amalya harutyunyan

Մի քիչ «չկրթական» համակարգից

Երբ ընդունելության քննություններ էի տալիս, բոլորի՝ «չես կարող»-ներին հակառակ առավելագույն միավոր ստացա:

Ես երազում էի համալսարանի մասին, գեղեցիկ սպասելիքներ գծում: Մտածում էի` կգնամ համալսարան ու էստեղ էլ հնարավորություններիս թերագնահատում չի լինի:

Առաջին անգամ հասկացա, որ մեծ սպասումներ ունեմ, երբ համակարգչային հմտությունների դասին. «Կարո՞ղ եմ ես քիչ անել, տեսողության հետ խնդիր ունեմ», խնդրանքիս դասախոսս պատասխանեց. «Էնպես անեիր՝ չունենայիր, ուրեմն, քննությանն էլ խնդիր կունենաս»:

Ու չնայած էսպիսի դեպքերն ինձ հետ շատ էին, ես շարունակում էի սովորել: Շարունակում էի, քանի որ հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում ու ինչ եմ տանելու համալսարանից: Որոշել էի ցույց տալ, որ ինձ երբեք ոչինչ չի խանգարի: Միջանկյալին, երբ առավելագույն 5-ից 5 էի ստացել, դասախոսս նայեց աչքերիս մեջ, ձեռքը բռունցք դարձրեց ու ասաց` «դուխով»: Սա բավական էր ինձ նորից առաջ գնալու ու հավատալու ինքս ինձ: Հետո ինչ լինում էր, հիշում էի էդ պահն ու նորից սկսում պայքարել:

Կիսամյակը ավարտեցի բավականին բարձր միավորներով: Սակայն բանավոր քննությունների ժամանակ փոխանակ տոմսիս հարցերը տային, լսում էի «Մեղք ես, 14 դնե՞մ, գնաս», «Բա սովորելը բարդ չի՞» արտահայտությունները:

Հա, բարդ է, երբեմն շատ: Բայց ես սովորում եմ, չէ՞: Ինչի՞ համար են տվյալ հարցերը: Ամեն անգամ, երբ դու իրոք ուզում ես սովորել, քեզ կոտրում են, խղճում, ասում, որ չես կարող, հավատացնում, որ կրթական համակարգը քեզ համար չէ:

Էս ամենն ինձ չխանգարեց, որ սովորեմ 2-րդ կիսամյակում, բայց լսել «Եթե նորմալ չի ամեն ինչ հետդ, եթե չես կարողանալու, ինչի՞ ես եկել» արտահայտությունը, մի քիչ շատ նյարդայնացնող էր:

Ու էդպես միշտ է: Դասախոսդ նայում է աչքերիդ մեջ ու հավատացնում, որ ներառում չկա, որ «աննորմալները առանձին պետք է սովորեն» էն դեպքում, որ իրենք ոչինչ չեն փորձել անել, երբ իրենք ոչ մի մատչելի դասախոսություն, գրականություն չեն տրամադրում, երբ մոնիտորները ամենաանհարմարն են, սլայդները` ամենափոքր տառաչափով, նյութերը` համարյա չերևացող տառերով, իրենք համարձակվում են էդպիսի հայտարարություններ անել:

Իրենք համարձակվում են էդպիսի բան ասել, երբ ոչ մի հարմարություն ու մատչելիություն չկա թե շարժողական, թե լսողական, և թե տեսողական խնդիրներ ունեցողների համար: Չկան թեքահարթակներ, հարմար լսարաններ ու նստարաններ, տեխնոլոգիաներ ու միջոցներ, չկան մարդիկ, ովքեր առաջնային պետք է ստեղծեն ներառումը:

Բայց համարձակվում են վիրավորական խոսքեր ասել ու այն դեպքում, երբ քննարկումների ժամանակ բարձրացված մատչելիության հարցին միակ ներկայացուցչական ուսանողական կառույցը ասում է, որ ինքը պարտավոր չի լուծել այդ խնդիրը, որ ինքը չի կարող այդքան բան անել 30 հոգու համար, որ դա առաջնային խնդիր չէ:

Իսկ 2005թ.-ին Հայաստանը միացել է Բոլոնյան համակարգին, ստորագրել համաձայնագիրը, ըստ որի կրթությունը պիտի բոլորի համար լինի, մատչելի լինի անկախ ամեն ինչից, անկախ տվյալ մարդկանց քիչ քանակից:

2010թ.-ին էլ Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների կոնվենցիան, որտեղ նշվում է, որ բոլորը հավասար են և բոլորը ունեն կրթության իրավունք:

Բայց մինչ այժմ այս երկու փաստաթղթերից ոչ մեկը չի վերածվել թղթից գործի, և դեռ հակառակը` մարդկանց կարծիքը հարում է խտրականությանը:

Ու այսքանից հետո համարձակվում են հարցնել, թե ինչի եմ եկել:

Հա, ես հաճախ եմ մտածում, թե ինչի եմ եկել համալսարան, բայց ոչ նրա համար, որ չեմ կարողանում սովորել, այլ նրա համար, որ չգիտեմ` ինչ եմ ստանալու էստեղ, կրթությո՞ւն, թե՞ խղճահարության խոսքեր ու վիրավորանք: