքան էլ ուշ քնեմ սեպտեմբերի մեկի գիշերը, մեկ է՝ շատ շուտ եմ արթնանում, բոլորից շուտ: Բայց ժամանակի հետ այդ սովորությունը վերացավ: Այս տարի արդեն տասներորդ «առաջին անգամն էր», որ բացեցի աչքերս ու հագնվեցի՝ դպրոց գնալու: Բայց էս անգամ սև-սպիտակ չէի հագնվել: Կանաչ զգեստ էի հագել, առաջին անգամ օպտիկական ակնոց էի կրում (դրա մասին մի ամբողջ հոդված ունեմ ձեզ նվիրելու), մազերս կտրել էի ու մի տեսակ փոխվել: Տասներորդ տարին է, բայց առաջին դասարանցու պես պատրաստվել էի: Չէի ասի, թե նույն սրտատրոփ ոգով, չէ, երևի մեծանալու հետ սեպտեմբերի մեկը այլևս դադարում է կախարդական թվալուց, բայց պատրաստվել էի մեծ նվիրումով, այս տարին ինձ համար նոր նվաճումների սկիզբ պիտի լիներ ու պիտի լինի:

Ես երևի միշտ կսիրեմ սեպտեմբերի մեկը, անգամ երբ ծերանամ: Այդ ամսաթվի հետ կապված ես տասը գեղեցիկ հուշ ունեմ ու տասը նոր մեկնարկ: Սպասում եմ տասնմեկերորդին, որը, եթե անկեղծ, ուզում եմ լինի ամենաարտասովորը, ամենագեղեցիկն ու ամենասպասվածը: