Մի 57-ի պատմություն

Երկուշաբթի

«Երկուշաբթի օրերը երթուղայինում քիչ մարդ ա լինում»,- մի անգամ ասաց մայրիկս, թե ինչու` չգիտեմ և երբեք էլ չեմ իմանա, որովհետև ոչ մի անգամ չեմ տեսել, որ երկուշաբթի օրը երթուղայինում քիչ մարդ լինի: Բայց, այնուամենայնիվ, ամեն երկուշաբթի ինձ հույս եմ տալիս: Արդեն ութն անց ինը րոպե էր, և ես շնչակտուր վազում էի կանգառ: 57-ս անց տասը պետք է գար: Եկել է, թե ոչ, ես իմանում եմ մինչ կանգառ հասնելը: Ամեն առավոտ, ուղիղ ութն անց ութ րոպե կանգառ է ժամանում սև շորերով մի երիտասարդ, որը ժամացույցից էլ ճշտապահ է: Հեռվից նայում եմ, եթե երիտասարդը  կանգնած է, ուրեմն չեմ ուշացել, իսկ եթե նա չկա, ուրեմն անց տասի 57-ը անցել է: Ահա և նա: Ես ու սև կերպարանքով երիտասարդը մտնում ենք երթուղային: Գրողը տանի, ոնց եմ արդեն անգիր արել այս դեմքերը: Առաջինը տեսնում եմ «Հենզելին ու Գրետելին»: Որ այնքան գեղեցիկ երեխաները, որոնք սովորում են մեր դպրոցի կողքի դպրոցում, գերբնական ձևով նման են իրար, սակայն երևում է, որ տղան մի քիչ ավելի մեծ է: Աղջիկը, որ չգիտեմ ինչու, մտածում եմ անունը Լիլիթ է, բացարձակապես զուրկ է դաստիարակությունից: Միշտ ինչ-որ հրաշքով նստած է լինում և երբեք որ մեկին տեղ չի տալիս: Ինձ թվում է, նրան մոռացել են սովորեցնել, որ մեծերին պետք է տեղ զիջել: Բայց եղբայրը լավն է, միշտ բոլորին տեղ է զիջում, անգամ ինձ: Պատուհանի մոտ ինչպես միշտ նստած է գեղեցիկ հագնված կինը, ես նրան մտքումս «գլամուրիկ» եմ անվանում: Նա ավելի գեղեցիկ կերևար, եթե դեմքի արտահայտությունը գոնե մի քիչ համապատասխաներ գեղեցիկ հագուստներին ու զարդերին:

Երեքշաբթի

Այս օրերին ուղեղս զարմանալիորեն չի տեսնում ոչ մեկին: Ես ոչինչ չեմ մտածում, ոչ մեկին մտքումս չեմ ծաղրում և անուններ չեմ կպցնում: Առաջին ժամը գրականություն է… Ես միայն լսում եմ ականջակալներումս հնչող երաժշտությունը: Ուղեղս անջատված է և մտածում է միայն չուշանալու մասին: Առաջին ժամը գրականություն է…

Չորեքշաբթի

Սևազգեստ արարածը իր տեղում է: Չեմ ուշացել: Գրետելը այսօր բացակայում է, բայց Հենզելը տեղում է: Օ~, հրաշք, վերջում ազատ տեղ կա: Ես շտապեցի այնտեղ և նստեցի 57-ի ուղևորներից իմ ամենասիրելիի կողքը: Ես նրան անվանում եմ «լավ կին», նա շատ բարի դեմք ունի և միշտ վերցնում է պայուսակս, երբ ես կանգնած եմ լինում: Առաջին շրջադարձից հետո 57 է բարձրանում արքայական տոհմից սերող երիտասարդ մայրիկը`իր բացարձակապես ոչ մի բան չարտահայտող և չհասկացող դեմքի արտահայտությամբ երեխայի հետ: Ես նրանց անվանում եմ «Ձերդ մեծությունն իր կարտոֆիլի հետ»: Վեհ և վսեմ այս թագուհին ինչ-որ հրաշքով հայտնվել է մեր օրերում, և մենք բոլորս մոռացել ենք, որ նա մեր թագուհին է և բոլորս պարտք ենք նրան: Անգամ չենք խոնարհվում, պատկերացնո՞ւմ եք: Ես մեկ-մեկ խղճում եմ նրա «կարտոֆիլին»: Երևի հետագայում բանակ էլ մայրիկի ձեռքը պիտի բռնած գնա: Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրի արքայական այս ընտանիքը, եթե թագուհին ամեն անգամ կռիվ չփնտրեր: Նա մի անգամ կարողացել է կռվել անգամ 57-ի ամենահանդուրժող և դինջ ուղևորի` այսինքն ինձ հետ: Ինձ թվում է մեր ամբողջ 57-ի անձնակազմը վարորդի հետ միասին ատում է նրան: Ահա և երկրորդ շրջադարձը: Ես այստեղ աչքերով փնտրում եմ ընկերուհուս, բայց նա, իհարկե, ինձնից շուտ է դուրս եկել: Այս կանգառում երթուղային է բարձրանում «Божий одуванчик»-ը: Նա շատ բարի և միամիտ  դեմքով կին է և միշտ «անտիկվար» վերարկուներ է հագնում: Ես ուզում եմ նրան զիջել տեղս, բայց չեմ զիջում, որովհետև մի անգամ, երբ կանգնեցի, խեղճ կինը մինչև հասկացավ, որ իրեն տեղս եմ զիջում, այնտեղ նստեց «թագուհին»: Ես, իհարկե, այրվում էի կոշիկիս համարը նրա դեմքին տպելու ցանկությունից, բայց զսպեցի ինձ, որովհետև գիտեի, որ մյուս կանգառում իջնելու է: Այս կանգառում նա մարտնչում է իր հեռախոսի հետ և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ սենսորային հեռախոսը ձեռնոցով չի աշխատում: Մյուս կանգառն իմ ամենասիրելին է: Այստեղ մենք ազատվում ենք թագուհուց և արքայական կարտոֆիլից: Երթուղային է բարձրանում մեկ այլ հրաշք` իմ «սիրելի» «հուրի-փերին»: Նա իր գոտկատեղից ներքև ձգվող շագանակագույնի ոչ այնքան հաճելի երանգ ունեցող մազերը կամ շատ հարթեցնում է, կամ ալիքաձև դարձնում, բայց երբեք չի հավաքում: Նրան միշտ տեղ են տալիս, երևի վախենում են, որ կանգնած մնալով գլուխը հանկարծակի արագ կթեքի և իր մազերով խեղդամահ կանի միանգամից մի քանի հոգու: Նա իր անիմաստ ժպիտով նստում և նայում է բոլորին:

Հինգշաբթի

Օ~, ոչ… Սևազգեստ ավետաբերս տեղում չէ: Ես բաց եմ թողել անց տասի 57-ը: Այսօր չեմ տեսնի իմ «սիրելիներին»: Ինչպես ապրեմ այսօր: Բայց Հենզելն ու Գրետելը հաստատ 57-ում կլինեն: Մենք ինչ-ոչ հրաշքով նույն օրերին ենք շուտ դուրս գալիս, կամ ուշանում: Ճակատագիր է, չես փախչի:

Ուրբաթ

Սևը տեղում է: Ինչ լավ է, չեմ ուշացել, թե չէ կարոտին չէի դիմանա: Այո~, վերջապես նա եկավ, ինչպե~ս էի կարոտել: Արքայական բանջարեղենի իջնելու կանգառում բարձրանում է մի նիհարիկ աղջիկ: Նա միշտ սև է հագնվում և շատ էլեգնատ գլխարկներ է դնում: Ու շատ հաճելի և դրական աղջիկ է: Եթե անկեղծ, ես նրան շատ եմ սիրում:

Օ~, ոչ… Կանգառն անցանք, իսկ Հուրի-Փերին չեկավ… Իսկ ես արդեն ուզում էի հաճոյախոսել նրան իր չքնաղ վարսերի համար: Հաջորդ կանգառում մեզ է միանում իմ սիրելիների շարքից ևս մեկը: Նա բարի տղամարդ է և միշտ տեղ է տալիս բոլոր կանանց և աղջիկներին: Սիրում եմ նրան, թող որ բոլոր տղամարդիկ այդպիսին լինեն: Գոնե 57-ում:

Մյուս կանգառում կանգնած չի կողմնորոշվում մեր դպրոցից մի աղջիկ: Նրան այնքան եմ նմանեցնում ինձ: Երբ բարձրանում է, կամ դուռը չի փակվում, կամ պայուսակն է ընկնում, կամ վարորդը արագ թափ է առնում, և նա ընկնում է: Բայց հիմնականում կանգառում կանգնած մի քայլ առաջ մի քայլ հետ պարում է. չի կարողանում որոշել` գա, թե սպասի 12 ավտոբուսին: Նա չեկավ: Գնացինք առաջ: Քանի որ իմ դպրոցից քիչ հեռու 57-ի վերջին կանգառն է, հետագայում այլևս շատ մարդ չի բարձրանում:

Ես գնահատում եմ շանսերս: «Էն աղջիկը չեկավ, «Առյուծիկը» չկա…»: Ուրեմն հնարավոր է իմ ասելով վարորդը չկանգնի: Քիչ էր մնում մոռանայի, «Առյուծիկը» մեր դպրոցում է աշխատում, երևի ուսուցչուհի է, չգիտեմ: Մեր դպրոցը շատ մեծ է, և հնարավոր է շատերին չճանաչել: Նրա մազերը հետաքրքիր ձևով ցցվում են և հենց առյուծի մորթու գույն ունեն, դրա համար էլ ես նրան «Առյուծիկ» եմ ասում:

-Կանգառում կկանգնեք,- պահանջում եմ ես:

-«Սիթիի» մոտ կկանգնես,- հետևից հրամայում է տղամարդու ձայն:

Եվ, քանի որ «Երևան Սիթի» սուպերմարկետը կանգառից վերև է, վարորդը չի կանգնում, և ստիպված ես էլ եմ իջնում «Սիթիի» մոտ և ոտքով գնում դասի: Դե, իսկ ճանապարհին մտքումս բողոքում եմ վարորդներից, 57-երից, «Սիթին» կառուցողներից, ընդհանրապես ավագ դպրոցներից և ամբողջ-ամբողջ աշխարհից: