shushan stepanyan portret

Մի քիչ փոխվել է ամեն ինչ, համամիտ չե՞ք

Վերջերս ավելի հաճախ եմ սրտնեղում ու շուրջս կատարվող ամեն բան ավելի խորը վերլուծում: Մեկ մտածում եմ. պե՞տք էր արդյոք այդքան մտքերի մեջ ընկնել ուրիշների արած-չարածների համար. վերջիվերջո ամեն մարդ ինքն է իր արարքների համար պատասխանատու, ինձ ինչ: Մեկ-մեկ էլ, ախր, ուղղակի չեմ կարողանում շրջանցել ինչ-որ նկատելի մի բան, ու աընդհատ մտքումս վերլուծում եմ: Մի քանի բան կա, որ իրոք, տանել չեմ կարողանում, ու չեմ էլ կարողանում ըմբռնել:

Զգացել եմ, թե ինչքան են մարդիկ դարձել պիտակամոլ, բրենդի հետևից վազող: Ամեն ինչ անում են, մենակ թե իրենց հագածի պիտակն երևա, գինը իմացվի: Նման մարդկանց հետ որ մի քիչ երկար ես շփվում, հասկանում ես, որ իրենք ավելի էժան են, քան այն շորերը, որ կրում են:

Տխրում եմ, գիտե՞ք:  Ու, իմիջիայլոց, ասեմ՝ շատ պարտադիր է, որ ինչ-որ առնում են, լավ տոպրակով տան, որ հետո տոպրակը ձեռքներից ցած չդնեն: Կարևորը ոչ այդքան հագուստն է, գնված իրը, քան անունն ու տոպրակը: Մի տետր, մի անկապ բան դնեն մեջն, ու բոլորը տեսնեն, որ այդ խանութից օգտվել են: Ամբողջ մի ամիս կտանջվեն-կաշխատեն, մի հարյուր հազար աշխատավարձ կստանան, կգնան մեկ էլ մի հիսուն հազարանոց ժամացույց կառնեն (դե քանի որ հիմա շատ ակտուլ է դա), կհագնեն արդեն մաշված մի տաբատ, կոշկակարի կարիք ունեցող մի  կոշիկ, բայց կարևորը, հիսուն հազարանոց ժամացույց կկրեն: Դե,  համ էլ անցած տարվանից օգտագործված տոպրակն արդեն մաշվել է, փոխել էր պետք: Ու կարևոր էլ չէ, որ տանը ավելի կարևոր ու անհրաժեշտ ծախսեր կային, քան ժամացույց առնելը: Խնդիրը մոդային համահունչ լինելն է, թեկուզ կյանքի գնով:

Մի ժամացույց ունեմ, որ ծննդյանս օրն եմ նվեր ստացել, ու պատկերացրեք, որ ոչ սիրուն տոպրակով էր, ոչ էլ սիրուն տուփով, բայց ես հենց առաջին պահից շատ հավանել եմ ու միշտ ձեռքիս է: Ամեն անգամ կրելիս ինձ հարցնում են՝ ի՞նչ բրենդ է: Ես պատասխանում եմ, որ շատ թանկ մարդուց ծննդյանս նվեր է, որովհետև, իսկապես, անունն անգամ չեմ նայել: Հետո, իհարկե, իմացա ժամացույցիս ինքնությունը զուտ նրա համար, որ պատասխան ունենամ: Բայց տխուր է, չէ՞. ես ոչ բրենդի անունը գիտեմ, ոչ էլ գոնե տոպրակն ունեմ որպես ապացույց: Վիճակս ծանր է:  Մի քիչ կոպիտ համեմատություն անեմ. սիրել ու հագնել հագուստ նրա համար մենակ, որ ինչ-որ հայտնի բրենդից է, նույնն է, որ մարդուն սիրեք իր անվան կամ իր սիրուն հեռախոսի համար:

Մեկ էլ մտածում եմ, որ եթե սրճարաններն ու ժամանցի վայրերը սկսեն արգելել check in անելը, հաստատ հաճախորդների զգալի տոկոս կկորցնեն: Էլ ո՞ւմ է պետք գնալ մի տեղ, որ ոչ մեկը չի իմանալու, որ նկարի մեջ չեն կարողանալու նշել: Էլ չեն կարողանալու իդեալական ու գերբարեկեցիկ կյանքի պատկեր ստեղծել սոցիալական ցանցերում:

Մի տեսակ, շատ ջղայնացած նյութ ստացվեց, ու գիտեմ՝ հեչ, իմ գործը չէ, թե ով ինչ կանի: Բայց կարևորը, սրտինս ասացի. եթե չգրեի, էլի պիտի օրերով տանջվեի:

Որպես վերջաբան այս կարճ նյութիս՝ մի պարզ ու հասարակ բան  կասեմ. ամենաարժեքավոր ու երբեք մոդայից դուրս չեկող պիտակը  ձեր ներսում պիտի փակցված լինի՝ մարդ: Ու հավատացեք, ինքը միշտ մոդայիկ է, ակտուալ: