SvetlanaDavtyan

Մի քանի օր առաջ մեր մեջ չկար այսքան սեր դեպի կյանքը

It’s true we’ll make a better day, just you and me․

Իսկական ժամանակն է տանը նստելու ու Մայքլ Ջեքսոնի «we are the world» երգը լսելու համար: Բայց գիտեմ, որ եթե ուսանող ես ու քո համալսարանն էլ է որդեգրել հեռավար ուսուցման ծրագիրը, ուրեմն հաստատ շատ ազատ ժամանակ չունես երգ լսելու, քանի որ պետք է գլուխ հանես գլխիդ կուտակված հանձնարարություններից (բայց եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ ինձ շատ էլ դուր է գալիս տանից դասին մասնակցելը, շատ ծիծաղելի պահեր կան դրա մեջ):

Այո-այո, դու շատ ճիշտ հասկացար, ես չեմ եկել քեզ երգերի, ֆիլմերի կամ այլ զբաղմունքների ցանկ առաջարկելու ու ոչ էլ խոսելու տանը փակված մնալու լավ կամ վատ կողմերի մասին, քանի որ ընկերներս արդեն լավ խորհուրդներ հասցրել են տալ, նույնիսկ հղումներ անել:

Իհարկե, այս պայմաններում ուրիշ թեմայից նույնպես չեմ կարող խոսել, բայց ուզում եմ մի փոքր այլ տեսանկյունից նայել այսպես կոչված «խնդրին» ու կիսվել իմ բացահայտումով:

Դուք՝ չգիտեմ ինչպես, բայց ես վերջին շաբաթներին ինձ համար նոր կողմից բացահայտեցի մարդկանց: Փաստորեն բոլորի մեջ կա լույսի կտոր, շատ ուժ, անսահման հավատ առ Աստված, օգնելու մեծ ցանկություն:

Թվում է՝ եկել է մի պահ, որ մարդիկ տարբերություն չեն դնում՝ հայ է հիվանդացողը, թուրք, թե իտալացի: Հավասարապես բոլորի համար անհանգստանում են ու ի սրտե առողջություն ցանկանում: Առողջացողների համար էլ անկեղծ ուրախանում:

Թվում է՝ եկել է մի պահ, երբ մարդիկ սկսել են չբողոքել, (կամ գոնե քիչ են բողոքում, որ խանութում կիտրոնը վերջացել է), ու սա ցուրտ ու մութ տարիները չեն, այլ անսահմանափակ տեխնիկայի հնարավորությունների ժամանակաշրջան, ինչը հեշտացնում է մեր աշխատանքը: Ամեն դեպքում տատիկ-պապիկները այլևս չեն ասում՝ ինչ կա այդ հեռախոսի մեջ, դուրս արի, այլ ասում են.

-Հը՞ն, մի հատ նայի նորություն չկա՞, ի՞նչ են ասում:

Ու վերջապես, եթե տանը փակված չմնայինք, չէինք կարոտի փողոցներով ընկերների հետ ժամերով քայլելը: Ու դրա շնորհիվ մենք վերջապես սովորեցինք գնահատել ու մեզ երջանիկ զգալ առաջին հայացքից փոքր թվացող, բայց այդքան էական կյանքի պահերից:

Համոզված եմ, որ վանդակից դուրս գալուց հետո կյանքին լրիվ այլ կերպ ենք նայելու ու ավանդության համաձայն՝ լավատեսական նոտայով ավարտելով ասում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, եթե մեր բոլոր քայլերն ուղղենք աշխարհն ավելի լավը դարձնելուն: