Anahit Badalyan

Մի քիչ տխուր

Զարմանալու չափ հետաքրքիր է, որ արևոտ, անձրևոտ, քամոտ, ցուրտ ու տաք օրերը կարող են ինչ-որ պահի լրիվ նույն գույնն ունենալ։ Ինչ-որ ժամանակ կարող է մեկ լինել՝ ինչ եղանակ է դրսում ու ինչ եղանակ է լինելու վաղը։ Կարող է մեկ դառնալ՝ ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է, ամռանից քանի օր է անցել ու քանի օր է մնացել աշնանը։ Էս տարի բոլոր եղանակներն են աշուն թվում՝ խոնավ, սառը։ Տերևներ չկան, չկա և անձրև, ծառուղիներում տերևաթափ չկա, ուստի և լսել չի լինի «Մեր սիրո աշունը»․․․ Թերևս աշնան լավագույն պարգևները չկան, բայց թվում է՝ աշուն է՝ բնավորության իր ամենատհաճ գծերով։

Տարվա մյուս եղանակների վերադարձին սպասում ենք ես, վերարկուներս ու լողազգեստներս։ Սպասում ենք, բայց ոչ անհամբեր։ Որովհետև անհամբերությունը վաղուց լքել է մեզ, ճիշտ էնպես, ոնց սրտի թրթիռը։ Բայց մենք համբերատար էլ չենք։ Մենք ուղղակի սպասում ենք։ Սպասում ենք, որովհետև մեծ հաշվով ուրիշ տարբերակ չկա։ Ինքներս էլ մեծ հաշվով թքած ունենք՝ որքանով ենք համբերատար կամ անհամբեր, մեծ հաշվով կարևոր էլ չէ, մեծ հաշվով դա ոչինչ չի փոխելու։

Կյանքի նման ոչ խոստումնալից շրջաններին ամենքը տարբեր վարվելակերպ են դրսևորում։ Մեկը փորձում է իմաստ փնտրել այն ամենի մեջ, ինչ նախկինում անիմաստ էր թվում, մյուսը սկսում է անիմաստ համարել նախկինում խորիմաստ թվացող շատ բաներ, մեկը հոգնում է, մյուսը՝ օգտագործում ժամանակը հանգստանալու համար, մեկը սկսում է դիետիկ աղցաններ և ուտեստներ պատրաստել, մյուսն ուղղակի սկսում է ուտել նախատեսվածից ավելի շատ, մեկը սկսում է գրքեր ընթերցել, մյուսը գիրք ընթերցելու ցանկությամբ էլի մի անգամ հիասթափվում է ներկայից, որովհետև գիտակցում է՝ գրադարաններն անգամ փակ են։ Մեկը սկսում է ավելի հաճախ զանգել հին մտերիմներին, մյուսն ուղղակի դառնում է անհասանելի, մեկը լավ ֆիլմեր է գտնում, մյուսը՝ խորհուրդ տալիս այդ ֆիլմերն ու գիտակցում, որ ինքն արդեն դիտել է դրանք։ Մեկը պոզիտիվ է, մյուսը՝ ոչ այդքան, մեկն ուղղակի նեյտրալ դիրք բռնելու համար է ծնվել, ենթադրյալ որոշում չկայացնողներից է, այնինչ խելամիտ որոշում է նաև նեյտրալ լինելը․ խելամիտ ու հաճախ դժվար։

Էսպես տարբեր կյանքեր շարունակվում են տարբեր ուղիներով։ Գոյությունը շարունակվում է, կյանքը՝ ասում են՝ ևս։ Շարունակվում է գրեթե ամեն բան՝ կիսատված ժպիտների, չկայացած գրկախառնությունների, միասին չխմած թեյերի, իրար ժպիտները դիմակների հետևից պատկերացնելու ու իրար ներկա բացակայությանը համակերպվելու գնով։ Փոքրիկ Իշխանը մի բան գիտեր․ մենք բոլորս էլ ի վերջո մի օր մխիթարվում ենք․․․ Մեզ երևի մխիթարում է հետզհետե համակերպվելու այս անգույն, անձև ու մեր կամքով չընտրված տարբերակը․․․ Երևի․․․