Մխոն բանակ վազելով գնաց

Սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը դեռ շատերը պետք է լսեին, սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը հիմա ու հավերժ լսվելու է…

Սա պատմություն է մեր Մխոյի մասին: Իրեն ճանաչող մարդկանց սրտում ինքը միշտ մնաց «մեր Մխո» անունով, որովհետև իր տեսակով արդեն ավելի քան ՄԵՐ-ն էր:

18 տարեկան Մխոն` Մխիթար Գրիգորյանը, կրկնակի 18 տարիների կյանք ունեցավ, ու նույնիսկ անծանոթները զարմանում էին, թե 18 տարեկանում ոնց կարելի է այդքան հասուն, միաժամանակ, զուսպ ու հավասարակշռված լինել: Այո, նա արդեն իսկ ծնվել էր այդպիսին:

Մխոն ու իր սիրելի սպորտը 18 տարի կողք կողքի քայլեցին, կողք կողքի մեծացան այն հույսով, որ մի օր միասին աշխարհի ամենահայտնի ռինգերում հնչելու է իր անունը, հնչելու է բարձր, շատ բարձր, որ նույնիսկ սիրելի քաղաքի՝ Էջմիածնի ամենախուլ անկյուններում լսելի լինի։

Իսկ Մխոն բանակ վազելով գնաց…

Նա թողեց ռինգը ու իր այդքան պաշտելի սպորտը, պայմանով, որ գալու է, որովհետև աշխարհի չեմպիոնի կոչումը դեռ իրեն էր սպասում (ու հավերժ է սպասելու):

Իսկ մենք իրեն սպասեցինք, ու պատրաստ էինք հավերժ սպասել, միայն թե վերադառնար: Ախր, ռինգում ամբողջ կյանքում պարտություն չտեսածը կռվում չէր ընկնի, ու որովհետև իր անունը դեռ պետք է հնչեր, շատ բարձր հնչեր…

Մինչդեռ թաղի ոչ մի կռիվ բաց չթողած Մխոն իրական կռվից երբեք չէր փախչի:

Մինչդեռ ամենից առաջ ընկերության կենացը խմող Մխոն վիրավոր ընկերոջը մարտի դաշտում մենակ չէր թողնի:

Մինչդեռ իր ու մեր սպասված աշխարհի չեմպիոնի կոչումը որոշեց փոխարինել Հերոսի կոչմամբ, որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Այս փոքր երկրի ամեն անկյունում, ինչպես և Էջմիածնում, դեռ պիտի ծնվեն ու ապրեն անվախ ու քաջ տղաներ, թիկունք ու հույս աղջիկներ: Իրար հետ համերաշխ նրանց ընտանիքներում պիտի Մխոյի նման տղերք ծնվեն, ովքեր պատերազմի դեռ չհնչած զորակոչին սահման վազելը հերթական կատակ համարեն:

Մխոյի նման տղերք, ովքեր ծնվեցին ու դեռ դարեր շարունակ ծնվելու են, քանի որ Մխոն թողել ամեն ինչ ու  վազել էր բանակ, որ իր եղբայրների տղաները մի օր իր նման դառնան չեմպիոններ:

Որ մի օր էլի իր սիրելի մարզասրահը մարզիկներով ու ամուր տղերքով լցվի: Մխոն ռինգից սահման էր վազել, որ էլի ծնվեն, էլի շատանան, որ սահմանները էլ երբեք առաջ չգան։

Իսկ մենք՝ մենք ուղղակի չկորցրեցինք Մխոյին, աշխարհը կորցրեց իր չեմպիոնին, իսկ աշխարհի ամենահայտնի ռինգը հավերժ կսպասի իր ամենաուժեղ մարզիկին:

Իսկ աշխարհի բոլոր «տղայական կռիվներ» տեսած իր թաղը՝ հավերժ կսպասի երբեք ոչ մի կռիվ բաց չթողած տղային:

Իսկ ընկերության կենացը էլի խմելիս այս անգամ արդեն հավերժ մի անուն առաջինը կհնչի…

…Որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։