sona zakaryan

Մի քանի օրից քննություններ 12-րդ դասարաններում

Արդեն բավական ժամանակ է, ինչ լոգարիթմների և սինուսների աշխարհում եմ և փորձում եմ համակերպվել նրանց ապրելակերպին, բայց կարծում եմ, որ չի ստացվում։ Հիմա կմտածեք, որ տարօրինակ բաներ եմ ասում։ Լավ, կփորձեմ տարօրինակ ձևով չարտահայտվել ու կոնկրետ ասել, թե ինչի մասին է խոսքս։

Շուտով մաթեմատիկայի քննության եմ։ Ես՝ Սոնա Զաքարյանս 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտ եմ և պատրաստվում եմ մաթեմատիկայի քննություն հանձնել։ Մի տեսակ չի հնչում, չէ՞։ Ինչ արած, ոչինչ չեմ կարող փոխել և ուզեմ, թե չուզեմ, պետք է քննությունը հանձնեմ և բավարար կամ բավարարից բարձր ստանամ։

Քննություններ հանձնելու այս համակարգը դպրոցում, ինչ խոսք, ապշեցուցիչ է։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է ամեն ինչ իրականանում։

Սկսեմ գյուղերից։ Գյուղերում դպրոցները հիմնականում միջնակարգ են և 12-ամյա։ Այդ պատճառով գյուղի դպրոցներում հոսքեր ընտրելու հնարավորություն չի լինում։ Անցնում են ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերով։

Ավագ դպրոցում տարբեր հոսքեր կան։ Աշակերտները ընտրում են այն հոսքը, որ համապատասխանում է իրենց նախասիրություններին, շատ դեպքերում էլ ուղղակի ցանկություններին։ Օրինակ, եթե դու սովորում ես լեզվաբանական հոսքում, դեկտեմբերին պետք է հանձնես մաթեմատիկա և պատմություն առարկաներից քննություններ և երկրորդ կիսամյակում կենտրոնանաս այն առարկաների վրա, որոնք քեզ պետք են։ Սա նշանակում է, որ հունվարից անցնում ես միայն հայոց լեզու, գրականություն և որևէ օտար լեզու։ Դրանցից էլ քննություն կհանձնես հունիսին։ Լավ է, չէ՞, որ մաթեմատիկա էլ չենք անցնի երկրորդ կիսամյակից, բայց մի բայց կա։ Անընդհատ փորձում ենք հասկանալ թե ի՞նչ իմաստ ունի մաթեմատիկա առարկան կես կիսամյակ անցնելը, այն էլ 12-ի լեզվաբանական հոսքում։

Դե մնացած հոսքերի մասին էլ հերթով չպատմեմ։ Ում ինչ պետք չէ` կհանձնի դեկտեմբերի վերջին, ինչ պետք է՝ հունիսին։

Ընդհանուր հոսքի աշակերտներն էլ բոլորը հունիսին կհանձնեն, որովհետև ըստ ավագ դպրոցի կանոնադրության, այդ աշակերտները չեն պատրաստվում պետական բուհեր ընդունվել։

Բայց չէ՞ որ գյուղերում էլ շատ երեխաներ կան և նրանք էլ են ցանկանում ընդունվել։ Եվ բնականաբար ընդունվում են, ինչ անենք, թե ընդհանուր հոսք են։

Մի շատ հետաքրքիր փաստ ևս։ Ֆիզկուլտուրա առարկան այս կիսամյակով ավարտում ենք, բայց արի ու տես, որ մայիսին ֆիզկուլտուրայից քննություն ենք հանձնելու։

Այս ամենի մասին գրելիս ինքս էլ եմ փորձում հասկանալ` ինչ եմ գրում, որովհետև այս ամենը ուղղակի շիլաշփոթ է։ Երբեք չես կարող ավագ դպրոցի վերաբերյալ ինչ-որ հստակ բան ասել։

Միակ հստակ բանը այն է, որ ավագ դպրոցը ժամանակի կորուստ է։ Ժամանակի կորուստ է, ոչ թե ուսուցիչների կամ աշակերտների պատճառով, այլ բուն կրթական համակարգի։ Տարբեր դասագրքեր կան սովորելու համար, տարբեր շտեմարաններ, տարբեր ուսուցիչներ են դասավանդում, տարբեր կրկնուսույցներ։

Եթե երեխան գնում է կրկնուսույցի մոտ պարապելու, նրա ինչի՞ն է պետք ավագ դպրոցը։ Իսկ եթե դպրոցը այսպիսի խառը վիճակում չլիներ, նորմալ ծրագիր ունենար, ու երեխաները սովորեին` ինչ իրենց պետք է, ապա էլ առանձին չէին պարապի։ Եթե ուսուցիչները գնահատված լինեին իրենց աշխատանքի համար և նորմալ վարձատրվեին, ապա առանձին պարապմունքներ չէին անցկացնի։

Այս ամենը գալիս է վատ կրթական համակարգից և անընդհատ կատարվող փոփոխություններից։ Ավագ դպրոցը այսօր փորձադաշտ է դարձել։ Տարբեր փորձեր են իրականացվում, բայց ցավոք, ոչ մեկն էլ օգուտ չեն տալիս։

Հ. Գ. Հաջողություն բոլոր նրանց, ովքեր քննություն են հանձնելու։ Պի՛նդ մնացեք։