Մի քաղաքի պատմություն

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Անտառապատ սարեր, սառնորակ ջրեր, հայկական կոթողներ…

Հայաստանի անտառների  հյուսիսային թագուհի: Այդպես եմ անվանում իմ ծննդավայրը, իմ Դիլիջանը: Թեև 10 տարուց ավել է ապրում եմ Վայքում, մեկ է, չեմ մոռացել ու չեմ մոռանա իմ ծննդավայրը: Երբ գնում եմ Դիլիջան, միանգամից սկսում եմ խոսել, այսպես ասած, «դիլիջաներեն»: Երբ հարցնում են, թե որտեղից եմ, պատասխանում եմ` հայրական արմատներով Խոյ, Սալմաստ, իսկ ծննդավայրով՝ Դիլիջանից:

Դիլիջան բոլորն էլ գնացել են, բայց քչերը գիտեն նրա անվան պատմությունը: Դա զրույց է, որը լսել եմ իմ մեծերից: Ժամանակներ առաջ, երբ Դիլիջան քաղաքի տեղում սաղարթախիտ անտառներ էին, այնտեղ փոքրիկ տնակներից մեկի մեջ ապրում էր մի փայտահատ իր կնոջ հետ: Նրանք երկար տարիներ երեխա չեն ունենում: Բայց օրերից մի օր նրանք ուենում են մի տղա, անվանում նրան Դելի: Դելին քիչ էր տնից դուրս գալիս, իսկ եթե դուրս էլ գալիս էր, ապա շատ հեռու չէր գնում: Երբ Դելին 7 տարեկան է դառնում, նրա ծնողները նրան թողնում են տանը և գնում փայտ կոտրելու: Դելին որոշում է մինչև ծնողների վերադառնալը տեսնել շրջակա անտառը: Նա սկսում է քայլել անտառով ու չի նկատում, որ շատ է հեռանում տնից ու վերջնականապես կորչում: Ծնողները վերադառնում են տուն և տեսնում, որ Դելին չկա: Հայրը սկսում է փնտրել նրան անտառում կանչելով` Դելի՜ ջան, Դելի՜ ջան, սակայն չի գտնում: Եվ այդ տարածքի  անունը մնում է Դելիջան: Հետագայում անունը ձևափոխվում է` դառնալով Դիլիջան:

Այս զրույցը լսել եմ 6 տարի առաջ, երբ փոքր էի, մի քիչ լավ չեմ հիշում, բայց ավելի լավ է  մի քիչ վատ, քան ընդհանրապես չիմանալ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր ծննդավայրի պատմությունը իմանա: