nelli miskaryan

Մի օր կգտնես չորացրածդ հիշողությունը

Մի օր՝ հավանածդ գիրքը վերընթերցելիս, կգտնես նրանում չորացրածդ ծաղիկն ու կհիշես ողջ պատահածը։ Կհիշես, թե ինչպես գտաք այն, թե ինչպես վերցրեց, դրեց մազերումդ, նայեց քեզ ու ժպտաց։ Կհիշես, թե ինչպես խնամքով տուն բերեցիր այն, տանեցիներին խիստ տոնով ասացիր, որ ձեռք չտան, ու պահեցիր ամենահարազատ գրքումդ…

Զարմանալի բան է՝ մի ծաղիկը ունակ է մի ողջ պատմություն իր մեջ պահել։ Եվ հավանաբար հենց իրենք էլ ամենաերջանիկն են կյանքում… Որքա՜ն պատմությունների են ականատես եղել…

Բայց գիտե՞ք՝ նույն ունակությունը երգերն էլ ունեն։ Պատահել է, չէ՞, որ մի երգ գտնեք, որը երկար ժամանակ չէիք լսել, ու հիշեք ամեն բան՝ որոշակի ժամանակի հետ կապված։

Իսկ ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ բոլոր երգերն էլ ժամանակին չորացված ծաղիկներ են եղել։