Anna Andreasyan

Մի քիչ էլ եղանակից

-Բա եղանակը ո՞նց ա։

-Եղանակը… Եսիմ, չգիտեմ, մամ։

-Ո՞նց, այդտեղ ես ապրում ու չգիտե՞ս։

Ինչպես գիտես կամ գուցե և չգիտես՝ ես ապրում եմ Այովա նահանգում։ Ուրեմն բացատրեմ. դպրոցում օդորակիչ է միացված ամբողջ օրը, նույնը՝ տանը, մեքենայում։ Իսկ այստեղ մեզ պես քայլելով ինչ-որ տեղ չեն գնում, ամբողջ օրը միայն վարում են։ Չես հավատա, բայց նույնիսկ կողքի փողոց գնալու համար վարում են։ Այնպես որ, ես եղանակը զգալու հնարավորություն ունենում եմ մեքենայից տուն կամ տնից մեքենա կարճ ճանապարհին։ Ու եթե քո հարցին՝ ինչպիսին է այստեղի եղանակը, ասեմ՝ չգիտեմ, չզարմանաս։ Չնայած՝ անհոգ եղիր, արդեն ուշադրություն եմ դարձնում դրան և դուրս եմ գնում՝ հատուկ եղանակը ստուգելու։

Բայց եղանակի հետ կապված պատմությունս չվերջացավ։ Ինչքան էլ քիչ եմ տեղյակ եղանակից, բնականաբար, չեմ կարող չնկատել կտրուկ փոփոխությունները։ Այստեղ եղանակը շատ փոփոխական է։ Քեզ համար հանգիստ նստած ես ու հանկարծ վեր ես թռչում ամպրոպից։ Շատ հաճախ են կայծակ և հորդառատ անձրևներ լինում, բայց մի մտածիր, տաք ու արևոտ օրեր էլ են լինում, ես կասեի՝ շատ շոգ, բայց դա առանձնապես չես էլ զգում, եթե, իհարկե, դրսում չես։ Մի խոսքով՝ եղանակը իր բազմազան դրսևորումներով իմ նահանգում է։

Բայց սա էլ դեռ պատմության վերջը չէ։ Հիմա ընդհանուր պատկերացում ունես եղանակի մասին, այնպես որ կարող եմ անցնել բուն ասելիքիս։ Մտնում ես դպրոց ու կարող ես կողք կողքի տեսնել ամառային հողաթափերով ու շորտերով մեկին և վերարկու հագած մյուսին։ Հայաստանում եթե ցուրտ է, բոլորս տաք ենք հագնվում, իսկ եթե շոգ է՝ թեթև։ Պարզ ու հասարակ։ Իսկ այստեղ օդորակիչների պատճառով կամ շնորհիվ (նայած՝ ում համար) եղանակը առանձնապես չի ազդում հագնվելուդ վրա։ Ընդհակառակը, եթե դրսում շոգ է, խորհուրդ կտամ շատ տաք հագնվել, որովհետև հենց նստեցիր ավտոմեքենա, մտար տուն կամ դպրոց, մրսելու ես։ Նայում ես՝ դրսում արև է, իսկ ներսում ձմեռային եղանակ են ստեղծում։ Իսկ երբ ցուրտ է, պետք է շատ թեթև հագնվես, որովհետև ներսում ամառ է դառնում։

Երբ ասում ես Ամերիկա, պատկերացրու մի հսկայական բազմազանություն ու այնպիսի անսովոր բաներ, որ անսովոր է պատկերացնելը։